Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«ՎԵՐՆԱՏՈՒՆ»՝ ԱՌԱՆՑ ՏԱՆ

Հոկտեմբեր 31,2003 00:00

«ՎԵՐՆԱՏՈՒՆ»՝ ԱՌԱՆՑ ՏԱՆ Մոսկվայի միջազգային ոչ պետական Լազարյան հումանիտար համալսարանի Գյումրու մասնաճյուղը դեռ իր գործունեությունը չսկսած՝ կորցրել է դիմորդների զգալի մասին: Մոսկվայի «Վերնատուն» կրթամշակութային կենտրոնի լիազոր-ներկայացուցիչ Արա Շիրոյանի ներկայացմամբ, պատճառը տեղական իշխանությունների քար անտարբերությունն ու 2001թ.-ից կրթահամալիր կառուցելու համար իրենց հատկացված 4900 քառ. մետր հողատարածքը ժամանակավոր կացարաններից դեռ չազատելն է: Պայմանավորվածության համաձայն, ազատման աշխատանքները պետք է իրականացներ քաղաքապետարանը՝ այդտեղ բնակվող 5 ընտանիքներին որեւէ կերպ մի այլ տեղում բնակարան հատկացնելով (կամ էլ «Վերնատունը» պետք է իր ուժերով կացարանները տեղափոխի մի այլ տարածք): Իսկ այդ տարածքում գտնվող «Պիոներպալատի» շենքի քանդման աշխատանքները պետք է իրականացնի մարզպետարանը: Երկու տարի շարունակ ոչ մեկը, ոչ էլ մյուսը «Վերնատան» նախագահ, համալսարանի ռեկտոր Վարդգես Հայրապետյանի խնդրանքը չեն մերժել, սակայն «անհասկանալի պատճառներով» չեն էլ կատարել: Լազարյան համալսարանը այս տարի ստիպված Արվեստների ակադեմիայում 6 սենյակ է վարձակալել: Ռուսաստանի հայ համայնքների՝ Մոսկվայի, Կիրովի, Լիպեցկի, Նովոսիբիրսկի շահագրգռությանը, շինանյութերով օգնելու պատրաստակամությանը հակառակ՝ «Վերնատան» ներկայացուցիչները ապրանքը Գյումրի ներկրել չեն շտապում, իրենց իսկ խոսքերով՝ «եթե որեւէ մեկի տարածքում լցնեն, հետո ումի՞ց պիտի պահանջեն»: ՌԴ-ի 38 համայնքներում կիրակնօրյա հայկական դպրոցներ հիմնադրած Վ. Հայրապետյանը նման խոչընդոտի գուցե առաջին անգամ էր հանդիպում: Հետաքրքիր է , թե ինչու երեք տարի առաջ քաղաքապետն ու նախկին մարզպետը առաջարկը գրկաբաց էին ընդունում: ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել