Լրահոս
Օրվա լրահոսը

«Նավսած» քվեատուփեր

Հոկտեմբեր 29,2003 00:00

«Նավսած» քվեատուփեր «Ես կտրականապես մերժում եմ բռնությունը քաղաքականության մեջ», նկատի ունենալով մի քանի օր առաջ Աջարիայում տեղի ունեցած իրադարձությունները, իր ավանդական ռադիոելույթի ժամանակ հայտարարել է Վրաստանի նախագահ Էդուարդ Շեւարդնաձեն: Նշենք, որ տվյալ դեպքում բռնությունը գործադրվել էր Աջարիայի ՆԳ հատուկ ջոկատայինների կողմից, որոնք առանձնակի դաժանությամբ ցրել էին Բաթումի կենտրոնում «Աջարիան առանց Ասլան Աբաշիձեի» կարգախոսի ներքո անցկացվող ցույցը: Սակայն պարզվում է, որ քաղաքական բռնության որոշ տարատեսակներ ծերուկ Շեւարդնաձեի համար այնքան էլ մերժելի չեն: Ըստ «Ռոսբալտ» գործակալության, Վրաստանի բռնություններ չհանդուրժող նախագահն իր զորակցությունն է հայտնել Ադրբեջանի իշխանություններին ընդդիմության ակտիվիստներին ձերբակալելու կապակցությամբ եւ խոստացել՝ նույն կերպ վարվել վրացական ընդդիմության հետ, եթե նոյեմբերի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո «նրանց կողմից փողոցային խժդժություններ հրահրվեն»: Այն, որ ի հեճուկս քաղաքակիրթ հանրության կողմից ընդունված գոնե ձեւական էթիկետի, Շեւարդնաձեն նման ցինիկ հայտարարություն է անում, վրաց վերլուծաբաններից մեկի կարծիքով խոսում է խորհրդարանական ընտրությունները կեղծելու՝ պաշտոնական Թբիլիսիի ակնհայտ կանխատրամադրվածության մասին: «Ադրբեջանի գործող իշխանություններին քողարկված կերպով սատարելով հանդերձ, եվրոպական եւ անգամ ամերիկյան պաշտոնական շրջանակները խստորեն նախատում էին Բաքվին՝ ընդդիմության նկատմամբ գործադրած բռնությունների համար, Շեւարդնաձեն առաջինն է, որ արդարացնում է այդպիսի գործելակերպը»,- նշել է վերլուծաբանը: Ընդհանրապես, գործող իշխանությունների կողմից ընդդիմության նկատմամբ դրսեւորվող քաղաքական ցինիկությունը Հարավային Կովկասում կարծես համընդհանուր ոճի է վերածվում: Իլհամ Ալիեւն իր հիմնական մրցակցին՝ Իսա Ղամբարին առաջարկում էր ավլել հանրապետության քաղաքները եւ գոնե այդ կերպ օգտակար լինել հայրենիքին: Շեւարդնաձեն ընդդիմությանը կոչ է անում «ճանճից փիղ չսարքել», «իրեն չձանձրացնել» եւ փողոցներում աղմկելու փոխարեն գնալ դատարան, հակառակ դեպքում խոստանալով կարգի հրավիրել բոլոր անհնազանդներին: Ինչ վերաբերում է Ռ. Քոչարյանին, ապա «հպարտությամբ» պետք է արձանագրենք, որ այդ առումով տարածաշրջանում նա դեռեւս չի գերազանցվել: Ինչեւէ, հարավկովկասյան «համերաշխության» ակտերն այսքանով, բնավ, չեն ավարտվում: Երեկ հայտնի դարձավ, որ Վրաստանում խորհրդարանական ընտրությունների անցկացմանն աջակցելու համար Հայաստանը մեկ ամսով 1000 թափանցիկ քվեատուփ է տրամադրել Վրաստանին: Այս կապակցությամբ Հայաստանի ԿԸՀ փոխնախագահ Համլետ Աբրահամյանն ու Վրաստանի ԿԸՀ ներկայացուցիչ Նոդար Եփրեմիձեն ստորագրել են համապատասխան պայմանագիր: Նկատենք, որ այս ժեստն առավել, քան խորհրդանշական է: Հիշյալ տուփերն, անկախ իրենց թափանցիկության աստիճանից, լավագույնս են ծառայել ՀՀ իշխանություններին, բայց եւ հայտնի չափով «նավսած են», ուստի՝ մեր ԿԸՀ-ն շտապել է գեթ կարճ ժամանակով ազատվել դրանցից: ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել