Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԵՐՋԻՆ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ ՉԷՐ

Հոկտեմբեր 21,2003 00:00

ՎԵՐՋԻՆ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ ՉԷՐ Ընդդիմությունն անցած շաբաթ հանրահավաք արեց: Ժողովրդավարության նույնիսկ մեր մակարդակն ունեցող երկրի համար դա պետք է դիտվի որպես քաղաքական առօրյա, ռուտինա: Ուստի իշխանության «հրետանային նախապատրաստությունը» հանրահավաքից առաջ եւ կոշտ արձագանքը հանրահավաքից հետո պարզապես անտեղի էին՝ այդ հանրահավաքն իշխանության համար որեւէ վտանգ չէր ներկայացնում: Կլինեն եւս տասնյակ հանրահավաքներ, եւ դա պետք է նորմալ ընդունել: Ուրիշ բան, որ ընդդիմության որոշ ներկայացուցիչներ հանրահավաքներից չափազանցված սպասելիքներ ունեն: «Հանրապետության» առաջնորդ Արամ Սարգսյանը նույնիսկ ասաց, որ հաջորդ հանրահավաքով իշխանությունը կփոխվի: Ընդհանրապես, փորձառու քաղաքական գործիչներն աշխատում են նման կտրուկ կանխատեսումներ չանել: Մանավանդ, երբ դրանք կարծես թե իրատեսական չեն: Համենայնդեպս, նախորդ 12 տարիների փորձը հուշում է, որ տեսանելի պատմական ապագայում ա/ իշխանությունը Հայաստանում չի փոխվի հանրահավաքների (հեղափոխության) միջոցով եւ բ/ իշխանությունը չի փոխվի նաեւ ընտրությունների միջոցով, որովհետեւ ընտրություններ՝ այդ բառի արեւմտյան, եվրոպական իմաստով՝ մեր երկրում չեն անցկացվում եւ չեն անցկացվելու: Ճիշտ Ադրբեջանի նման։ «Իշխանափոխության» միակ ձեւը Հայաստանում պալատական հեղաշրջումն է, երբ նախագահի մերձավոր շրջապատը դավադրություն է կազմակերպում երկրի ղեկավարի դեմ (եւ այդ պատճառով դա, ըստ էության, իշխանափոխություն չէ): Սակայն այս պահին պալատական հեղաշրջման որեւէ նախանշան չի երեւում: Հետեւաբար, ամենահավանական տարբերակն այն է, որ մոտակա տասնամյակներում կմնա հենց այս իշխանությունը: Եվ այս երկարուձիգ տարիների ընթացքում ընդդիմությունը հանրահավաքներ է անելու՝ բնականաբար, իշխանափոխություն պահանջելով: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել