Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ՎԻՃՈՒՄ ԵՆ ՈՐԱԿԻ ՄԱՍԻՆ

Հոկտեմբեր 31,2003 00:00

ՎԻՃՈՒՄ ԵՆ ՈՐԱԿԻ ՄԱՍԻՆ «Էքսիմ Պետրոլ Գրուպ» ընկերության նախագահ Աշոտ Սալազարյանի պնդումը (տես «Առավոտ», 29.10.2003թ.), թե «կան մարդիկ, ովքեր Իրանից անորակ նյութեր են ներկրում եւ վաճառում վառելիքի անվան տակ», սրանով անհավասար մրցակցային պայմաններ ստեղծելով, փաստորեն երկու ֆիրմայի է վերաբերում: Մեր տեղեկություններով, Իրանից Հայաստան դիզելային վառելիք է ներկրում միայն երկու ընկերություն՝ «Ֆլեշը» եւ «Մաքս ֆյուելը» (ընկերությունը պատկանում է Հարություն Փամբուկյանին): Երկուսի ղեկավարներն էլ արձագանքեցին պարոն Սալազարյանի պնդումը մեկնաբանելու «Առավոտի» խնդրանքին, նշելով, որ եթե որակի հետ կապված խնդիրներ կան, թող պետստանդարտը պատասխան տա: «Մաքս ֆյուելի» ղեկավար Ալեքսանդր Միրումյանը ի հավաստումն իր ներկրած դիզելային վառելիքի բարձր որակի, նշեց. «եթե վատը լիներ իմ ներկրած 5-10 ավտոմեքենա վառելիքը, չէր սպառվի նույն օրը»: Ընդ որում, նրա պնդմամբ, վառելիքը էժան չի վաճառվում՝ շուկայական գնով: Իսկ դիզելային վառելիքի շուկայում «Մաքս ֆյուելի» բաժինը, ըստ նրա՝ 6% է: «Ֆլեշի» նախագահ Բարսեղ Բեգլարյանը նույնպես ասաց, թե չի կարծում, որ Սալազարյանի ասածն իրեն է վերաբերում. «Ես պատասխանատու եմ իմ բերածի համար, բացի այդ, նա շատ լավ գիտի իմ լոգոն, որ ամենաթանկ կապիտալը բարի համբավն է»: Այնուամենայնիվ, պարոն Բեգլարյանը համաձայնեց, որ «նրա ասածի մեջ ճշմարտություն կա: Իրանից Հայաստան եկող վարորդները իրենց ավտոմեքենաներում բաքերով եւ այլ տարաներով բերում են այդպիսի նյութ ու վաճառում են Մեղրիից մինչեւ Երեւան: Ամիսը մոտ 1500 տոննա: Ըստ երեւույթին դա է նկատի ունեցել Սալազարյանը: Բայց ի պատիվ մաքսային մարմինների, այդ երեւույթը բավականին կրճատվել է»: Այս հարցի վերջնական պատասխանը Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը կտա, որին նույն խնդրով դիմել է Ա. Սալազարյանը: Իսկ բենզինի շուկայում տեղի ունեցող ուշագրավ զարգացումների մասին՝ վաղվա համարում:Ա. ՈՒ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել