Լրահոս
Օրվա լրահոսը

Ախթալայի հանքահորերում լռությունը շարունակվում է

Հոկտեմբեր 30,2003 00:00

Ախթալայի հանքահորերում լռությունը շարունակվում է «Մեթալ Փրինս» ընկերության Շամլուղի ստորգետնյա հանքավայրերի 3 տեղամասերի բանվորներն արդեն մեկ ամիս է՝ գործադուլի մեջ են: Գործադուլավորները պահանջում են վճարել կուտակված 8 ամսվա աշխատավարձի պարտքը։ Բանվորները դիմել են նաեւ դատարան, սակայն դատական քաշքշուկից բացի այլ շոշափելի արդյունքների գրեթե չեն հասել: Այս իրավիճակում հանքափորները նույնիսկ չգիտեն՝ ու՞մ բողոքեն՝ «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» (ԼՀԿ) ՓԲԸ-ի՞ն, թե՞ «Մեթալ Փրինս» ընկերությանը։ Կոմբինատը հանդիսանում է առանձին իրավաբանական անձ եւ գործատու, սակայն ֆինանսական միջոցներ չունի՝ ըստ իրենց գործավարության։ Դրա փոխարեն «Մեթալ Փրինսը» տնօրինում է հանքարտադրության շահույթը, մասնակցում է ձեռնարկության կառավարմանը, սակայն լիարժեք սեփականատեր չէ, քանի դեռ չի մարել կոմբինատի նախկին եւ ներկա պարտքերը՝ այդ թվում 50 մլն դրամ աշխատավարձ, շուրջ 150 մլն դրամի պետական պարտք։ ԼՀԿ ՓԲԸ նախկին իրավաբան Հրաչյա Թանդիլյանը սա համարում է «պարտավորությունները միտումնավոր շրջանցելու միջոց»: Մեր հեռախոսազրույցում «Մեթալ Փրինս» ընկերության գլխավոր տնօրեն Վարդան Պապյանը խիստ զարմացավ՝ լսելով գործադուլի մասին։ Նա ասաց, որ պարտքեր ունենալու մասին լուրը սուտ է։ Իսկ լեռնահարստացման կոմբինատի արտադրության գծով տնօրեն Լեւոն Վարդանյանը խոսեց նախկին պարտքերի մասին. «Արդեն մեկ տարի ընկերությունը սիստեմատիկաբար վճարում է աշխատավարձը: Մենք ունենք միայն աշխատավարձի նախկին կուտակումներ»: Հորատող բանվոր Արթուր Հակոբյանը վստահեցնում է՝ 3 ամսվա աշխատավարձի պարտք ունի դեռ 2001 թվականից: Վերջին աշխատավարձն ստացել է այս տարվա մայիս ամսվա դիմաց: Այժմ աշխատանքներ են տարվում նոր շահագործվող բաց հանքավայրում: Ըստ Լ. Վարդանյանի, նոր հանքավայրի շահագործումից հետո կոմբինատը կաշխատի լրիվ ծանրաբեռնվածությամբ։ Ամսական 2000 տոննայի փոխարեն կմշակվի 6 անգամ ավելի հանքաքար։ Մինչ այդ անհիմն է համարում բանվորների բողոքները։ Իսկ բողոքները ոչ միայն աշխատավարձին են վերաբերում։ Հանքավայրի հորատողի օգնական Ռուբիկ Սահակյանը նշում է. «Հանքահորերում պայմանները վատ են, ամսվա 15-20 օրը պարապուրդի մեջ ենք, որի համար չենք վճարվում»։ Ռուբիկ Սահակյանն ասաց նաեւ, թե «ղեկավար կազմի աշխատավարձը 3 էտապով բարձրացել է, բանվորներինը՝ ոչ, ու դրանք ահավոր տարբերություններ ունեն»։ Մինչդեռ աշխատավարձերի մասին տեղեկությունը «Մեթալ Փրինսի» գլխավոր տնօրենը համարեց ընկերության գաղտնիքը ու հրաժարվեց պատասխանել։ ԿԱՐԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ www.hetq.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել