Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՐ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՇՈՒԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ Է

Հոկտեմբեր 14,2003 00:00

ՄԵՐ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՇՈՒԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ Է Հայաստան են բերվում միայն շատ նեղ մասնագետներ Երեւանում երեկ սկսվեց «ԱՊՀ անդամ երկրների բնակչության աշխատանքի, միգրացիայի եւ սոցիալական պաշտպանության գծով խորհրդատվական խորհրդի» 16-րդ նիստը, որն աչքի ընկավ կազմակերպչական մի շարք թերություններով: Լրագրողներին տրամադրված մասնակիցների ցանկում Բելառուսի ներկայացուցիչների պաշտոնները նշված չէին, անգամ երկրի անունն էր սխալ նշված (Բելոռուսիա), Հայաստանը ներկայացնողների անուններն ընդհանրապես նշված չէին, մասնակիցները ներկայացված չէին ըստ անունների, պաշտոնների: Իսկ քննարկվող փաստաթղթի դրույթների մասին անգամ մոտավոր տեղեկություններ չէին տրամադրված, չնայած, սոցիալական ապահովության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետի կարծիքով, տրամադրվածը (խորհրդի ստեղծման պատմություն եւ նիստի մասին համառոտ մամուլի հաղորդագրություն- Ա. Ու.) «դեռ մի բան էլ ավելին է»: Այս նիստի շրջանակներում կընդունվի աշխատանքի շուկայի վերաբերյալ խորհրդի անդամ պետությունների համար ընդհանուր կանոններ սահմանող փաստաթուղթ, որով Ռուսաստանն, ըստ էության, նպատակ ունի պաշտպանել իր աշխատանքային շուկան ու երկրի շահերը: Պարզ լինելու համար արձանագրենք, որ արտագնա աշխատանքի մեկնողները հիմնականում Ռուսաստան են մեկնում՝ այդ երկրի համար բազմաթիվ խնդիրներ հարուցելով: Օրինակ, չեն գրանցվում, իրենց աշխատանքից պետությանը հարկեր չեն տալիս եւ այլն: Հանուն արդարության պետք է նշել, որ, իհարկե, գործատուներն էլ աշխատողներին են շատ հաճախ «քցում»՝ հիմնականում շատ խոստանում, քիչ վարձատրում են, իսկ երբեմն էլ ընդհանրապես չեն վարձատրում: Հայաստանի աշխատանքի շուկան իր ծավալներով ու խնդիրներով, իհարկե, տարբերվում է ռուսականից, բայց մեր երկիր էլ են գալիս աշխատելու: Կամ ավելի ճիշտ՝ մեր երկիր էլ ենք բերում աշխատելու: Օրինակ, այստեղ քիչ չեն արտասահմանցի խոհարարները, շվեցարները, բարմենները, ժամանակ առ ժամանակ «հյուրախաղերի» եկող ստրիպ172պարուհիները եւ այլն, որոնք, ի դեպ, մեծ մասամբ վարձատրվում են արտասահմանյան չափանիշներով: «Առավոտի»՝ արդյոք այստեղ աշխատանքի եկողները խնդիրներ հարուցու՞մ են մեր երկրի համար եւ թե արդյոք նրանց մուտքը սահմանափակելու, քվոտավորելու անհրաժեշտություն կա՞ հարցին սոցապ փոխնախարար Աշոտ Եսայանը պատասխանեց. «Քանի որ Հայաստանի շուկան շատ փոքր է, փաստաթղթում նշվելու է, որ եթե մեր աշխատաշուկայում չկա նման մասնագետ, նոր միայն կարող են հրավիրել այլ երկրից»: Բայց ի՞նչ անել, եթե Հայաստանում նման «մասնագետներ» կան, սակայն մեր մեծահարուստներն ու պաշտոնյաները նախընտում են ոչ թե հայ, այլ ռուս կամ ուկրաինուհի «մասնագետների» ծառայություններից օգտվել, որոնց հատուկ այդ նպատակով էլ բերում են Հայաստան: Կամ պատկերացնել կարելի է արեւելյան ռեստորանների վիճակը, որոնց սեփականատերերին կստիպեն արաբ խոհարարների փոխարեն, ասենք, Պռոշյանի քյաբաբ սարքողներին աշխատանքի ընդունել: Նեղ մասնագետների համար սոցապ փոխնախարարը անհանգստանալու առիթ չի տեսնում, որովհետեւ «գործատուն այնքան խելամիտ կգտնվի, որ աշխատանքի չի վերցնի ոչ պրոֆեսիոնալի, որովհետեւ մասնավոր տնտեսությունը դա է ենթադրում: Պետական ապարատ չի, որտեղ ասենք թե մեկին յոլա են տանում»: Նիստն աշխատանքը կավարտի հոկտեմբերի 14-ին: ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել