Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՂԱՎՈՐԸ ՑԱԾՐ ՕՂԱԿՆԵ՞ՐՆ ԵՆ

Հոկտեմբեր 16,2003 00:00

ՄԵՂԱՎՈՐԸ ՑԱԾՐ ՕՂԱԿՆԵ՞ՐՆ ԵՆ Կապուղիների մրցույթից առաջ հրապարակել էինք իշխանության ներկայացուցիչների տեսակետները, որոնք հույս ունեին, թե «Ա1+»-ն այս անգամ կստանա կապուղի, նաեւ ընդդիմադիրների համոզմունքը, թե դա տեղի չի ունենա: Մեր երկրում իրականանում են միայն հոռետեսակա՞ն կանխատեսումները հարցին Ալվարդ Պետրոսյանը պատասխանեց. «Ես էլի հավատում եմ, որ «Ա1+»-ը պիտի վերադառնա՝ ոչ միայն նրա համար, որ շատ բարձր կարծիք ունեի «Այբ-Ֆե» լրատվական ծրագրի կամ «Հետգրության» մակարդակի մասին, այլ նաեւ, քանի որ դա ցանկանում եմ իբրեւ քաղաքացի, որն ապրել է մի երկրում, որը տեսել է 37 թիվ, ստալինյան բռնապետություն, գրաքննություն եւ այլն, եւ այդ ամենից հետո ուզում է ազատ երկրում վայելել այլընտրանքի եւ այլակարծության առատությունն ու բազմազանությունը: Բայց իսկապես չեմ հավատում, թե իշխանության վերին ոլորտներն են մասնակցում այս արգելքին: Չե՛մ հավատում, թե իմ պետության ղեկավարը պիտի խառնվի այդ մակարդակի հարցերի մեջ: Ես ավելի հավատում եմ, որ ինչ-որ բաներ են կատարվում ավելի մանր, ցածր օղակներում: Եվ այդ պատճառով եմ միայն լավատես: Իսկ եթե ստիպված լինեմ հավատալ, որ այդպես չէ՝ ցավով, ազնվորեն կխոստովանեմ, թե սխալվեցի մեկ անգամ եւս»: Սակայն տեսակետ կա, թե «Ա1+»-ի բացակայությամբ չկա բազմակարծության պակաս: Թեեւ նման պնդումներ անողները մոռանում են նախագահի ընտրության ժամանակ առկա իրավիճակը, երբ բոլոր հեռուստաալիքները պաշտպանում էին իշխանության ներկայացուցչին եւ փնովում նրա մրցակիցներին: Այնուամենայնիվ՝ տիկին Ալվարդն է՞լ է կարծում, թե «Ա1+»-ի դերակատարությունն այժմ հաջողությամբ իրականացնում են այլ հեռուստաընկերություններ: «Եթե վաղը մեռնեմ՝ վստահ եմ, որ ինձնից շատ տաղանդավոր մարդիկ կգան, որոնք գուցե գրեն եւ մտածեն այն նույն թեմաների մասին, որոնք շատ թանկ էին ինձ համար,- պատասխանեց նա:- Կարող է էլի լինի լավ մամուլ, բայց ես ուզում եմ, որ նաեւ «Ա1+»-ը լինի: Ի՞նչ կապ ունի դա իրար հետ: Ես այդ մոտեցումն ընդհանրապես տրամաբանական չեմ համարում: Ամեն գործ ու մարդ իր անհատականությունն ունի եւ ուզում է գոյություն ունենալ: Ինչո՞ւ պիտի գոյություն չունենա»: Ա. Ի. Հ. Գ. Նկատենք, որ ցածր օղակների լիազորությունների սահմաններից դուրս է ՀՀ դեսպանատներին հրահանգելը, որ հարցուփորձերով անհանգստացնեն արտերկրի այն գործարարներին, որոնք պատրաստակամություն էին հայտնել «Ա1+»-ում ներդրումներ անելու:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել