Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտին Հովհաննիսյանը փախուստի մե՞ջ է

Նոյեմբեր 11,2003 00:00

Մարտին Հովհաննիսյանը փախուստի մե՞ջ է Ինչպես արդեն հայտնել ենք, նոյեմբերի 7-ին ոստիկանության 6-րդ վարչություն էին տարվել ԱԺ նախկին պատգամավոր, «Կրեդիտ-Երեւան» բանկի նախկին նախագահ Մարտին Հովհաննիսյանի կինը՝ Մարինե Հարությունյանը, քույրը՝ Հերիքնազը եւ որդին։ 6-րդ վարչության նպատակն էր գտնել Մարտին Հովհաննիսյանին, որը, ըստ հարազատների, «գործուղման մեջ է»։ Երեկ մենք զրուցեցինք տիկին Հարությունյանի հետ, որը հայտնեց, որ նոր է Նորքի սուր-վարակիչ հիվանդանոցից վերադարձել։ Իր տասնամյա երեխան այնտեղ էր գտնվում եւ տնային պայմաններում պիտի շարունակի բուժումը։ Տիկին Հարությունյանը հաստատեց, որ նոյեմբերի 7-ին ժամը 11-ից մինչեւ 23:30-ը նրան պահել են 6-րդ վարչությունում։ Մարինեն ասաց, որ Մարտինը նոյեմբերի 5-ին իրեն հայտնել է, որ գնում է Ռուսաստան՝ գործերով։ «Քրոջ տղային՝ Հարություն Սարգսյանին, 4-րդ օրն է՝ պահում են 6-րդ վարչությունում։ Վարորդին էլ երրորդ օրն է, ինչ պահում են»,- «Առավոտին» հայտնեց Մ. Հովհաննիսյանի կինը։ Մենք հետաքրքրվեցինք, թե 6-րդ վարչությունում Մարինեն, մյուս տարվածները բացատրություննե՞ր են գրել, ի՞նչ էին ուզում նրանցից, նա պատասխանեց. «Նստած պահել են։ Ոչ մի բացատրություն։ Ասում էին՝ պետը կպատասխանի։ Խնդրում էի, լաց էի լինում, որ երեխաս սիստեմայի տակ է, վատ է զգում, չէին թողնում։ Վերջում ասացի՝ խիղճ չունեք, նոր ժ.11:30-ին բաց թողեցին եւ ասացին, որ «երեխայի համար ենք բաց թողնում»։ «Առավոտի» տեղեկություններով՝ փնտրվում է ոչ թե (կամ գուցե ոչ միայն) «Լինսի» հիմնադրամի տրամադրած վարկի գործով, այլ մեկ ուրիշ վարկի՝ 5 մլն դոլարի հասնող գումարի հափշտակման մեղադրանքով։ Վերոնշյալ վարկի հետ է կապվում Նոր Նորքի «Մերսեդես» կենտրոնի բացումը, որին, ի դեպ, մասնակցել է նախագահ Ռ. Քոչարյանը։ Ըստ մեր տեղեկությունների, այդ գործով կան 3 ձերբակալվածներ եւ մի քանի հետախուզվողներ։ Ինչո՞ւ հիշեցին Մարտին Հովհաննիսյանին։ Այս հարցի հետ կապված շրջանառության մեջ կա մի վարկած։ Ըստ այդ վարկածի, Մ. Հովհաննիսյանն ակտիվորեն է մասնակցել Աջափնյակի թաղապետի ընտրություններին՝ աջակցելով Արծրուն Խաչատրյանին։ Ըստ մեր աղբյուրի, նոյեմբերի 6-ին մի հետաքրքիր հավաք է տեղի ունեցել՝ թաղապետի պարտված թեկնածու Արման Սահակյանի, «Չերեմուշկի Գեւորգի»՝ Գեւորգ Խաչատրյանի, Աշոտ Աղաբաբյանի («Բուռնաշ») մասնակցությամբ։ Վերջինս Արծրունի շտաբ էր գալիս-գնում։ Գուցե այլ հանգամանքների շարքում, դա՞ էլ դարձավ նախկին բանկիրի մեղքերը հիշելու պատճառը։ Ռ. ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել