Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱՆԱԿՈՒՄ ԿԱՇԱՌԱԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ՞

Հոկտեմբեր 10,2003 00:00

ԲԱՆԱԿՈՒՄ ԿԱՇԱՌԱԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ՞ Արդեն հաղորդել ենք, որ պաշտպանության փոխնախարար Արթուր Աղաբեկյանը վիրավորվեց, երբ ՀԺԿ փոխնախագահ Գրիգոր Հարությունյանն «Այլընտրանքային ծառայության մասին» օրինագծի քննարկման ժամանակ խոսեց բանակում կաշառակերության երեւույթի մասին եւ ի պատասխան նրան անձնական վիրավորանք հասցրեց, թե լսել է, որ Մեղրիի շրջկոմի քարտուղար աշխատած ժամանակ՝ ինքն էլ է վերցրել կաշառք: «Առավոտը» պրն Աղաբեկյանից հետաքրքրվեց, թե ժխտո՞ւմ է, որ բանակում կաշառակերություն կա: Պատգամավորը նշում էր, թե կաշառքի դիմաց զինծառայությունից ազատվում են 1 շաբաթով, 10 օրով եւ այլն: ՊՆ փոխնախարարը մեր հարցին ի պատասխան համաձայնեց, թե նման երեւույթներ կան, բայց հավելեց. «Ուզում եմ, որ յուրաքանչյուր մարդ՝ նման փաստեր բերելուց խոսի կոնկրե՛տ, անուններո՛վ: Այլապես այդ թերությունները, որ առկա են մեր համակարգում՝ չենք կարողանա վերացնել երբե՛ք: Մենք այդպիսի սկզբունք ենք որդեգրել՝ եթե նման փաստի մասին խոսվում է՝ գնում ենք մինչեւ վերջ, օգտագործում բոլոր մեթոդները, որ հայտնաբերենք նման մարդկանց եւ պատժենք ինչպես կաշառք առաջարկողին, այնպես էլ վերցնողներին»: Մեր հարցին, թե չի՞ կարծում, որ բավական զանգվածային երեւույթներ են ինչպես կաշառքի դիմաց զինծառայությունից ազատվելը, այնպես էլ ավելի փոքր գումարի դիմաց արձակուրդ ստանալը, Արթուր Աղաբեկյանը պատասխանեց. «Կարծում եմ, որ ճիշտ չեք: Արձակուրդի տրման կարգ գոյություն ունի մեր զինված ուժերում եւ ստորաբաժանման ողջ հրամկազմը մասնակցում է այդ գործընթացին՝ մարտական պատրաստության արդյունքներն ամփոփելիս: Յուրաքանչյուր զորամաս ունի սահմանած իր ձեւը, թե շաբաթվա ո՛ր օրը եւ ո՛ր ժամին քանի զինծառայողի ներկայացնել արձակուրդի: Սակայն չեմ բացառում սրիկայությունները՝ ի վերջո, գործ ունենք տասնյակ հազարավոր մարդկանց հետ: Բայց կրկնում եմ՝ ում հայտնի է նման փաստ՝ իրավունք չունի հայ կոչվելու, եթե այդ մասին չիրազեկի համապատասխան մարմիններին»: Հետաքրքրվեցինք նաեւ, թե իրեն հաստատապես հայտնի՞ է, որ Գրիգոր Հարությունյանը 1 ռուբլիներով կաշառք է վերցրել, թե՞ ուղղակի որպես օրինակ ասաց. «Ես ուղղակի ցանկացա հասկացնել նրան, որ իր նկատմամբ էլ կարող է նման վերաբերմունք լինել: Ինչպես ինքը վարվեց բանակի հետ՝ ես էլ տասնյակ հազարավոր մարդկանց անունից փորձեցի վիրավորել իրեն»: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2003
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031