Լրահոս
Օրվա լրահոսը

ՏԵՂԵՐԻ ՎԵՐԱԴԱՍԱՎՈՐՈՒՄԸ ԳՐԵԹԵ ԱՆՀՆԱՐԻՆ Է

Հոկտեմբեր 31,2003 00:00

ՏԵՂԵՐԻ ՎԵՐԱԴԱՍԱՎՈՐՈՒՄԸ ԳՐԵԹԵ ԱՆՀՆԱՐԻՆ Է Երեկ կայացան ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 24-րդ տուրի հանդիպումները։ Արարատ քաղաքում տեղի «Արաքսն» ընդունեց մրցաշարի առաջատար Երեւանի «Փյունիկին»։ Ոչ ոք չէր կասկածում, որ հանրապետության չեմպիոնը եւս երեք միավոր կգրանցի իր օգտին եւ մի քայլ էլ կկատարի դեպի չեմպիոնական բարձունք։ Ինչպես եւ սպասվում էր, հյուրերն ունեցան թե՛ տարածքային, թե՛ խաղային առավելություն, որն իր արտահայտությունը գտավ գրանցված 3։0 հաշվում։ Ուշագրավ է, որ «Փյունիկի» կազմում այս անգամ արդյունավետությամբ աչքի ընկան օրերս Եվրոպայի՝ մինչեւ 17 տարեկանների առաջնության ընտրական մրցաշարում իրենց լավագույն կողմերով դրսեւորած ֆուտբոլիստներից Էդգար Մանուչարյանը, որը դարձավ երկու գոլի հեղինակ եւ Ժորիկ Հովհաննիսյանը։ Ըստ շրջանառվող լուրերի, որոնք առայժմ պաշտոնապես չեն հրապարակվում, Էդգար Մանուչարյանով վերջին շրջանում հետաքրքրվում են եվրոպական մի քանի ճանաչված ակումբներ։ Տուրում, անկասկած, կենտրոնականը Գյումրիում կայացած «Շիրակ»-«Բանանց» հանդիպումն էր։ Այս թիմերը միմյանց մեջ վիճարկում են բարձրագույն խմբի առաջնության արծաթե եւ բրոնզե մեդալները։ Խաղն անցավ լարված ու համառ պայքարում եւ ավարտվեց երեւանցիների հաղթանակով՝ 2։0։ Առաջնության լավագույն ռմբարկու Արա Հակոբյանը կրկին «կատարեց իր պարտականությունը»՝ դառնալով մեկ գոլի հեղինակ։ Նա իր խփած գնդակների թիվն այս մրցաշրջանում հասցրեց 41-ի։ Պակաս հետաքրքիր չէր աղյուսակի միջնամասում հարեւանների՝ «Կոտայքի» եւ «Միկայի» մրցակցությունը, որում թեեւ գրանցվեց չորս գոլ, սակայն հաղթող այդպես էլ չեղավ՝ 2:2։ Եվ, վերջապես, անչափ կարեւոր հաղթանակ տարավ Կապանի «Լեռնագործը», որը հյուրընկալվելիս երեք անպատասխան գնդակ անցկացրեց «Դինամո 2000»-ի դարպասը։ Բարձրագույն խմբի առաջնության ավարտին դեռ չորս տուր կա։ Բայց այսօր արդեն կարելի է վստահորեն ասել, որ «Փյունիկը» հերթական անգամ իր համար ապահովել է Հայաստանի չեմպիոնի կոչումը։ Միհայ Ստոյկիցայի թիմը 2-րդ տեղում ընթացող «Բանանցին» գերազանցում է 7 միավորով եւ դժվար թե մնացած 4 հանդիպումներում չկարողանա 6 միավոր վաստակել։ Արծաթե մեդալները բաժին կհասնեն «Բանանցին», որն իր հերթին 10 միավոր ավելի ունի վաստակած, ամենայն հավանականությամբ, երրորդ մրցանակակիր դարձող «Շիրակից», որին հավասարվելու եւ շրջանցելու միայն տեսական հեռանկար ունի 6 միավորով ետ մնացող Աշտարակի «Միկան»։ Երեկվա հաղթանակից հետո աղյուսակի վերջնամասում նոր լարվածություն ստեղծեց նախավերջին տեղում ընթացող «Լեռնագործը», որը «Դինամո 2000»-ին արդեն զիջում է ընդամենը 3 միավորով։ Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել