Լրահոս
Օրվա լրահոսը

«ԹԵԼԵՊԼԱՍԸ» ՄՆՈՒՄ Է ՔՈՂԻ ՏԱԿ

Հոկտեմբեր 21,2003 00:00

«ԹԵԼԵՊԼԱՍԸ» ՄՆՈՒՄ Է ՔՈՂԻ ՏԱԿ Երեք ամիս առաջ հայաստանյան PR ասոցիացիայի նախագահ Արման Սաղաթելյանը լրատվամիջոցներով կոչ արեց չսպասել «ինչ-որ պաշտոնյաների» խոստումների իրականացմանն ու «Թելեպլասի» պատճառած նյութական վնասի վերականգնման հարցը լուծել դատական կարգով։ Սկզբում հայցվորները 2-3-ն էին, այսօր՝ արդեն 20-ը։ Անցյալ շաբաթ «Առավոտը» տեղեկացրել է, որ «Թելեպլասի» գործով առաջին հայցվոր, երեւանցի Քրիստինե Տերյանը շահել է դատն առաջին ատյանի դատարանում։ Երեկ Ա. Սաղաթելյանն ու հայցվորի շահերի ներկայացուցիչ Դավիթ Սանդուխչյանը հրապարակեցին գործի մանրամասները։ Դատավարության ընթացքն այդպես էլ չի շարժել որեւէ իրավապաշտպանի, ինչպես նաեւ իրավաբանական թեքումով հասարակական որեւէ կազմակերպության հետաքրքրությունը։ Ավելին, դատական այս գործին դժվարությամբ էին «կցվում» նաեւ փաստաբանները, թերեւս սպասելով առաջին վճռին։ Առաջին հաղթանակը գուցեեւ որոշ տեղաշարժ մտցնի այս համընդհանուր անտարբերության մեջ։ Պարոն Սանդուխչյանը, ինչ-որ տեղ համաձայնելով ասվածին, նաեւ նշեց. «Թելեպլասին» առնչվող յուրաքանչյուր գործ ունի իր յուրահատկությունը, եւ այդ դատը շահելը չի նշանակում, որ մյուսներն ավտոմատ կերպով պետք է շահեն»։ Այնուամենայնիվ, գործի սկիզբն է դժվար եւ «թելեպլասային» հաջորդ հայցատերերը գոնե փորձ ու օրինակ կունենան աչքի առջեւ։ «Առավոտն» օրեր առաջ դիտարկում էր արել. «Թելեպլասի» դատավարությունը սկսվեց այն օրերին, երբ Հայաստանում թանձրանում էին «ԱրմենՏելի» գլխին կուտակված ամպերը։ Կարո՞ղ էր ընկերության դեմ դրսեւորված «կառավարական մակարդակի» բացասական վերաբերմունքը որեւէ ազդեցություն ունենալ գործի ընթացքի եւ դատարանի վճռի վրա»։ Բանախոսների միասնական կարծիքով՝ «ոչ, գործն ուներ իրավական հիմքեր ու դատարանն առաջնորդվել է դրանցով»։ Ինչ վերաբերում է «Թելեպլասի» բաժնետերերին, ապա մինչեւ վերջ էլ ընկերությունը գերադասել է մնալ խորհրդավոր քողի տակ, գործի կեսից որպես պատշաճ պատասխանող կողմ թողնելով «ԱրմենՏելին», ինչին վերջինս դեմ չի եղել։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել