Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՍՊԱՆԱՑԻՆԵՐԸ ԺԱՄԱՆԵՑԻՆ ԵՐԵՎԱՆ

Հոկտեմբեր 10,2003 00:00

ԻՍՊԱՆԱՑԻՆԵՐԸ ԺԱՄԱՆԵՑԻՆ ԵՐԵՎԱՆ Երեկ չարտերային չվերթով ֆուտբոլի Իսպանիայի ազգային հավաքականը Մադրիդից ժամանեց Երեւան։ Հայաստանում Իսպանիայի ընտրանու բոլոր խաղացողներին շատ լավ են ճանաչում ու նրանցից յուրաքանչյուրն իր մոլի երկրպագուներն ունի։ Ու դա էր պատճառը, որ մինչ հյուրերի ինքնաթիռի վայրէջք կատարելը «Զվարթնոց» օդանավակայանում բազմաթիվ ֆուտբոլասերներ էին հավաքվել, որոնց մեջ գերակշռում էին երիտասարդները։ Նրանք անվանապես ճանաչում էին բոլորին ու աշխատում նույնիսկ անվտանգության ծառայության աշխատակիցների ստեղծած մինչեւ ավտոբուս տանող միջանցքում «խախտել սահմանն» ու նրանցից ինքնագիր վերցնել։ Այս տեսարանն, անկեղծ ասած, մեզ՝ օդանավակայան գնացած լրագրողներիս, ուրախացնում էր։ Ուրախացնում էր, որովհետեւ տեսնում ենք, թե ինչպես, հատկապես վերջին մեկ տարում, նորին մեծություն ֆուտբոլն սկսում է իր արժանի տեղը գրավել նաեւ Հայաստանում՝ համախմբելով, իր շուրջը հավաքելով թիվ մեկ մարզաձեւի իսկական սիրահարներին։ Մեզ ավելի շատ ոգեւորում է, որ ֆուտբոլային ֆանատիզմը դրսեւորվում է ոչ միայն համաշխարհային առաջին մեծության աստղերի հանդեպ։ Մասնավորապես, ֆուտբոլասերներն անձնապես շփվելու անկասելի ձգտում են ցուցաբերում նաեւ մեր ներքին առաջնության մասնակից ակումբների խաղացողների նկատմամբ՝ ամեն անգամ հերթական խաղից հետո շրջափակելով «Հանրապետական» ստադիոնի հատկապես ծառայողական ելքը, որտեղից հայ ֆուտբոլիստները դուրս գալով ընկնում են իրենց ջերմ երկրպագուների շրջափակման մեջ։ Այս «արարողությունն» ավելի լավ տեսանելի է հենց այս օրերին, երբ մեր ազգային հավաքականը նախապատրաստվում է Իսպանիայի հետ հանդիպմանը։ Վերջապես «Հանրապետականի» տրիբունաները բազմամարդ են նաեւ մարզումների ժամանակ, մի բան, որին ձգտել ենք միշտ։ Այսօր «Հանրապետականում» մարզվելու են երկու հավաքականներն էլ։ Դժվար չէ պատկերացնել, թե ինչպիսի ակտիվություն է տիրելու այդ ժամերին տրիբունաներում։ Իսկ թե դա ինչպիսի՞ ոգեւորություն է բերում ֆուտբոլիստներին, տեսել ենք հենց Իսպանիայում։ Իսկ հիմա հավատացած ենք, որ հոկտեմբերի 11-ին «Հանրապետական» ստադիոնում ասեղ գցելու տեղ չի լինելու։ Եվ ֆուտբոլասերները մի մարդու պես սատար կկանգնեն մեր ազգային հավաքականին։ Իսկ իսպանացիներին կապացուցեն, որ Հայաստանում իրենց սիրելի թիմին էլ արդեն երկրպագողներ շատ կան ու նրանք չեն զիջում նույնիսկ իսպանացի ֆուտբոլասերներին։ Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել