Լրահոս
Օրվա լրահոսը

Ի սկզբանե ցանկությունն էր

Հոկտեմբեր 18,2003 00:00

Ի սկզբանե ցանկությունն էր Հետո քրգործ սարքելու տեխնիկական մասը Երբ Տիգրան Նաղդալյանի սպանության դատաքննությունը նոր էր սկսվել, առիթ ունեցանք զրուցելու Տիգրանի ընկերներից մեկի հետ, որը դեռ օգոստոսին էր կարծում, թե այդ սպանությունը մինչեւ վերջ չի բացահայտվի, եթե Արմեն Սարգսյանը նույնիսկ խոստովանի, որ դրա պատվիրատուն ինքն է: Նրա համոզմամբ, սպանության գաղափարը հղացել էին Սարգսյանների ընտանիքում: Այդ երկիմաստ արտահայտության մասին այն ժամանակ կարելի էր միայն ենթադրություններ անել, թեեւ նման խոսակցություններն ավելի բաց տեքստով դատախազության «պասով» արդեն շրջանառվում էին ոչ միայն Տ.Նաղդալյանին մոտ համարվողների, այլեւ պետական պաշտոնյաների շրջանակներում: Իսկ խոսքն այն մասին էր, թե լրագրողի սպանության իրական պատվիրատուն Գրետա Սարգսյանը կարող էր լինել, իսկ Արմեն Սարգսյանը՝ վճարողը: Արամ Սարգսյանն այս իմաստով երկրորդական պլան էր մղվել. նա չէր կարող չիմանալ ծրագրվող սպանության մասին: Միայն ամիսներ անց այդ կասկածներն իշխանություններն իրենց քարոզչամեքենայի օգնությամբ փորձեցին, իբր, հիմնավոր դարձնել՝ վկայակոչելով հենց ամբաստանյալ Հովհաննես Հարությունյան-«Ապերի» կնոջ, քրգործով վկա Գայանե Մելքոնյանի՝ դատարանում տված արտահերթ ցուցմունքը: Ահա թե ինչու էր դատախազ Զելիմ Թադեւոսյանն իր վրա վերցրել վկային դատարան բերելու բեռը: Իսկ վկան դատարանում հրապարկել էր «Ապերի» գրած վեց ամսվա վաղեմության մի գրություն, որտեղ վերջինս կնոջը հորդորում էր «Գրետից իմանալ իր անելիքը եւ ճշտել, թե նա հո իր գլխի տակ փափուկ բարձ չի՞ դնում» եւ այլն: Մարդ ինչ հոտառություն պետք է ունենա, որ ամիսներ առաջ կանխատեսեր մի վարկած, որի հիմք էր դառնալու սեպտեմբերի վերջին ի հայտ եկած այս գրությունը, որի բովանդակությանը, ըստ վկայի, մինչեւ այդ ոչ ոք ծանոթ չէր: Արդյունքում Սարգսյանների ամբողջ ընտանիքին հրապարակայնորեն, իհարկե, առայժմ ոչ իրավական հարթության վրա, բայց ծանր մեղադրանքներ առաջադրելու համար հիմք եղան միայն վկայի ցուցմունքն ու առանձին մարդկանց կասկած հայտնելու իրավունքը: Եթե դա թույլատրելի է, ապա՝ նույն տրամաբանությամբ կարելի է կասկած հայտնել, որ Սարգսյանների մեղսակցության մասին վկայի ցուցմունքից շատ առաջ պատերի տակ հնչած այդ տեսակետները «Ապերի» նամակն ի հայտ բերելու համար «զոնդաժի» դեր են ունեցել: Արդյո՞ք իրականությունից հեռու է հակառակ կողմից համոզմունքը, թե «Ապերը» դեռ «հետախուզման» մեջ լինելու ժամանակահատվածում է ՀՀ գլխավոր դատախազության կողմից «մշակման» ենթարկվել եւ հիշյալ նամակը հենց դրա արդյունքներց մեկն է: Ընդ որում, հետաքրքիրն այն է, որ երբ դատարանում այդ գրության մասին ամբաստանյալի կինը խոսեց, ինքը՝ «Ապերը», պատասխանելով դատավորին ասաց, թե տեղյակ չէ՝ ինչ գրության մասին է խոսքը: Որ քաղաքական ենթատեքստ ունեցող քրգործերը «թխվում» են հենց իշխանական պատերի ներսում՝ բազմիցս է հաստատվել: Դրա ապացույցներից մեկն էլ այս սպանության «բացահայտման» մասին ՀՀ գլխավոր դատախազությունից եղած լրահոսն էր: ՀՀ նախագահի ընտրությունների 1-ին փուլից անմիջապես հետո՝ արդյունքների ամփոփման ժամանակահատվածում, լուրեր եղան, թե լրագրողի սպանությունը բացահայտված է. գտնվել է մի ղարաբաղցի, որը ցուցմունք է տվել, թե իրեն վարձել է Արամ Սարգսյանը, որի պատվերով, 35 հազար դոլարի դիմաց ինքը սպանել է Տ.Նաղդալյանին: Երբ այս լուրը ժամանակին փորձեցինք ճշտել Արամ Սարգսյանի հետ նա հանգիստ տոնով պատասխանեց, որ նման բան չի կարող լինել եւ չկա, եւ եթե որեւէ շիզոֆրենիկի մտքում նման գործ սարքելու ցանկություն է առաջացել, նա նախ պետք է պատասխանի մի քանի հարցերի՝ այդ քիլլերը որտե՞ղ, ի՞նչ պայմաններում է իրեն տեսել, խոսել եւ ե՞րբ, ի՞նչ պայմաններում է փող ստացել: Հիշյալ լրահոսը մինչեւ պաշտոնական մեղադրանքի վերածվելը, իհարկե, որոշակի ճշգրտումների էր ենթարկվել, այդ թվում՝ ղարաբաղցի քիլլերը դարձել էր մի ամբողջ հանցախումբ, ամենաթույլ օղակն էլ այս գործը Սարգսյանների դեմ ուղղելու համար Արմեն Սարգսյանն էր եղել: Մինչդեռ Ռոբերտ Քոչարյանը հայտարարում էր, թե ինքը միայն փետրվարի վերջին է իմացել, որ լրագրողի սպանությունն առնչվում է Սարգսյանների ընտանիքին, ինչն անհավանական է, որովհետեւ երկրի նախագահը չէր կարող չիմանալ մի տեղեկություն, որն արդեն շրջանառվել էր Գլխավոր դատախազության պատերից դուրս: Իսկ լրագրողի սպանության համատեքստում Գրետա եւ Արամ Սարգսյաններին ներկայացվող մեղադրանքներն անակնկալ չեն: Իշխանությունները երբեք բարոյական արգելքներ չեն ունեցել հասարակական կարծիք ձեւավորելու համար մեղադրանքներ ներկայացնել անգամ սպանված վարչապետ Վազգեն Սարգսյանին, ուր մնաց թե նրա ընտանիքի անդամներին: Հիմա իշխանությունների ուզածը մեկն է. որ հասարակությունն էլ սկսի ենթադրություններ անել՝ եթե այս ընտանիքի մայրն է կասկածվում մարդասպանության պատվեր տալու, իսկ Արամ Սարգսյանը՝ դրա մասին իմանալ եւ լռելու մեջ, ուրեմն՝ Արմեն Սարգսյանը հաստատ լրագրողի սպանության պատվիրատուն է: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2003
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031