Լրահոս
Օրվա լրահոսը

ՉՔԱՂԱՔԱԿԱՆԱՑՆԵԼ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՐՑԸ

Հոկտեմբեր 21,2003 00:00

ՉՔԱՂԱՔԱԿԱՆԱՑՆԵԼ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՐՑԸ ԱԺ այս եռօրյայում կքննարկվի «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի փոփոխությունը, որի նկատմամբ հետաքրքրությունը պայմանավորված է այն հանգամանքով, թե որքանով այս օրինագիծը կանդրադառնա «Ա1+»-ի եւ «Նոյյան տապանի» խնդրի լուծման վրա: «Այդ օրինագիծը բացառապես բացասական ազդեցություն կարող է ունենալ, քանի որ նախաձեռնության մեջ կան հատվածներ, որոնք, ըստ էության, օրինականացնում են այն անօրինականությունները, որոնք կատարում է Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը»,- ասաց «Արդարություն» խմբակցության պատգամավոր Շավարշ Քոչարյանը: ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը հիշեցրեց, որ այս օրինագծում առաջարկվող բոլոր փոփոխությունները՝ մեկ բացառությամբ, Եվրոպայի խորհրդի փորձագետների առաջարկություններն են: Նկատեցինք, որ ԵԽ փորձաքննության գլխավոր առարկությունը վերաբերում է ՀՌԱՀ կազմավորման կարգին, ինչին չի անդրադառնում այս նախաձեռնությունը: «ԵԽ փորձագետների եզրակացության մեջ, իհարկե, նշվում է, թե ճիշտ չէ, որ միայն նախագահը նշանակի ՀՌԱՀ անդամներին: Եվ սրա հետ բոլորն էլ համաձայն են,- ասաց պրն Թորոսյանը:- Խնդիրն այլ է՝ ինչպե՛ս նշանակել»: «Արդարության» գործիչները տվել են այս հարցի լուծման իրենց պատասխանը՝ ՀՌԱՀ անդամներին պիտի նշանակեն ԱԺ խմբերը եւ խմբակցությունները: ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Տիգրան Թորոսյանն այս օրինագծի առնչությամբ հայտնեց. «Այն նույնպես ընդունելի չէ ԵԽ փորձագետների համար: Սեպտեմբերի 23-ին, երբ Ստրասբուրգում քննարկում ունեցանք Հայաստանի պարտավորություններին առնչվող բոլոր վիճահարույց հարցերի վերաբերյալ՝ մեզ հստակ ասվեց, թե իրենց համար ընդունելի չէ նման հարցերի քաղաքականացումը: Կարծում եմ՝ ամեն ինչ պետք է անել, որ հանձնաժողովն իրոք զերծ պահվի քաղաքական ազդեցություններից: Շատ զարմանալի է՝ մեր գործընկերներն առաջարկություն են անում, որ ՀՌԱՀ-ը զերծ մնա քաղաքական ազդեցությունից, բայց առաջարկում մեկ այլ քաղաքական ազդեցություն: Այսինքն՝ սկզբունքը չի փոխվում: Ուրիշ բան էլ է, կարծում եմ, ակնհայտ. միեւնույն է՝ մեծամասնությունը միշտ կունենա հնարավորություն իր ցանկացած լուծումներն ունենալու: Աժ մեծամասնությունն այնտեղ էլ կունենա մեծամասնություն եւ առանձնապես տարբերություն չի լինի: Եվ այնպես ինչպես ընդդիմությունն ԱԺ-ից է դժգոհում՝ նույնն էլ կլինի այնտեղ»: Մեր հարցին, թե չի՞ կարծում, որ իրենց նախաձեռնությունը դատապարտված է, եւ իրենց մերժելու են՝ Շավարշ Քոչարյանը պատասխանեց. «Ակնհայտ է, որ ԱԺ մեծամասնությունը դեմ է, քանի որ դեմ է նախագահ Քոչարյանը (նրա համար սա առանցքային հարց է) եւ կոալիցիոն կառավարությունը: Անընդհատ փորձեր են արվում ապակողմնորոշել եվրոպական կառույցների փորձագետներին, թե ստիպված են եղել հեռուստատեսության եւ ռադիոյի ոլորտը կարգավորող մարմինների անդամներին նշանակելու լիազորությունը տալ մեկ անձնավորության, քանի որ Սահմանադրությունը չի առաջարկում այլ ելք: Սակայն մենք ունենք նախադեպեր, ասենք՝ ԿԸՀ-ն, որի անդամներին նշանակում են խմբակցությունները: Մենք առաջարկում ենք նույն մոտեցումը: Ակամա հիշեցի, որ հերթական խայտառակ մրցույթից հետո, երբ «Ա1+»-ը կրկին դուրս մնաց եթերից՝ բավական խիստ հայտարարություններ արեցին ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի ներկայացուցիչները: Այդ դեպքում թող ամեն մեկը բարի լինի հանձնաժողովում նշանակել իր ներկայացուցչին եւ պատասխանատվություն կրել նրա գործունեության համար»: Մեր ենթադրությանը, թե քանի որ կոալիցիան վերջերս պաշտպանում է «Ա1+»-ի եթեր վերադառնալու իրավունքը, թերեւս ընդդիմությունն էլ հուսով է, որ բարենպաստ ազդեցություն կունենա իրենց ներգրավումը՝ Տիգրան Թորոսյանը պատասխանեց. «Ճիշտ է, որ այնտեղ մարդիկ լինեն, որոնք կքվեարկեն ոչ թե ելնելով նրանից, թե ինչ է ասում իրենց կուսակցությունը, այլ իրե՛նք ունենան հնարավորություն եւ կարողություն՝ իսկապես անաչառ վերլուծելու ներկայացված ծրագիրը եւ ընդունելու ճիշտ որոշում»: Վերջին մրցույթում աննախադեպ փաստի ականատեսը դարձանք՝ ՀՌԱՀ նախագահն «Ա1+»-ին դրված իր ցածր գնահատականները պատճառաբանեց ոչ թե «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքով արտոնագրատիրոջ ընտրության համար սահմանված չափորոշիչներով, այլ կեղծիքների մասին բացահայտ կեղծ պատրվակներով: «Այն, ինչ այժմ արեց Ազգային հանձնաժողովը՝ տրամաբանական շարունակությունն էր այն վարքագծի, որը հանդուրժվել է առայսօր: Չէ՞ որ դեռ առաջին մրցույթի ժամանակ, երբ «Ա1+»-ը զրկվեց եթերից՝ կոպտորեն ոտնահարվել էր օրենքի 14 դրույթ: Եվ շարունակում են խախտել, այսինքն՝ ըստ էության, Ազգային հանձնաժողովը գործում է օրենքից դուրս: Գործում է այնպես, ինչպես ցանկանում է այն անձը, որը նշանակել է իրենց»,- ասաց Շավարշ Քոչարյանը: Տիգրան Թորոսյանը վերջին մրցույթում ՀՌԱՀ թույլ տված ապօրինությունների մասին մեր հիշատակմանն այսպես արձագանքեց. «Մանրամասներին տեղյակ չեմ, ցավոք, որ այս հարցի առնչությամբ որեւէ մեկնաբանություն անեմ»: Ի տարբերություն նախորդ մրցույթի՝ այս անգամ կոալիցիոն առաջնորդների համեմատաբար զուսպ եւ խուսափողական պատասխանները հետեւյալ մեկնաբանություններն էին ստացել, թե նախ՝ անցած անգամվա գնահատականների պատճառով նրանք արժանացել էին Ռոբերտ Քոչարյանի հակազդեցությանը: Եվ բացի այդ՝ այժմ արդեն ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության մանդատները վավերացված են, ուստի հարկ չկա եվրոպացիների առջեւ ներկայանալու «Ա1+»-ի պաշտպան: «Բնականաբար, ո՛չ առաջին, ո՛չ էլ երկրորդ մեկնաբանությանը համաձայն չեմ: Եթե ինչ-որ բանում համոզված եմ՝ որեւէ մեկը չի կարող ինձ ասել՝ սա այսպես կամ այնպես պիտի լինի եւ ես էլ իմ կարծիքն ըստ այդմ փոխեմ,- ասաց ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավարը:- Ինչ վերաբերում է մանդատների ճանաչմանը՝ ամեն տարվա սկզբին հաստատվում են ԵԽԽՎ բոլոր պատգամավորների լիազորությունները: Այնպես որ՝ հունվարին եւս մանդատների հաստատում է լինելու, 2005-ի կամ 2006-ի հունվարին նույնպես: Եվ անհեթեթ կլինի, եթե որեւէ մեկը նման միամտություն ունենա եւ մեկ անգամ լիազորությունների հաստատման հետ կապված անի ինչ-որ հայտարարություններ»: Իսկ ներկա մրցույթի վերաբերյալ ավելի զուսպ իր գնահատականները պրն Թորոսյանն այսպես պատճառաբանեց, թե այս անգամ «Ա1+»-ի մրցակիցները շատ ավելի փորձառու էին, քան նախորդ անգամ: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել