Լրահոս
Օրվա լրահոսը

«ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՊ ՉՈՒՆԻ»

Հոկտեմբեր 29,2003 00:00

«ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՊ ՉՈՒՆԻ» Լուսագյուղցիների ու ապարանցիների կոնֆլիկտը չի հարթվում, չնայած պաշտոնյաների տպավորությամբ՝ ինչ-որ համաձայնություն կայացվել էր։ Գյուղացիներն օրերս դարձյալ դժգոհում էին. նախագահական նստավայրի մոտ կազմակերպված ցույցի ժամանակ այն մտահոգությունն էր հնչում, որ եթե իրենց սարից Ապարան քաղաք ջրագիծ անցկացնեն, իրենք կմնան առանց խմելու եւ ոռոգման ջրի։ Իր ընտրատարածքում բորբոքված այս կոնֆլիկտի լուծմամբ զբաղվում է նաեւ ԱԺ պատգամավոր Լեւոն Խաչատրյանը, որին հարցրինք բողոքի նոր ալիքի պատճառները։ Պատգամավորի համոզմամբ, «մարդիկ կան, որոնց ջուրը չի հետաքրքրում, այլ ժողովրդին (լուսագյուղցիներին ու ապարանցիներին) անընդհատ լարվածության մեջ պահելը»։ Թե ովքեր են այդ մարդիկ՝ պարոն Խաչատրյանը չգիտի, «բայց հաստատ կան»։ Հիշեցնենք, սոցներդրումների հիմնադրամի ծրագրով նախատեսվում է Լուսագյուղի սարալանջի ջրերից խողովակներով խմելու ջուր հասցնել Ապարան քաղաք, ինչին դեմ են գյուղացիները։ «Ծրագիրը նորմալ ծրագիր է», ըստ Լ. Խաչատրյանի՝ ոչ մի դեպքում չեն տուժի գյուղացիները, որովհետեւ վայրկյանում 12-50 (նայած տարվա եղանակին) լիտր ջուր է հոսում աղբյուրներից, իսկ Ապարան նախատեսվում է տանել վայրկյանում 5 լիտր հզորությամբ ջուր։ Տեղափոխող խողովակն ավելին տանելու տեխնիկական հնարավորություն չի ունենալու, սակայն «ինչ-որ մարդիկ լուսագյուղցիներին ապակողմնորոշել են»։ «Այդ ջրերը հոսում են իրենց արոտավայրերով, դա իրենց գոյության միակ միջոցն է», բայց «այսօր ջուրը գնում-լցվում է Ապարանի ջրամբար։ Ինչո՞ւ չգնա-լցվի խմելու ջրամբար»,- հարցնում է պատգամավորը: Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել