Լրահոս
Օրվա լրահոսը

Ռադիոն՝ առանց թոշակառուների

Հոկտեմբեր 11,2003 00:00

Ռադիոն՝ առանց թոշակառուների Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը եւ Հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Ամիրյանը երեկ Ռադիոտանը ասուլիս էին հրավիրել՝ տեղեկացնելու Հանրային ռադիոյում կատարված փոփոխությունների մասին։ «Հանրային ռադիոն մի տեսակ վերածվել էր թոշակառուների ռադիոյի (լսարանի առումով), իսկ հիմա այն ավելի դինամիկ է»,- ասաց Ա. Հարությունյանը։ Նախապատրաստական փուլում են «Բարի լույս, Հայաստան» եւ «Ուշ գիշերին» հաղորդումները, իսկ ստերեո ստուդիան հեռարձակվում է 24 ժամով՝ 7-ի փոխարեն։ Ակտիվացել է անմիջական կապը ունկնդրի հետ։ Ըստ խորհրդի նախագահի, փոփոխվել են երիտասարդական ծրագրերը, ներկայումս երկու հաղորդում կա՝ «Աերոստուդիա» եւ «Ռադիոառագաստ», իսկ մանուկների համար, բացի «Արեգ» եւ «Մումուշիկ» մանկական ծրագրերից, մանկական ինտերնետային էջեր են բացվել։ Ռադիոյի համար նոր ժանր է ավելացել՝ ինտելեկտուալ վիկտորինա՝ «Ռադիոխաղ»։ Վերականգնվել է ռադիոթատրոնը, իսկ ռադիոհաղորդավարները փոխարինվել են ծրագրավարներով։ «Ակտիվացել է «Ռադիոլուրը», որը յուրաքանչյուր ժամագլխին 6-7 րոպեանոց հաղորդում ունի»,- շարունակեց Ա. Հարությունյանը։ Այնուհետեւ ավելացրեց, որ բացի ստեղծագործականից, այլ նորամուծություններ էլ կան. որոշ մարդկանց հետ չեն թարմացվել աշխատանքային պայմանագրերը, մի մասին էլ մի ծրագրից մյուսն են տեղափոխել։ «Հիվանդագին է որոշ հին աշխատողների վերաբերմունքը նորերին»,- փաստեց ՀՀ խորհրդի նախագահը։ Արմեն Ամիրյանն էլ հավելեց, որ աշխատանքային պայմանագիր չի կնքվել ընդամենը 6 կենսաթոշակային տարիքի եւ եւս 8 աշխատակցի հետ, պայմանավորված այս կամ այն ծրագրում աշխատելու անհամապատասխանությամբ։ Ըստ Ա. Ամիրյանի, բարեփոխված Հանրային ռադիոյի ծրագիրն ուղղված է լինելու հանրության բոլոր շերտերին։ Հիմնական փոփոխություններից է լրատվական խմբագրությունը։ Գլխավոր խմբագիր Արթուր Սահակյանն էլ խոստացավ, որ «Ռադիոլուրը» կմատուցի միայն թարմ տեղեկություններ, իսկ թողարկումները կլինեն անկողմնակալ ու անաչառ։ Կիրակնօրյա «Ռադիոլուրում» կամփոփվի քաղաքական շաբաթը։ Ալեքսան Հարությունյանը խոստովանեց, որ ինչպես Հանրային հեռուստատեսությունը, այնպես էլ Հանրային ռադիոն ապահովագրված չէ թերություններից եւ դրանց վերացումը ժամանակի խնդիր է։ Ա. Հարությունյանը հակառակվեց տարածված այն կարծիքին, որ հաճախ Հանրային հեռուստատեսությունը գրաքննում է քաղաքական գործիչներին. «Այդ ամենն արվում է ելնելով հեռուստադիտողի շահերից, ամենեւին պարտադիր չէ, որ քաղաքական գործչի ականջ քորելը կամ փռշտալը երեւա եթերում»։ Ի թիվս այլ փոփոխությունների, վերջապես խորհրդի որոշմամբ կարգավիճակ կստանան ռադիոյի նախկին ստեղծագործական խմբերը (Ռադիոյի սիմֆոնիկ նվագախումբը, Արամ Մերանգուլյանի անվան խումբը, ջութակահարների համույթը եւ այլն)։ ԽՍՀՄ տարիներին արդյունավետ գործունեություն ծավալող, ներկայումս անգործության մատնված «Տերյան» ձայնագրման ստուդիայի վիճակը եւս կբարվոքվի։ Կվերանորոգվի խարխուլ շենքը եւ կվերազինվի տեխնիկապես։ Ընդհանրապես, Ալեքսան Հարությունյանը խորհրդի անունից խոստացավ ամեն ինչ անել, որ հեռուստա եւ ռադիոեթերում թարմություն լինի. «Թե չէ հատկապես հեռուստատեսությունը շուտ է ծերացնում եւ ցանկացած հեռուստաաստղ կարող է հայտնվել 18 տարեկան թոշակառուի դերում»։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել