Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՇՏՊԱՆՆԵՐՆ ԸՆԴԴԵՄ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻ

Հոկտեմբեր 11,2003 00:00

ՊԱՇՏՊԱՆՆԵՐՆ ԸՆԴԴԵՄ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻ Երբ Տ.Նաղդալյանի սպանության քրգործով մեղադրողներին մի քանի դատական նիստերի ընթացքում չհաջողվեց հարցաքննված ամբաստանյալներից ցուցմունքներ կորզել, որոնք կարող էին հաստատել լրագրողի սպանությունը՝ Արմեն Սարգսյանի կողմից պատվիրված լինելու մեղադրանքը, իշխանությունները գործի դրեցին Արմեն Սարգսյանի պաշտպան Հովիկ Արսենյանին նախ՝ իր անցյալը հիշեցնելու, ապա նաեւ՝ մեղադրանքներ առաջադրելու մարտավարությունը: Արդյունքում, Հ.Արսենյանը դատական արդեն քանի նիստ զրկված է իր վստահորդի շահերը դատարանում ներկայացնելու իրավունքից: Օրերս արդեն փորձարկված եւ հաջողության հասած մարտավարությունը իշխանություններն ի դեմս ՀՀ գլխավոր դատախազության ներկայացուցիչների, կիրառեցին նաեւ «27»-ի դատավարության համատեքստում: Այս անգամ դարձյալ ամբաստանյալի պաշտպանի՝ Նաիրի Հունանյանի պաշտպան Սամվել Մարտիրոսյանի ակտիվ մասնակցությամբ գրեթե նմանօրինակ մեղադրանք է առաջադրվում արդեն այս քրգործով տուժողի իրավահաջորդ Արամ Սարգսյանի շահերի ներկայացուցիչ Օլեգ Յունոշեւին, որն այս դատական պրոցեսում ավելի քան ակտիվ է: Ըստ Ս.Մարտիրոսյանի, Օ.Յունոշեւը հուշել է Ն.Հունանյանին ստանձնել միայն «27»-ի իրագործումը եւ դրա կազմակերպիչների անուններ տալ: Ընդ որում, երկու դեպքերում էլ մեկ՝ պաշտպան Լուսնթագ Բադալյանն է առիթ հանդիսանում Հովիկ Արսենյանին «մերկացնելու» համար, մեկ էլ՝ Սամվել Մարտիրոսյանն է մեղադրում Օ.Յունոշեւին: Վերջինիս հետ կատարվածի առնչությամբ Արամ Սարգսյանը հավաստիացրեց. «Օ.Յունոշեւին ես ոչինչ չեմ փոխանցել Ս.Մարտիրոսյանին ասելու համար: Միաժամանակ ես չեմ կարող իմ փաստաբանին արգելել որեւէ մեկի հետ խոսել, նաեւ նորմալ եմ համարում, որ նա կարող է կարծիքներ փոխանակել նաեւ այլ փաստաբանների, մեղադրողների հետ»: Նա զուգահեռ անցկացրեց Հ.Արսենյանի եւ Օ.Յունոշեւի հետ տեղի ունեցածի միջեւ՝ հավելելով, թե այդ պարզունակ հնարքներով իշխանություններին չի հաջողվի դատավարությունները ծածկադմփոց անել: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել