Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՍԱՌԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ Է

Նոյեմբեր 01,2003 00:00

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՍԱՌԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ Է Այդպես է իրավիճակը բնութագրում Լյուդմիլա Հարությունյանը «Հետընտրական շրջանում Հայաստանի իշխանությունները կոմպլեմենտար քաղաքականություն են վարում նաեւ ներքին քաղաքականության ոլորտում»,- այս կարծիքին է «Արժանապատիվ ապագա» կուսակցության լիդեր, սոցիոլոգիական գիտությունների դոկտոր Լյուդմիլա Հարությունյանը։ Կոալիցիոն կառավարության ձեւավորումը մեր զրուցակիցը համարում է այդ քաղաքականության ամենավառ դրսեւորումը։ Բացի այդ, տիկին Հարությունյանը գտնում է, որ հետընտրական Հայաստանում արհեստական պատնեշ դրվեց կուսակցությունների առջեւ, որով՝ «փորձ է արվում արհեստականորեն կրճատել կուսակցությունների թիվը»։ Սրանով, ըստ մեր զրուցակցի, իշխանությունը ձեռք բերեց ավելի կառավարելի վիճակ թե՛ գործադիր, թե՛ օրենսդիր եւ թե՛ ընդդիմադիր դաշտում։ Խաղից դուրս իրավիճակում հայտնված կուսակցություններին՝ «Արժանապատիվ ապագա», ՀԺԱՄ, ՀՌԱԿ եւ այլն (ի դեպ, տիկին Հարությունյանի համոզմամբ, դրանք հաղթահարել են 5%-ի սահմանը), մեր զրուցակցի կարծիքով՝ «հասկացրին, որ քաղաքական դաշտում փոքր կուսակցությունների համար այլեւս տեղ չկա եւ ուղղակի առաջարկ արվեց՝ տարրալուծվել մեծ կուսակցություններում»։ Կուսակցությունները տարբեր կերպ արձագանքեցին դրան, իսկ «Արժանապատիվ ապագան»՝ «այս խնդիրը կլուծենք գաղափարական մոտիվներից ելնելով։ Մենք ձեւավորվել ենք որպես գաղափարախոսական ուժ եւ այդպիսին էլ կմնանք։ Չենք կարող «ճկուն» գտնվել եւ պատեհապաշտ գործելակերպ ընտրել։ Այլ արժանապատվորեն կպահենք մեր սկզբունքը»։ Դիտարկմանը, որ գաղափարական կոալիցիայում հայտնվելը չի բացառվում, Լ. Հարությունյանն այսպես արձագանքեց. «Երեք տարի առաջ մենք մեծ ջանք թափեցինք, որ ազատական-ժողովրդավարական ուժերի ալյանս կայանա։ Սրան խանգարում է մի մեծ հանգամանք. ազատական մտածելակերպի սոցիալական բազան մեզանում հազիվ 10-15% է։ Ուստի ոչ մի ռացիոնալ մտածողություն ունեցող կուսակցություն չի գնա այդ գաղափարի ետեւից»։ Սակայն երկրի համար, որտեղ աղքատ բնակչությունը 50% է կազմում, նման իրավիճակը տիկին Հարությունյանը «նորմալ» երեւույթ է համարում։ Միաժամանակ՝ «մեր երկիրը բարեփոխումներ է ազդարարել, որոնք գնում են դեպի ազատականություն։ Եթե չկա ազատական ուժերի ալյանսը, ո՞ր ուժերն են բարեփոխումների հենարանը՝ կոալիցիա՞ն, ՀՅԴ եւ ՀՀԿ սոցիալիստական ազգայնական գերակշռությամբ եւ ՕԵ՞-ն, որի գաղափարախոսությունը հստակեցման կարիք ունի»,- ասաց Լ. Հարությունյանը: Եվ ըստ այժմ՝ «աջակողմյան ալյանսի անհրաժեշտությունը Հայաստանում ավելի է մեծացել»,- վստահ է մեր զրուցակիցը։ «Հայաստանում սառը քաղաքացիական պատերազմի իրավիճակ է»,- պատասխանեց Լ. Հարությունյանն այն հարցին, որ աջ ուժերի դաշինք արդեն կա եւ արդյո՞ք «Արժանապատիվ ապագան» պատրաստվում է համալրել այն։ Ապա շարունակեց. «ՀՀՇ-ական գաղափարախոսության ներքո ձեւավորված աջերի դաշինքում, ովքեր իրենց հետ չեն եղել՝ շարունակում են մնալ անցանկալի անձ։ ՀՀՇ-ն չի ընկալում այլ ուժերի եւ չի ընկալվում նրանց կողմից։ Կառավարական ալյանսը շատ երջանիկ է իր ալյանսով եւ ուրիշներն անցանկալի են։ Նրանք, ովքեր խոսում են այն մասին, որ Հայաստանը բոլորիս երկիրն է եւ բարեփոխումները բոլորիս գործն է՝ մնում են չհասկացված անկախության առաջին օրվանից։ Զուգահեռաբար արտագաղթն ու գործազրկությունը աճում են, աղքատությունը նույնպես, ծնելիությունը նվազում է, ԼՂՀ հարցը լուծված չէ, տարածաշրջանն աշխարհաքաղաքական նոր ձեւավորումների եւ գլոբալիզացիայի փուլում է,- ասաց տիկին Հարությունյանը, ապա հարց տվեց,- Իսկ ինչո՞վ են զբաղված մեր քաղաքական ուժերը, ովքե՞ր եւ ի՞նչ մեթոդներով են կարգավորում մեր քաղաքական խնդիրները։ Այսպիսի ռիսկի պարագայում մենք պետք է դադարեցնենք անձնական եւ քաղաքական անհանդուրժողականությունը»,- կոչ է անում Լ. Հարությունյանը։ Ինչ վերաբերում է խաղից դուրս հայտնված կուսակցություններին՝ «նրանք հանկարծակիի են եկել,- անկեղծացավ մեր զրուցակիցը։- Մինչեւ այսօր նրանք տեսնում էին իրենց տեղը քաղաքական դաշտում, այսօր արդեն նոր դերի փնտրման մեջ են եւ ես «կեցցե» կասեմ այն կուսակցությանը, որը կգտնի այդ դերը»։ Լ. Հարությունյանը մտահոգված է նաեւ «սփյուռքի ներխուժմամբ» մեր ներքաղաքական դաշտ. «Մոսկվայում տեղի ունեցած համահայկական համագումարն ինձ համար տարօրինակ է։ Հիմա մենք ի՞նչ ձեւավորեցինք, ի՞նչ ենք ասում, որ Պուտինը եկավ մեր սփյուռքը երաշխավորե՞ց, օրհնե՞ց ու հետո այդ սփյուռքը պետք է մտնի մեր քաղաքական դաշտ, այն տարածաշրջանում, որն այսօր ամերիկյան գերճնշման տա՞կ է գտնվում։ Լինելու են միայն Ռուսաստանի զենքը տարածաշրջանում»։ Այս առումով տիկին Հարությունյանի կարծիքով, տարածաշրջանում աշխարհաքաղաքական նոր խմորումներ են լինելու եւ «մեր ներկուսակցական խմորումները կհարմարեցվեն դրանց։ Ցավոք, Հայաստանի հարցերը չեն լուծվում կուսակցությունների խոհանոցներում»,- ամփոփեց նա։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել