Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԶԱՏ, ԲԱՅՑ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ

Հոկտեմբեր 24,2003 00:00

ԱԶԱՏ, ԲԱՅՑ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ԱՄՆ Կանզաս քաղաքի դպրոցում հրազեն կրելու դեպքում աշակերտին հեռացնում են 186 օրով Վերջերս հայաստանցի լրագրողներս հյուրընկալվեցինք ԱՄՆ Կանզաս քաղաքի միջին դպրոցներից մեկում՝ «Indian Woods» անվանմամբ: Դպրոցի տնօրենը խոստովանեց, որ ընդհանրապես ԱՄՆ-ում հանրակրթությունը, ի տարբերություն բարձրագույն կրթության, բավական վատ վիճակում է: Որոշ նահանգներում անգամ կրթական ծրագրեր չկան: Այս դպրոցում ուսումնական ծրագրերը համեմատաբար ընդգրկուն էին, եւ շատ երեխաներ, տնօրենի հավաստմամբ, նույնիսկ դժվարանում էին սովորել: Սական խիստ ասվածը մեզ համար շատ հարաբերական էր: Այս դպրոցում էլ, ինչպես ամերիկյան ցանկացած դպրոցում, աշակերտը աշխարհագրությունից գաղափար է կազմում միայն «բարձր դպրոցում», այսինքն՝ 9-10-րդ դասարաններում: Մինչ այդ նա իր բակից ու իր հայրենիքից այն կողմ ոչինչ չի ճանաչում: Կամ, իրենց պրոբլեմները նշելով, դպրոցի ուսուցիչներից մեկն ասաց, որ իրենց մոտ չկա հսկողություն, ստուգումներ անցկացնելու մեխանիզմ, թե աշակերտը նախորդ ծրագրերին ինչքանով է տիրապետում: Պրոբլեմներից մեկն էլ, ըստ ուսուցչի, այն էր, որ ծնողները սովորաբար կարեւորություն չեն տալիս դպրոցական կրթությանը, աչքաթող են անում իրենց երեխաներին: Կան ծնողներ, որ ծնողական ժողովներին էլ դպրոց չեն գալիս: «Indian Woods»-ում ամեն երկուշաբթի (որոշ դպրոցներում՝ նույնիսկ ամեն օր) երրորդ դասը աշակերտները նվիրում են իրենց հայրենիքին. նրանք պիտի պատմեն եւ երդվեն, թե որքան շատ են սիրում իրենց հայրենիքը, որքան հավատարիմ են նրան: Բացի հիմնական դասերից, երեխաներն ընտրության կարգով անցնում էին աշխատանքի ուսուցում, երգեցողության ու թատրոնի դասեր, եւս մի առարկա, որ սովորեցնում էր՝ ինչպես շփվել մարդկանց հետ: Պարտադիր դասաժամերի մեջ էր մտնում ընթերցանության դասը՝ այն աշակերտների համար, ովքեր չեն սիրում կարդալ: Բացի այդ, ուսուցիչը հատուկ դասեր էր անցկացնում՝ երեխայի բառապաշարը հարստացնելու համար: Բուհ ընդունվելու համար ոչ մի ծնող իր երեխային փողով պարապել չի տա: Մանավանդ որ, 9-րդ դասարանից սկսած աշակերտները ամեն կիսամյակի կես միավոր հավաքելու դեպքում հեշտությամբ կարող են ընդունվել ցանկացած բուհ: Սակայն այլ հարց է՝ կկարողանա՞ն նրանք այդտեղ սովորել կամ, որ ամենակարեւորն է՝ վճարել ուսման համար: Եթե տնօրենը աշակերտի մոտ սիգարետ տեսնի, 3 օրով հեռացնում է դպրոցից եւ տուգանում 30 դոլար: Ի դեպ, նահանգային օրենքով, ծխելու «պաշտոնական» տարիքը 18-ն է: Ամենածանր պատիժը՝ 10 օր զրկել դպրոցից ու ծնող կանչել: Սա՝ ուսման մեջ թերանալու՝ այսպես ասած, թեթեւ հանցանքների դեպքում: Իսկ եթե աշակերտը թմրադեղ է օգտագործել, գործը հասնում է կրթության վարչություն եւ աշակերտը 180 օր զրկվում է դպրոցից: Հրազեն կրելու դեպքում՝ 186 օր, դանակ կրելու դեպքում՝ 8 օր, եթե դանակով սպառնա՝ 186 օր: Այստեղ դպրոցից զրկելն իսկապես պատիժ է, որովհետեւ դա մեծապես ազդում է աշակերտի հոգեբանության վրա, շատ շուտ կորցնում է ընկերներին, բոլորը թարս աչքով են նրան նայում: «Indian Woods»-ում կան ուսուցիչներ, որ համալսարանի պրոֆեսորից ավելի շատ են վաստակում: Միջին աշխատավարձն այստեղ տարեկան 40-50 հազար դոլար է՝ գումարած առողջապահական ապահովագրություն: Թեպետ այս դպրոցում ամենաբարձր աշխատավարձն է՝ Կանզասի մակարդակով: Նահանգը ուսուցիչների համար 5 տարին մեկ ատեստացիա է անցկացնում եւ սերտիֆիկատ է տալիս իր առարկայի գծով, որից հետո միայն ուսուցիչն իրավունք է ունենում աշխատելու: Արդեն թոշակի տարիքում ուսուցիչը ստանում է իր աշխատավարձի 80 տոկոսը՝ կենսաթոշակային ֆոնդի շնորհիվ: Սակայն կենսաթոշակային ֆոնդն այստեղ միայն ուսուցիչների հաշվին չի կուտակվում, այլ նաեւ՝ կրթության վարչության: Ի դեպ, թոշակի տարիքում էլ ուսուցիչը կարող է աշխատել, միայն ուրիշ շրջանում: Այդ դեպքում՝ եւ թոշակ է ստանում, եւ աշխատավարձ: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել