Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում «տաք ձմեռ» չի սպասվում

Հոկտեմբեր 17,2003 00:00

Գյումրիում «տաք ձմեռ» չի սպասվում Գյումրիում վառելափայտի գները թանկացել են. մեկ խորանարդ մետրն արդեն արժե 10-12 հազար դրամ: Իսկ ջեռուցման հույս չկա: «Հայգազարդն» այս տարի չի պատրաստվում բնակիչներին ջեռուցմամբ ապահովել, մինչեւ որոշակի պարտքեր չմարվեն: Չնայած այս պահին ջեռուցմանը նախապատրաստվելու աշխատանքներ, փորձարկումներ չեն կատարվում, բնակիչներից գումար են հավաքում՝ նվազագույնը 5000 դրամ: Քաղաքապետարանի լրատվական բաժնում «Առավոտին» հայտնեցին, որ առաջիկայում ջեռուցող միայն մեկ կաթսայատան («Մուշջերմոյի») աշխատանքն է փորձարկվելու, իսկ Անի ու Ավստրիական թաղամասերին նման խոստում դեռ չի տրվում։Որ գյումրեցիներին ջերմային էներգիայով ապահովելու խնդիրը վտանգի տակ է, վկայում են նաեւ «Ջերմամատակարարում» ՓԲԸ-ից ու քաղաքապետարանից հնչող անորոշ պատասխանները: Մատակարարիչն էլ (Մայիսյան գյուղում տեղակայված «Հայգազարդ» ՓԲԸ-ի «Գյումրիջերմո» մասնաճյուղ) կուտակված պարտքերից է դժգոհում: Ջերմամատակարարման խնդիրը գոյություն ուներ դեռեւս անցած տարի։ Որպես լուծում «Գյումրիջերմո» մասնաճյուղի տնօրեն Սամվել Համբարձումյանն առաջարկում էր «ջերմացնող» երկու հիմնարկները միավորել («Ջերմամատակարարում» ՓԲԸ-ն լուծարել, Անի ու Մուշ թաղամասերին ջերմային էներգիան իրենց կաթսայատնից ապահովել): Սակայն, ինչպես տեղեկացանք Սամվել Համբարձումյանից, քաղաքապետարանն իրենց մինչեւ օրս ջեռուցմամբ ապահովելու պահանջարկ չի ներկայացրել: Ավելին, երեք տարվա ընթացքում կուտակված 1 մլրդ 560 մլն դրամից իրեն հասանելիք գումարը դեռ չի փոխանցել, որի պահանջով վերջիններս Շիրակի մարզի տնտեսական դատարան հայց են ներկայացրել: «Ջերմամատակարարում» ՓԲԸ-ն խնդրի վերաբերյալ պարզաբանում չի տալիս, պատճառաբանելով շեֆի հիվանդ կամ տեղում չլինելով: Քաղաքապետարանի լրատվական բաժնի հայտնած տեղեկություններով, «Ջերմամատակարարում» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Սամվել Ենգոյանն ազատված է աշխատանքից, իսկ ավագանու որոշմամբ հիշյալ հիմնարկի փոխարեն ստեղծվելու է «Տաք ձմեռ» ՓԲԸ (այն կազմավորման ընթացքի մեջ է): Հիշեցնենք, որ «Ջերմամատակարարում» ՓԲԸ-ի հաշիվները կալանքի տակ են: Բայց թե ջերմային գրասենյակների փոփոխությունից ի՞նչն է փոխվելու՝ անհայտ է: ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել