Լրահոս
Օրվա լրահոսը

Դպրոցին պատժեցին՝ հոսանքն անջատելով

Հոկտեմբեր 21,2003 00:00

Դպրոցին պատժեցին՝ հոսանքն անջատելով Շենգավիթ համայնքի թիվ 31 դպրոցում մոտ մեկ շաբաթ է՝ զանգը հնչեցնում են ձեռքով. դեռ անցած շաբաթվանից դպրոցը հոսանքազրկված է: Պատճառն այն է, որ դպրոցի տնօրենը թույլ չի տվել հոսանքի հաշվիչը տեղափոխել կայան, ինչը պահանջվում է կառավարության համապատասխան որոշմամբ: Եվ էլեկտրացանցի աշխատակիցները, կառավարության որոշմանը չենթարկվելու համար անջատել են դպրոցի հոսանքը: Տնօրեն Սվետլանա Սարուխանյանի ներկայացմամբ, «երեք օր առաջ դպրոց եկան էլեկտրացանցի մի քանի աշխատակիցներ եւ ասացին, որ Կառավարության որոշման համաձայն, ինչպես ամիսներ առաջ բնակելի շենքերից, հիմա էլ բոլոր բյուջետային հիմնարկներից պետք է հանեն հոսանքի հաշվիչները եւ մոտեցնեն աղբյուրին»: Տնօրենը վիրավորված է նախ Կառավարության որոշումից, որովհետեւ իր կարծիքով որոշումը նշանակում է, թե վստահություն չկա հիմնարկների նկատմամբ: Նույն տրամաբանությամբ էլ հիմնարկները կարող են չվստահել էլեկտրացանցին: Սակայն այստեղ հարցի լուծում կա. հիմնարկությունը կարող է ստուգող հաշվիչ դնել իր մոտ: Բայց արդյո՞ք ծախսած էլեկտրաէներգիայի դիմաց երկու հաշվիչների թվային տարբերությունների դեպքում հիմնարկությունը (տվյալ դեպքում՝ դպրոցը) կարող է ապացուցել իր «անմեղությունը»: Ս. Սարուխանյանը խորհրդի համար դիմել է այլ դպրոցների տնօրենների: Այստեղ նրան ասել են, որ զուր է վիճել էլեկտրացանցի հետ: Եվ եթե նույնիսկ երկու հաշվիչների թվերը չհամապատասխանեն, դպրոցին ոչ ոք չի հավատա: Սա հարցի այլ կողմն է: Եվ մինչ դրան հասնելը, թիվ 31 դպրոցն ուրիշ խնդիր էլ ունի: Ստուգող հաշվիչ գնելու հնարավորություն եւ ցանկություն այստեղ չկա: Տնօրենը որոշել է այսպես անլույս համբերել, մինչեւ ցուրտն ընկնի: «Հետո ծնողկոմիտեին կկանչեմ ժողովի, մանկավարժների խորհրդի նիստ կհրավիրեմ, եւ կքննարկենք, կորոշենք՝ ինչ անել»: Հետո հույսը կտրած՝ ավելացրեց. «Ո՞վ եմ ես Կառավարության որոշման դեմ, ես միայն գումար վճարող եմ, եթե չանեմ, աշխատանքից կազատեն: Աստված մեծ է: Մի բան կլինի»: «Հայէլեկտրացանցեր» ՓԲԸ լրատվական ծառայությունից խնդրի առնչությամբ ստացանք հետեւյալ պարզաբանումը: Ընկերության Շենգավիթի մասնաճյուղը կազմել է հատուկ մասնագետների խումբ, որոնք, կառավարության որոշման համաձայն, իրականացնում են հաշվիչների տեղափոխությունը: Հիշյալ դպրոցում իրականացված ստուգումների արդյունքում պարզվել է, որ, ճիշտ է, չկա ոչ մի ձախ լարանցում, սակայն դպրոցն իր ծախսած էլեկտրաէներգիայի դիմաց ընթացիկ մուծումներն ամբողջությամբ չի կատարել: Ընկերությունից մեզ հայտնեցին, որ դպրոցի հոսանքը կմիացվի միայն հաշվիչը տեղափոխելուց հետո: Իսկ մինչ այդ դպրոցը պետք է նաեւ մարի իր պարտքը: Իսկ ինչ մնում է տնօրենի վստահել-չվստահելուն, նույն կասկածամտությունը հայտնում է նաեւ էլեկտրացանցը. թե ինչու տնօրենը չի ուզում ենթարկվել օրենքին: Ավելացնենք նաեւ, որ ըստ մամուլի ծառայության պետի հավաստման, Շենգավիթի մասնաճյուղի տնօրենը պատրաստ է դպրոցին տրամադրել երկրորդ՝ ստուգող հաշվիչը: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել