Լրահոս
Օրվա լրահոսը

ՓՐԿՉԻՆ ՓՐԿԵԼ ԵՆ

Նոյեմբեր 01,2003 00:00

ՓՐԿՉԻՆ ՓՐԿԵԼ ԵՆ Երեկ «Ազգային միաբանության» համագումարում էլ Արտաշես Գեղամյանը մի հայտարարություն արեց, որն արել էր այլ առիթներով եւս: Այն է, թե՝ Տիգրան Նաղդալյանի սպանությունից հետո «Արտաքին գործերի նախարարն ու այսօր կոալիցիայի մաս կազմող առանձին կուսակցությունների լիդերներ միանվագ ու միարժեքորեն ասում էին՝ սպանության հետեւում փնտրեք այն մարդուն, որը Մոսկվայում ասուլիսներ է հրավիրել եւ հանդես եկել ռուսաստանյան հայտնի թերթում: Այսինքն՝ մատնացույց էին անում Արտաշես Գեղամյանին»: Եվ հերթական անգամ վիրավորված ասաց, թե ընդդիմադիրները «քար-լռություն» են ցուցաբերել՝ «պաշտպանական եւ ո՛չ մի խոսք»: Համագումարի ավարտից հետո «Առավոտը» պրն Գեղամյանին հիշեցրեց, որ բացառությամբ Վարդան Օսկանյանի այդ ակնարկների՝ մնացած ելույթներն ուղղված էին ոչ թե իր, այլ Աշոտ Մանուչարյանի կոչերի դեմ: Եվ Նաղդալյանի սպանության առնչությամբ առաջին ձերբակալություններն էլ Մանուչարյանի հոգեզավակ միավորումից՝ «Սոցիալիստական Հայաստան»-ից էին: Սակայն պրն Գեղամյանը մեր այս նկատառումներին արձագանքեց. «Ձեր հարցը չի համապատասխանում իրողությանը, քանի որ ի սկզբանե հիշատակվել է իմ՝ Մոսկվայում տրված հարցազրույցը: Անգամ իսկ ընդդիմադիր որոշ գործիչներ էին ասում, թե գեղամյանենց թեւը չափազանց անհաշտ է: «Իրավունքի» էջերից մեղադրանքներ հնչեցին, թե մենք անզուսպ ենք, վերագրելով իմ անդաստիարակությանն այն քննադատությունը, որ ես հղում էի իշխանությունների հասցեին: Եթե ուշադիր վերհիշեք՝ սլաքը, ցավոք, ուղղված էր իմ դեմ: Օրը կգա՝ չակերտները կբացեմ, թե նույն ընդդիմադիր դաշտից առանձին գործիչներ ինչպես էին ինձ զգուշացնում, որ հաջորդ թիրախը դու ես: Մեծագույնս լուրջ խնդիներ կարող էին առաջանալ իմ անձի հետ: Այն աստիճանի լուրջ, որ բարեկամներս զրահաբաճկոն ուղարկեցին ինձ»: Նշեց, թե իրեն թիրախ դարձնելու մասին տեղյակ են եղել որոշ ծառայություններ, «որոնց լռակյաց միջամտությունը փրկեց ինձ այն ժամանակ»: «Առավոտը» խնդրեց մեկնաբանել նաեւ այն փաստը, որ կոալիցիային ուղղված համագործակցության առաջարկին ՀՅԴ ներկայացուցիչը պատասխանեց, թե կոալիցիան նաեւ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանն են: «Ուրեմն, մենք կհամագործակցենք շարքային կուսակցականների հետ, որոնք մեզնից պակաս չեն զզված այս իշխանություններից:- պատասխանեց Գեղամյանը:- Չգիտես ինչու, երբ ասում ես, որ կհամագործակցես այս կամ այն կուսակցության հետ՝ մատնանշում են դրանց ղեկավարներին եւ ոչ թե շարքային անդամներին»: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել