Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժողպատգամավորն» առայժմ չհամալրվեց

Հոկտեմբեր 22,2003 00:00

«Ժողպատգամավորն» առայժմ չհամալրվեց Կարեն Կարապետյանը գիտի, թե ինչի համար են պետք պաշտոնները Մամուլում արդեն գրվել է, որ առաջիկայում ԱԺ «Ժողպատգամավոր» խմբում արմատական համալրում է սպասվում: Այնքան արմատական, որ ըստ մեր աղբյուրների, այն կարող է նույնիսկ հավակնել խորհրդարանական մեծամասնության՝ ՀՀԿ-ի հետ մրցակցելուն: Թե որքանով են իրական «Ժողպատգամավորի» ընդլայնման մասին խոսակցությունները եւ ովքեր են այսօրվա դրությամբ դիմել խմբում ընդգրկվելու համար, փորձեցինք ճշտել հենց խմբի ղեկավար Կարեն Կարապետյանից: «Ես առիթ ունեցել եմ հայտարարելու, որ «Ժողպատգամավորն» այնքան էլ մեծ հետաքրքրություն չի դրսեւորում եւ ակտիվ բանակցություն չի վարում խումբը համալրելու ուղղությամբ, որովհետեւ համարում ենք, որ քաղաքական որեւէ քայլ ինքնանպատակ չպետք է լինի: Միաժամանակ, տեղ զբաղեցնելով քաղաքական դաշտում եւ լինելով քաղաքական միավոր, ենթադրվում է, որ խումբն ուզում է իր ազդեցությունն ունենալ իշխանության տարբեր թեւերի վրա: Ես սա բնական եմ համարում, բայց միաժամանակ ուզում եմ շեշտել, որ այդ ձգտումն էլ ինքնանպատակ չի կարող լինել»,- ասաց խմբի ղեկավարը: Պարոն Կարապետյանը հավաստիացրեց, թե խմբում ընդգրկվելու դիմումներ դեռեւս չունեն, չնայած խոստովանեց, թե անկախ պատգամավորների հետ այդ թեմայով, այնուամենայնիվ, զրույցներ լինում են: Խմբի ղեկավարի ասելով, «այն, ինչի մասին խոսում են ԶԼՄ-ները՝ ուռճացված են՝ ֆանտազիայի ոլորտից»: Այս գնահատականը երեկ, ըստ էության, հաստատվեց: Սպասվում էր, որ երեկ ԱԺ-ում հայտարարությունների ժամին մեկ-երկու պատգամավորներ կհայտարարեն խումբ ընդգրկվելու իրենց որոշման մասին, սակայն ոչ ոք նման ցանկություն չհայտնեց: Միաժամանակ խմբի դերն ու կշիռը խորհրդարանում ընդգծելու համար էր, թերեւս, որ Կ.Կարապետյանը հայտարարեց, թե «Ժողպատգամավորը» նաեւ միջնորդի դեր կարող է կատարել իշխանությունների եւ ընդդիմության միջեւ: Անդրադառնալով ԱԺ-ում իշխանական ուժերի հարաբերակցության վերաբաշխման շուրջ կանխատեսումներին, Կ.Կարապետյանը կարծիք հայտնեց, թե «առայժմ ուժերի հարաբերակցության որակյալ փոփոխության համար նախադրյալներ չեմ տեսնում»: «Ժողպատգամավորն» իր մոտեցումներն ու սկզբունքներն ունի եւ այնպես չի, որ խումբը կոնյունկտուրային զոհ է գնալու կամ համաձայնելու է քաղաքական դաշտում վինտիկի դեր ստանձնել: Մեր խմբի անդամները հայտնի եւ ազդեցիկ մարդիկ են, իսկ այդպիսիք հեշտ կուլ գնացող չեն»,- ասաց Կ.Կարապետյանը: Վերջինս նաեւ վստահեցրեց, որ ժամանակին խմբին առաջարկվել է կոալիցիայի մաս կազմել, որից իրենք հրաժարվել են. «Պորտֆել ստանալը մենք ինքնանպատակ չենք համարում: Հիմա շատ դեպքերում փորձում են փոխնախարարների պորտֆելների բաժանման գործընթացին դասական մեկնաբանություններ տալ, այդ պրոցեսը վերլուծել՝ քաղաքական հարթության տեսանկյունից, բայց ես առավել քան համոզված եմ, որ կառավարությունում որոշակի լծակներ ձեռքբերելուն ձգտող ուժերի ճնշող մեծամասնությունն այդ պորտֆելները այլ նպատակների համար է ուզում: Ո՞վ չի հասկանում, թե ինչի՞ համար են ուզում»: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել