Լրահոս
Օրվա լրահոսը

«ՌԵՄՈՆՏԸ» ԿԱՎԱՐՏՎԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-ԻՆ

Հոկտեմբեր 18,2003 00:00

«ՌԵՄՈՆՏԸ» ԿԱՎԱՐՏՎԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-ԻՆ Երեկ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը այցելեց Ալ. Սպենդիարյանի անվան օպերային թատրոն եւ Ֆիլհարմոնիկ մեծ համերգասրահ ու գոհ մնաց «Լինսի» հիմնադրամի «Մշակույթ» ծրագրով կատարված շինվերանորոգման աշխատանքներից։ «Շատ լարված էր աշխատանքը,- տեմպերը գովեց նախագահը,- ի պատիվ շինարարների, պիտի ասեմ, որ ծանրաբեռնվածության տակ էլ են լավ որակ ապահովել»։ Լրագրողներից մեկի հարցին՝ չկա՞ն թերություններ, նախագահը պատասխանեց. «Ռեմոնտը միշտ էլ անակնկալներ է բերում։ Բայց շինարարական աշխատանքներն այնքան շատ էին, որ մեծ ծավալների մեջ դրանք չէին երեւում»։ Ռ. Քոչարյանը լրագրողներին վստահեցրեց, որ նոյեմբերի 1-ին մշակութային բոլոր օջախները շահագործման կհանձնվեն։ Իսկ թե հաջորդ անգամ որտեղ է այցելելու, առայժմ չի որոշել։ Նախագահը նշեց, որ յուրաքանչյուր շաբաթ իրեն զեկուցում են մշակութային օջախներում իրականացվող աշխատանքների մասին եւ «այդ պահին եմ որոշում՝ որտեղ արժե գնալ»։ Օպերայի վերանորոգումից գոհ էր նաեւ թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանը։ Նրա խոսքերով, օպերային թատրոնի համար նախատեսված էր ծախսել 2 մլն դոլար։ Փոխվել են ջեռուցման, օդափոխման համակարգերը, վերականգնվել է բեմի ամբողջ մեխանիզացիան։ Նույնն են մնացել դահլիճի աթոռները, որոնք տնօրենի սրտով են։ Ըստ Կ. Հովհաննիսյանի, տասը օրից շինարարները «կլքեն» օպերան եւ բավական ժամանակ կպահանջվի, որպեսզի իրենց 300 հոգանոց կոլեկտիվի հետ նոր ներկայացում տալու համար ընդհանուր փորձեր կատարվեն, շենքը մաքրվի, տեսքի բերվի եւ «վերականգնվեն Չարբախի բազաներում պահվող, տանել-բերելուց, ջրի կաթոցներից վնասված դեկորները»։ Օպերային թատրոնի ղեկավարությունը այդ ծախսերի համար արդեն դիմել է կառավարությանը, սակայն մինչ օրս պատասխան չի ստացել։ Կ. Հովհաննիսյանը հույս ունի, որ իրենց մասին գուցե կհիշեն բյուջեի քննարկման ժամանակ։ Ի դեպ, Ռ. Քոչարյանը թատրոնի ղեկավարությանը խոստացավ միջոցներ գտնել (ոչ «Լինսի» հիմնադրամից), որոնք կուղղվեն գույքի ձեռքբերմանը։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2003
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031