Լրահոս
Օրվա լրահոսը

ՖԵԴԵՐԱՑԻԱՅՈՒՄ «ԳԱՂՏՆԻ ՔԱՅԼԵ՞Ր» ԵՆ ԱՐՎՈՒՄ

Հոկտեմբեր 16,2003 00:00

ՖԵԴԵՐԱՑԻԱՅՈՒՄ «ԳԱՂՏՆԻ ՔԱՅԼԵ՞Ր» ԵՆ ԱՐՎՈՒՄ Ինչպես երեւում է, Հայաստանի շախմատի ֆեդերացիայում ինչ-որ բան այն չէ Թվում է, թե այնտեղ խմորումներ կան։ Այդպես մտածում ենք, որովհետեւ մեր տղամարդկանց հավաքականի գրոսմայստերական կազմը հրաժարվել է մեկնել Պլովդիվ, որտեղ այս օրերին ընթանում է Եվրոպայի թիմային առաջնությունը։ Հիշեցնենք, որ մեր ընտրանին 2001 թվականին Բաթումում գերազանց մրցելույթ էր ունեցել նույն մրցաշարում՝ նվաճելով Հին աշխարհամասի չեմպիոնի տիտղոսը։ Իսկ այսօր… Առայժմ հրաժարվելու պատճառների մասին ոչինչ չի ասվում։ Լռում են թե իրենք՝ շախմատիստները, թե ֆեդերացիան։ Բայց, ամենայն հավանականությամբ, այսօր որոշ բաներ կպարզվեն, որովհետեւ ժամը 15-ին Տիգրան Պետրոսյանի անվան շախմատիստի կենտրոնական տանը կայանալու է մարզաձեւի ֆեդերացիայի նիստ։ Այս մասին երեկ հեռախոսով տեղեկացրեց շախմատի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Վանիկ Զաքարյանը, որը արտառոց այս դեպքի մասին հեռախոսով որեւէ մեկնաբանություն տալուց հրաժարվեց, բայց հրավիրեց ներկա լինելու նիստին։ Ընդհանրապես, շախմատային խոհանոցը Հայաստանում մի տեսակ շղարշված է։ Լրատվամիջոցները դժվարությամբ են իրենց ու մարզասերներին հետաքրքրող հարցերի լիարժեք պատասխաններ ստանում։ Անգամ վերջին շրջանում մեզ մոտ անցկացված միջազգային ներկայացուցչական մրցաշարերի ժամանակ լրատվությունը շատ վատ է աշխատել։ Այս մասին բազմիցս տեղեկացրել ենք ֆեդերացիայի նախագահին։ Ճիշտ է, նա ամեն անգամ սիրահոժար պատասխանել է մեր հարցերին, սակայն, համաձայնենք, որ ամեն անգամ նրան մոտենալը հարմար չէ։ Լրատվամիջոցների, համենայնդեպս, տողերիս հեղինակի հետ ամենից ավելի լավ աշխատել ու աշխատում է միջազգային կարգի մրցավար Աշոտ Վարդապետյանը։ Սակայն նա էլ հիմնականում մրցաշարերի ժամանակ զբաղված է լինում իր պարտականություններով ու չնայած հաճախ ի պաշտոնե իրավունք չի ունենում որեւէ մեկնաբանություն տալու, այդուհանդերձ, անկողմնակալ, թույլատրելիի սահմաններում տեղեկություններ տալիս է՝ կատարելով լրատվական ծառայության ֆունկցիա եւ օգնելով լրագրողներին։ Վերադառնալով ֆեդերացիայի ներսում հավանական հակասություններին, ասենք, որ, մեր կարծիքով, դրանք նոր երեւույթ չեն։ Ժամանակ առ ժամանակ խնդիրներ եղել են։ Ասենք, այս կամ այն հեղինակավոր մրցաշար մեկնելուց առաջ հավաքականի կազմի ընտրության հարցում։ Օրինակ, մի դեպքում թիմ չէր ընդգրկվում Ռաֆայել Վահանյանը, մեկ այլ դեպքում՝ Լեւոն Արոնյանը կամ մեկ այլ՝ այդ պահին ուժեղ շախմատիստ։ Իսկ թե ինչո՞ւ, ի՞նչ պատճառով, այդպես էլ մինչեւ վերջ ճշմարտությունն իմանալ հնարավոր չէր լինում։ Ու մեզ մնում էր միայն եզրակացություններ անել, որոնք հաճախ կարող էին ճիշտ չլինել։ Այ, հիմա էլ շատերիս հետաքրքրում ու մտահոգում է, թե ինչու Լեւոն Արոնյանը գնաց Հայաստանից։ Ինչպե՞ս եղավ, ո՞վ թույլ տվեց, որ տաղանդավոր այդ երիտասարդ գրոսմայստերը, որի նմաններն աշխարհում էլ շատ չեն, Գերմանիայի քաղաքացիություն ստանա ու այսուհետեւ հանդես գա այդ երկրի դրոշի ներքո։ Սրանք, իրոք, պրոբլեմատիկ հարցեր են, որոնց մասին շախմատասեր հասարակությունը ճշմարտությունը ամբողջովին, մինչեւ վերջ իմանալու իրավունք ունի։ Հուսանք, որ այսօր ֆեդերացիայի նիստում անկեղծ ու բաց քննարկում կլինի եւ բոլորս էլ վերջապես կիմանանք իրականությունը։ Իսկ մինչ այդ, հայ շախմատասերներին տեղեկացնենք, որ Պլովդիվում առաջին չորս տուրից հետո Հայաստանի կանանց հավաքականը Եվրոպայի առաջնությունում ընթանում էր առաջին տեղում։ Մեր աղջիկները 2։0 հաշվով հաղթել էին իսպանուհիներին, 1։1 խաղացել Բոսնիա եւ Հերցեգովինայի հետ, 1,5։0,5 հաշվով առավելության հասել Իսրայելի եւ 2։0՝ Մոլդովայի նկատմամբ։ Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել