Լրահոս
Օրվա լրահոսը

Երկրորդ դռնփակ նիստը

Հոկտեմբեր 10,2003 00:00

Երկրորդ դռնփակ նիստը «Հոկտեմբերի 27» քրեական գործով առաջին անգամ դռնփակ նիստ հրավիրվեց այն ժամանակ, երբ ամբաստանյալ Վռամ Գալստյանը ցանկացավ լրացուցիչ ցուցմունքներ տալ։ Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում, երբ ավարտվեց ԱԺ նիստերի դահլիճում գաղտնալսումների արձանագրությունների հրապարակումը (4 հատոր), հայտարարվեց դռնփակ նիստի մասին։ «ՀՀ պետական գաղտնիքի մասին» օրենքի շրջանակներում կհրապարակվեն գաղտնի նյութեր։ Երեկ տուժողի իրավահաջորդների շահերի ներկայացուցիչների կազմը համալրվեց եւս մեկով՝ տուժող, ԱԺ պատգամավոր Սմբատ Այվազյանի ներկայացուցիչը կլինի Արթուր Հարությունյանը։ Նա ազգային անվտանգության նախկին աշխատակից է եւ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի եղբայրը։ Հավանաբար դա է պատճառը, որ նա հանդես եկավ միջնորդությամբ, որն ավելի շուտ ենթադրություն էր։ Ա. Հարությունյանն ասաց, թե քրգործի նյութերին տեղյակ լինելով, կասկածներ կան, որ ազգային անվտանգության աշխատակիցները տեղյակ են եղել ոճրագործության մասին եւ «Հունանյանը ինչ-ինչ հանգամանքներից դրդված, ստիպված է եղել հանցագործությունը կատարելու ինչ-որ սպառնալիքի, վտանգի տակ»։ Սա որակելով ենթադրություն, դատարանը ուշադրություն չդարձրեց այսօրինակ միջնորդությանը, որը իրավական ձեւակերպման դեպքում լինելու էր այսպես. «Դատակոչել ԱԱՆ այն աշխատակիցներին, որոնց Հունանյանն ասել էր 99 թվականի ոճրագործության մասին»։ Առանձին վիճաբանության նյութ դարձավ Հունանյանի պաշտպանի՝ Սամվել Մարտիրոսյանի երեկվա հարցազրույցը, որտեղ նա մեղադրել էր Օլեգ Յունոշեւին, թե իրեն «հորդորում է, որ համոզի Ն. Հունանյանին, որպեսզի նա ընդունի, թե ինքն ընդամենը կատարող է, որ կան կազմակերպիչներ եւ տա անուններ»։ Ասվածը զրպարտություն համարեց Օլեգ Յունոշեւը։ Իսկ մեղադրող Գագիկ Ավետիսյանը հայտարարեց, թե բազմաթիվ նյութեր են տպագրվել մամուլում, մեղադրել են նաեւ իրենց, այնպես որ, հարկ չկա անդրադառնալ խնդրո առարկային։ Նախագահող Սամվել Ուզունյանը կանխեց հնարավոր վեճը եւ ասաց, որ հակված չէ վերլուծելու մամուլի նյութերը, իսկ եթե պահանջվելու է հերքում, ապա դա պետք է լինի այլ դատարանում։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել