Լրահոս
Օրվա լրահոսը

Այլազգիներն ուզում են կրթվել իրենց լեզվով

Հոկտեմբեր 09,2003 00:00

Այլազգիներն ուզում են կրթվել իրենց լեզվով Ազգային ժողովում ընթացքի մեջ է «Ազգային փոքրամասնությունների մասին» ՀՀ օրինագծի մշակումը։ Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնն այդ առիթով սկսել է ազգային փոքրամասնությունների ինքնապահպանության խնդիրներին նվիրված քննարկումների շարք, որոնք, ի վերջո, կամփոփվեն ընդհանուր զեկույցով։ Երեկ «Հրազդան» հյուրանոցում քննարկվում էին կրթական եւ մշակութային երաշխիքներին առնչվող հարցերը։ Արագածոտնի մարզի Ամրե Թազա գյուղի ութամյա դպրոցի տնօրեն Միշա Մուրադյանի հետ զրույցից պարզվեց, որ եզդիական համայնքն առավելապես նեղվում է դասագրքերի հնությունից, ուսուցիչների քչությունից, կրթական ծրագրերում եզդերենի ուսուցման դասաժամերի բացակայությունից։ Նույն մարզի Ալագյազ գյուղի դպրոցի տնօրեն Ռոստոմ Ալոյանը լրացրեց նրա խոսքը, նշելով. «Մենք մարզի կրթության վարչության հետ ներքին պայմանավորվածությամբ շաբաթական 2 ժամ եզդերեն ենք պարապում այլ դասաժամերի հաշվին, գրքերը չեն վերատպվում արդեն 15-20 տարի, ստիպված քսերոքս ենք անում»։ Հրեական «Մորդեխայ Նավի» համայնքի նախագահ ռաբբի Գերշ Բուրշտեյնը կրթական ոլորտում առաջադրեց նույն խնդիրը՝ «լեզուն սովորեցնում են հին դասագրքերով, մեր լեզուն էլ է զարգացում ապրել, պետք չէ ուսուցանել մեռած լեզու»։ Նա անհանգստացած էր դպրոցական բարեփոխումների ծրագրից, որը «կարող է անբարենպաստ մթնոլորտ ստեղծել հատկապես այլազգի աշակերտների եւ ուսուցիչների ապագայի համար»: Ի դեպ, ռաբբին անհանգստացած էր նաեւ, որ «հրեաներին ու մասսոնիզմը փորձում են նույնացնել, այնինչ մասսոնիզմը գաղափարախոսություն է, որն ազգ չի ճանաչում, ինչպես ֆաշիզմը, կոմունիզմն ու ցանկացած այլ գաղափարախոսություն»։ Մեր հաջորդ զրուցակիցը՝ գերմանական համայնքի նախագահ Ալեքսանդր Յասկորսկին, բոլոր խնդիրների լուծումը տեսնում էր մի բանաձեւում. «Ազգային փոքրամասնության ներկայացուցիչները պետք է հնարավորություն ստանան ազատ ելումուտ անել իրենց էթնիկ հայրենիք, կրթվել, շփվել, աշխատել այնտեղ եւ այդ դեպքում Հայաստանի սոցիալական վիճակը ծանր չի անդրադառնա նրանց վրա ու չի ստիպի արտագաղթել»։ Ընդհանուր կարծիքով, Հայաստանում ապրող տարբեր ազգությունները չեն կարող երազել առանձին, միայն իրենց լեզվով դպրոց-մանկապարտեզ կամ էլ մշակույթի օջախ։ Բայց կրթական-մշակութային կյանքում մասնակի ակտիվություն ստեղծել ու ազգային ավանդույթներ պահպանելն անհրաժեշտ է։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել