Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՆՀՐԱԺԵՇՏ ԵՆ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ»

Նոյեմբեր 04,2003 00:00

«ԱՆՀՐԱԺԵՇՏ ԵՆ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ» Հայտարարվեց «Հանրապետության» համագումարում «Հանրապետություն» կուսակցության արտահերթ 3-րդ համագումարը մեկ նպատակով էր հրավիրվել՝ կուսակցության ծրագիրն ու կանոնադրությունը համապատասխանեցնել «Կուսակցությունների մասին» օրենքին։ Այնուամենայնիվ, կուսակցության առաջին դեմքերը հանդես եկան նաեւ ծրագրային ելույթներով, որոնք կարելի է բնութագրել որպես «Հանրապետություն» կուսակցության հետագա գործունեության կուրսի ներկայացում։ Ալբերտ Բազեյանի ներկայացմամբ՝ դեռեւս 2003-ի ընտրություններից առաջ պարզ էր, որ Հայաստանում հնարավոր չէ ընտրությունների արդյունքում նոր իշխանության ձեւավորումը. «Եթե Ռ. Քոչարյանը մնա իշխանության գլուխ, շատ դժվար է լինելու նրան հեռացնել ընտրությունների ճանապարհով, եւ մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի հասնենք արտահերթ ընտրությունների, հասնենք նրա հեռացմանը կամ հրաժարականին. ցավոք սրտի, ընդդիմադիր դաշտում գործող մի շարք ուժեր եւ գործիչներ պատրաստվում էին հերթական ընտրությունների։ Եվ հիմա կանգնել ենք մի իրավիճակի առջեւ, որ ընտրությունների ժամանակ ոտնահարվել է մեր ժողովրդի կամքը, իշխանություն ձեւավորելու նրա իրավունքը, բռնազավթվել է իշխանությունը։ Այս պայմաններում պետք է փորձենք գտնել ելքեր»։ Ելքերը նշելուց առաջ պրն Բազեյանը նկատեց, որ «Հանրապետություն» կուսակցությունը չի կարող համագործակցել այն մարդկանց, խմբավորումների եւ իշխանության հետ, «որի համար երկիրը ընդամենը տարածք է, պետությունը՝ պաշտոն, ժողովրդի հավատի սպանությունը՝ իշխանությունը երկարաձգելու միջոց»։ Անցնելով իշխանափոխության ճանապարհներին, պրն Բազեյանը կրկնեց, որ այն հնարավոր չէ իրականացնել հերթական ընտրությունների արդյունքում. «փոխելով անձին, իշխանության բովանդակությունը չի փոխվի, ընդամենը լինելու է իշխանության փոխանցում Ռոբերտ Քոչարյանից նրա իրավահաջորդին։ Ուրեմն՝ Հայաստանում անհրաժեշտ են արտահերթ նախագահական ընտրություններ» (դահլիճը բավականին բուռն ծափահարեց.- Մ. Ե.)։ Կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանին դահլիճը հոտընկայս, բուռն ու երկարատեւ ծափահարություններով ողջունեց։ Վերջինս էլ նկատեց, որ ինքը Արտաշես Գեղամյանը չէ եւ այդ ամենը իր ականջը չի շոյում։ Կուսակցության առաջնորդը նկատեց, որ դահլիճում չկա «Հանրապետության» որեւէ տղամարդ անդամ, որի վրա քրգործ հարուցված չլինի (նկատի ուներ ընտրություններից հետո ստեղծված իրավիճակը.- Մ. Ե.), նաեւ ասաց, թե այս կուսակցության անդամ վստահված անձինք էին, որ երբեք իշխանությունների հետ համաձայնության չգնացին ու «ժողովուրդը եթե սպասելիք ունի, ձեզանից ունի»,- դիմելով հավաքվածներին, ասաց Վազգեն Սարգսյանի եղբայրը։ Ըստ նրա. «Ռոբերտ Քոչարյանը չպիտի հեռանա դատավարություններով, դատավարությունների համար պատասխան տալով։ Քոչարյանը չպիտի հեռանա Արցախի հարցը էս կամ էն ձեւով լուծելով։ Ռոբերտ Քոչարյանը չպիտի գնա ունեցվածքը վաճառելու կամ չվաճառելու խնդիրներով։ Ռոբերտ Քոչարյանը պիտի գնա մի պարզ պատճառով՝ ինքը անօրեն է, ինքը չի ընտրվել։ Այ, սրա համար պիտի ինքը գնա»։ Նրա կարծիքով՝ իշխանափոխության գնալու «մեխը սա է, եւ իշխանափոխության գնալը ամբողջությամբ արդարացված է»։ Պրն Սարգսյանը եւս անդրադարձավ անցած նախագահական ընտրություններին, նշելով, որ մինչ իրենք խնդիր էին դրել իշխանափոխության, «մնացած բոլոր կուսակցությունները գնում էին հերթական ընտրությունների։ Այո, էդպես է եղել։ Մենք նորից խնդիր ենք դնում իշխանափոխության, ով գնում է 2008-ին (հաջորդ նախագահական ընտրությունների տարեթիվն է.- Մ. Ե.), թող շարունակի գնալ։ Հավատացեք, որ իմ տարիքի հասուն տղամարդը, քաղաքական էս փորձություններով անցած մարդը որեւէ բան հենց էնպես չի ասում, էն էլ միտինգում, հասարակության առաջ։ Մի անգամ ենք կոչ անելու, էդ անգամը կարող է լինել գիշեր կամ առավոտյան շուտ, էդ մի անգամը կարող է լինել Մատենադարանում, կարող է լինել ուրիշ տեղ, բայց էդ մի անգամով վերջացնելու ենք, վստահ եղեք։ Նույնիսկ կարող է դրա կարիքը չլինի։ Ես ուղղակի շփվում եմ բազմաթիվ տեղերում, բազմաթիվ շրջանակների հետ, կուսակցական եւ ոչ կուսակցական, անկուսակցական մարդկանց հետ եւ պիտի ասեմ, որ շարժը մեծ է, որ ասում են՝ մենք պատրաստ ենք։Ու իսկապես, արդեն ժամանակն է էս մեկ անգամը իրագործելու։ Հավատացեք, որ էս իշխանությունները գնալու են, հավատացեք, որ իրենց ժամանակը սպառված է։ Մեր խնդիրն է ամեն ինչ անել, որ իրենք իրենց չվերարտադրեն։ Մեր խնդիրն է ամեն ինչ անել, որ այս իշխանությունները գնան մեզանով, ոչ դրսով։ Եվ այդ խնդիրը մենք պիտի լուծենք եւ այդ խնդիրը լուծելու շատ ժամանակ չունենք»։ Արամ Սարգսյանը թեպետ փակագծերը չբացեց ու չասաց, թե կոնկրետ ի՞նչ քայլեր են նախատեսված իրենց նպատակն իրականացնելու համար, սակայն վստահեցրեց, որ դա չի լինելու «նախորդ դարի տարբերակներով»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել