Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրային զուգարանի փոխարեն

Հոկտեմբեր 10,2003 00:00

Հանրային զուգարանի փոխարեն 2000թ. օգոստոսի 14-ին քաղաքապետ Ալբերտ Բազեյանի թիվ 1006 որոշմամբ ազատության հրապարակին հարող այգու տարածքում գտնվող նախկին հասարակական զուգարանն իր հարակից տարածքով՝ 650 քմ., վարձակալության իրավունքով հատկացվել է «Ատլաս» ՍՊԸ-ին՝ «զուգարանը վերակառուցելու (ընդգծումը մերն է), հանգստի գոտի եւ բացօթյա սրճարան կազմակերպելու նպատակով»: Իհարկե, ոչ ոք չհետեւեց, որ այստեղ կառուցվի հանրային զուգարան մանավանդ, որ հանրային այգին, որպես այդպիսին այլեւս գոյություն չուներ: «Ատլաս» ՍՊԸ-ն այստեղ առայժմ կառուցել է «Astral club» սրճարանը: Թե ինչ է լինելու ստորգետնյա այդ կառույցի վերեւի մասում՝ անհայտ է, քանի որ հաստատված նախագիծն արդեն խախտվել է եւ նախատեսվածից բարձր պատեր են շարվում: Սրճարանաշինության զարգացումները, հնարավոր է, անկանխատեսելի ընթացք ստանան, եւ տերերը, ասենք, որոշեն սրճարանի վերեւի հարկում կառուցել իրենց առանձնատները: Իսկ այժմ ներկայացնենք, թե ինչու է այս ընկերությունն արժանացել նման ուշադրության: Ընկերության փայատերերն են ռամկավարներ Տիգրան Ղալումյանը եւ Արմեն Ստեփանյանը եւ, իհարկե, Կենտրոն համայնքի նախկին թաղապետ, ՀՀՇ-ի վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը: Ընդհանրապես, օպերայի հանրային այգում սրճարաններ կառուցելու թույլտվություն ստանալու համար իր եզրակացությունն է տվել Կենտրոն համայնքի ղեկավար Արարատ Զուրաբյանը: Եւ, բնականաբար, այդքան գործեր սարքող թաղապետն իր բաժինը պետք է ունենար: Սա միակ դեպքը չէ, որ Կենտրոնի թաղապետարանը ստացել է իր փայաբաժինը: Արարատ Զուրաբյանի հետ հանդիպելու մեր բոլոր ջանքերն իզուր էին: Նա այդպես էլ չցանկացավ պատասխանել մեր հարցերին: Արդեն 2002թ. սեպտեմբերի 11-ին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանն իր 1553-Ա որոշմամբ «Ատլաս» ՍՊԸ-ին Ազատության հրապարակի այգուն հարող տարածքում գտնվող վարձակալության իրավունքով տրամադրված 650 քմ մակերեսով հողամասին կից ստորգետնյա ակումբային համալիր շինարարության նպատակով վարձակալության իրավունքով, 25 տարի ժամկետով լրացուցիչ տրամադրել է 600քմ մակերեսով հողամաս: Երեւի շատերը դեռ չեն մոռացել նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանի հուզական ելույթներն այն մասին, թե ինքը՝ «քաղաքի տղան», ինչքան շատ է սիրում Երեւանը, Օպերայի այգին, Հրազդանի կիրճը… Իր իսկ ելույթների արանքում նա հասցնում էր սանտիմետր առ սանտիմետր վաճառել Երեւանի բոլոր կանաչ տարածքները՝ հիմնավորելով տարբեր օրենքներով, հրամաններով, որոշումներով… Իսկ թե ինչքան վնաս է հասցրել պետությանը քաղաքապետն իր՝ առանց աճուրդի օպերայի այգում եւ օղակաձեւ զբոսայգում այդչափ հողեր հատկացնելու որոշումներով, կներկայացնենք մեր հաջորդ հրապարակումներում: ԷԴԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ, www.hetq.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել