Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՈՒԾ ԸՆԿՆԵԼՈՒՑ ՎԱՐԴՈՒՇԻՆ ՄԻ՛ ԴԻՄԵՔ

Հոկտեմբեր 29,2003 00:00

ԼՈՒԾ ԸՆԿՆԵԼՈՒՑ ՎԱՐԴՈՒՇԻՆ ՄԻ՛ ԴԻՄԵՔ Օրերս Արաբկիր համայնքը սնող ջրամբարներից մեկի տարածքում տեղի ունեցած վթարի հետեւանքով անձրեւաջրերը եւ կոյուղաջրերը լցվել էին խմելու ջրի խողովակաշար։ Թեեւ երեկվա դրությամբ, «Երեւանի ջրմուղ-կոյուղու» տարածած հայտարարության համաձայն, վթարը վերացվել է եւ համայնքի ջրամատակարարումը՝ վերականգնվել, սակայն վթարի հետեւանքով մինչեւ բնակչության ջրամատակարարումը դադարեցնելը, մարդիկ մի քանի ժամ շարունակ օգտվել են խմելու ջրից։ Երեկ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի գլխավոր բժիշկ Արա Ասոյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք վարակիչ եւ աղեստամոքսային տրակտի խանգարումներով հիվանդների հոսք չի՞ արձանագրվել։ Ա. Ասոյանի կանխատեսումներով, դեռեւս վաղ է հիվանդների գանգատների մասին խոսելը, քանի որ վարակն ինկուբացիոն շրջան պետք է անցնի, հետո նոր միայն դրսեւորվի, ինչը սպասվում է 1-2 օրից։ Իսկ 3-4 շաբաթ հետո Ա. Ասոյանը չբացառեց դեղնախտի հայտնաբերման դեպքեր։ Մեր ժողովրդի սովորություններին քաջատեղյակ պրն Ասոյանը նաեւ ավելացրեց. «Մեր բնակիչները եթե լուծ են ընկնում, միանգամից չեն վազում հիվանդանոց։ Սկզբում տատիկն է բուժում, հետո՝ հարեւան Վարդուշը, եւ նոր միայն, հիվանդությունը բարդանալու դեպքում, հիվանդանոց են դիմում»։ Ա. Ասոյանի հավաստմամբ, այս դեպքում էլ առողջապահության նախարարությունն ինքն է փորձել միջոցներ ձեռնարկել. «Տեղամասային պոլիկլինիկաների աշխատակիցները տնետուն ընկած հարցուփորձ են անում, թե բնակիչներն ի՞նչ գանգատներ ունեն»։ ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել