Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՏՈՒԳՈՂՆԵՐԻ ՀԱՐՁԱԿՈՒՄ ԲՆԱՊԱՀՊԱՆՆԵՐԻ ՎՐԱ

Հոկտեմբեր 24,2003 00:00

ՍՏՈՒԳՈՂՆԵՐԻ ՀԱՐՁԱԿՈՒՄ ԲՆԱՊԱՀՊԱՆՆԵՐԻ ՎՐԱ Բնապահպանության նախարար Վարդան Այվազյանը հաստատեց «Առավոտի» այն տեղեկությունները, թե նախագահի վերահսկողական ծառայությունը, ոստիկանության 6-րդ վարչությունը եւ դատախազությունը միաժամանակյա ստուգումներ են անցկացնում «Անտառտնտեսություն» ձեռնարկությունում: Սակայն մեր հարցին, թե ճի՞շտ են լուրերը, որ ստուգողների այս համախումբ գրոհի նպատակը նախարարին պաշտոնանկ անելը կամ նույնիսկ նրա նկատմամբ քրեական գործ հարուցելն է՝ պատասխանեց. «Ես բացառում եմ քրեական գործի հարուցումը: Տվյալ հարցի լուծումը քրեական չէ: Մենք էինք բազմիցս առաջարկել քննարկել անտառի թեման, քանի որ թե8217 «Հայանտառի» այսօրվա կարգավիճակը, թե8217 անտառների իրավիճակը մտահոգության առարկա է»: Բնապահպանության նախարարության եւս մի ոլորտում՝ հանքարդյունաբերությունում, ստուգումներ իրականացրեց ԱԺ վերահսկիչ պալատը: Սա փոքր-ինչ այլ դեպք է, քանի որ ոլորտն ամբողջովին մասնավոր է, իսկ այդ պալատը չունի մասնավոր ձեռնարկություններում ուսումնասիրություններ անցկացնելու լիազորություն: Վարդան Այվազյանը խուսափում էր այս թեմայով մեր հարցերին պատասխանել, այնուամենայնիվ՝ մի քանի անգամ տրված հարցից հետո, թե իրավունք ունեի՞ն ստուգումներ անցկացնել այդ ձեռնարկություններում՝ ասաց. «Իմ խորին համոզմամբ՝ ոչ: Օրենքը հստակ կարգավորում է այդ հարցերը»: Հայտնի է, որ Աժ վերահսկիչ պալատն ուսումնասիրություններ իրականացնում է ԱԺ նախագահի հանձնարարությամբ, եւ դյուրին է կռահելը, թե ինչ գործոններով է այս դեպքում պայմանավորված պրն Բաղդասարյանի շահագրգռվածությունը: Իր մոտալուտ պաշտոնանկության մասին լուրերի առնչությամբ բնապահպանության նախարարն ասաց. «Սա առանձին գործընթաց է: Պաշտոնանկությունը կապում են ոչ լավ կամ վատ աշխատանքի հետ: Եթե կա այդպիսի խնդիր՝ քաղաքական է»: Մեր հարցին՝ կարելի՞ է ակնարկն այսպես հասկանալ, թե քանի որ ինքն անկուսակցական է՝ կոալիցիոն որոշ ուժեր հավակնություններ են դրսեւորում նաեւ այս պաշտոնի նկատմամբ՝ պրն Այվազյանը պատասխանեց. «Դե, բնականաբար: Ձեւավորման ընթացքում կոալիցիայի որոշակի ուժերի կողմից եղել են նաեւ այս նախարարության նկատմամբ հավակնություններ: Լինելով անկուսակցական՝ ես ընդգրկված եմ ՀՀԿ համամասնական ցուցակում, իսկ քաղաքական տվյալ ուժը կոալիցիայի բաղկացուցիչ մաս է եւ նշանակումն իրականացվել է ՀՀ նախագահի կողմից: Եթե կա պաշտոնանկության խնդիր՝ նա էլ կառաջարկի: Սա քննարկման հարց չէ»: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել