Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՈՒՇ-ԵՐԵԿՈ՝ ՆՎԻՐՎԱԾ Ս. ԶՈՒՐԱԲՅԱՆԻՆ

Հոկտեմբեր 21,2003 00:00

ՀՈՒՇ-ԵՐԵԿՈ՝ ՆՎԻՐՎԱԾ Ս. ԶՈՒՐԱԲՅԱՆԻՆ Հոկտեմբերի 18-ին կոնսերվատորիայի Ալ. Շիրինյանի անվան դահլիճում տեղի ունեցավ երգիչ Սուրեն Զուրաբյանի հիշատակին նվիրված բարեգործական համերգ՝ երգչի տեսագրությունների եւ ձայնագրությունների թվայնացման ու սկավառակների թողարկման նպատակով։ Համերգը նախաձեռնել էր Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիան եւ Ղ. Սարյանի անվան օպերային ստուդիան։ Ս. Զուրաբյանի առաջին բեմելը կայացել է 90-ականների սկզբին, երբ դեռ ուսանող էր։ Ըստ կոնսերվատորիայի պրոֆեսոր, օպերային ստուդիայի գեղղեկավար Հովհաննես Միրզոյանի, «Սուրենի ձայնին գումարված էր նրա հարուստ հոգին ու միտքը, որի համար էլ նա «բազմաձայնության» մեջ առանձնացավ ու ուշադրության արժանացավ»։ Օպերային ստուդիայի գլխավոր ռեժիսոր Հովհաննես Հովհաննիսյանի վկայությամբ, «Սուրենը պրոֆեսիոնալին դարձնում էր սովորական ունկնդիր»։ Ի դեպ, օպերային ստուդիայում երգիչը հանդես է եկել գլխավոր դերերգերով՝ Մենգոնե (Հայդն՝ «Դեղագործը»), Լենսկի (Չայկովսկի՝ «Եվգենի Օնեգին»), Արմավիվա (Ռոսինի՝ «Սեւիլյան սափրիչ»), համերգային շրջագայություններով մեկնել է Բոստոն, Չիկագո, Դետրոյթ, Պրովիդենս, Մոսկվա եւ այլուր։ Երգչին վստահվել է նաեւ առաջին կատարումներ (օրինակ՝ պատմիչի դերերգը Լ. Ճգնավորյանի «Ռուստամ եւ Զոհրապ» օպերայում), քանիցս հանդես է եկել Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, ձայնագրել պոլսահայ կոմպոզիտոր Ս. Կարամանուկի 6 ռոմանսները եւ այլն։ Ս. Զուրաբյանի վերջին բեմել-մենահամերգը կայացավ 2003թ. հունիսին՝ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում։ Իսկ հոկտեմբերի 18-ի հուշ-երեկոյին մասնակցեցին երգչի գործընկերները՝ օպերային ստուդիայի սիմֆոնիկ նվագախումբը, մեներգիչներ, կոնսերվատորիայի «Կոմիտաս» երգչախմբի արտիստներ, դիրիժորներ Հ. Միրզոյանը, Ա. Վարդանյանը։ Ս. Դ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել