Լրահոս
Օրվա լրահոսը

Այդ դատն էլ է վերջանում

Նոյեմբեր 11,2003 00:00

Այդ դատն էլ է վերջանում Ըստ ամբաստանյալ Արմեն Սարգսյանի, սպանությունը չի բացահայտվել «Եթե ես երբեւէ որեւէ մեկին՝ կլինի դա Լյովա Հարությունյանը, Հովհաննես Հարությունյանը՝ «Ապերը», կամ ամբաստանյալներից որեւէ մեկը, ասել եմ, պահանջել եմ, առաջարկել կամ ակնարկել եմ սպանել Տիգրան Նաղդալյանին՝ թող իմ տղան էլ Տիգրան Նաղդալյանի ճակատագրին արժանանա»,- եզրափակելով իր պաշտպանական խոսքն ու դիմելով տուժողի իրավահաջորդներին երեկ դատարանում հայտարարեց Տիգրան Նաղդալյանի սպանության քրգործով ամբաստանվող Արմեն Սարգսյանը: Թեեւ սպանված լրագրողի հայրը հակված չէր որեւէ այլ կարծիք լսել, քան՝ այն, ինչ իրեն մատուցվել է իշխանական շրջանակների եւ դատախազների կողմից, այդուհանդերձ, Ա. Սարգսյանը մի վերջին փորձ արեց հասկացնելու, որ Տ. Նաղդալյանի սպանությունը մնում է չբացահայտված: Բայց մինչ այդ ամբաստանյալն իր խոսքում հատուկ ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ նախաքննության ողջ ընթացքում նախկին մեղադրյալների գրեթե բոլոր ցուցմունքները հակասել են ոչ միայն հենց իրենց, այլեւէ մյուս մեղադրյալների ցուցմունքներին, որ դրանք նախաքննության ընթացքում հետեւողականորեն սրբագրվել են՝ հարմարեցնելու համար մասնավորապես իր ցուցմունքներին: Ա. Սարգսյանի դիտարկմամբ, դատաքննությունն էլ այս քրգործով ոչինչ չի պարզել. «Ոչ մեկի մոտ հարց չառաջացավ, թե 2002-ի դեկտեմբերի 30-ին, երբ «Ապերը» եկել է Արարատ փողը ստանալու, ո՞վ է եղել նրա մեքենայի ղեկին: Դա Գ. Շահբազյանը չէր, ինչպես ասել է «Ապերը», որովհետեւ, քրգործի նյութերով, Գ. Շահբազյանն այդ պահին Ջոն Հարությունյանի եւ Ֆելիքս Առուստամյանի հետ արդեն Ղարաբաղի ճանապարհին է եղել: Ես տեսել եմ, որ «Ապերի» մեքենայի ղեկին 24-25 տարեկան տղա է եղել»: Վարկած կա, ի դեպ, որ այդ երիտասարդը հենց «Ապերի» դստեր ամուսինն է, որն ազատության մեջ է, եւ որին քրգործում ներքաշելու սպառնալիքով էր նաեւ հնարավոր եղել լռեցնել «Ապերին», երբ նա փորձել է դատարանում ցուցմունքներ տալ: Ամբաստանյալ Ա. Սարգսյանը նաեւ արձանագրեց, որ դատելով քրգործի նյութերից, «Ապերը» Տ. Նաղդալյանին սպանելուց հետո եւ մինչ այդ էլ հանցախմբի անդամներին ֆինանսավորել է: Այսպես, մինչեւ Ա. Սարգսյանից փող ստանալը սպանության անմիջական մասնակիցներին եւ Գ. Շահբազյանին արդեն 25 հազար դոլար էր տվել: «Որտեղի՞ց»,- հռետորական հարցադրում արեց Ա.Սարգսյանը: Ի դեպ, Արմեն Սարգսյանի պաշտպան Ռոբերտ Գրիգորյանն էլ դատարանում հրապարակած իր պաշտպանական ճառում հայտարարեց, թե Տ. Նաղդալյանն այն անձնավորությունը չի եղել, որի սպանությունը նրա գործընկերներն ու մեղադրողներն օգտագործեն քննությունը միակողմանի տանելու եւ այն անպայմանորեն Սարգսյանների ընտանիքի վրա ջարդելու համար: Նա իր ելույթում էլ ակնարկեց, որ քրգործի եւ նախաքննությունը, եւ դատաքննությունը մեղադրողներն օգտագործեցին ոչ թե հասարակական հնչեղություն ունեցող այդ սպանությունը իսկապես համակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ քննելու, հանցագործությունը բացահայտելու համար, որքան՝ այն Ա. Սարգսյանի վրա անպայմանորեն բարդելու համար, ինչի համար ոչ նախաքննությամբ, ոչ դատաքննությամբ ձեռքբերված ապացույցները բավարար չեն: Պաշտպանի փաստարկներին մենք առաջիկայում կանդրադառնանք ավելի հանգամանալից: Առայժմ ասենք միայն, որ Ա.Սարգսյանի պաշտպաններ Ռոբերտ Գրիգորյանն ու Ամալյա Ավագյանը իրենց վստահորդին առաջադրված մեղադրանքները անհիմն համարեցին եւ դատարանին միջնորդեցին նրա մասով արդարացման վճիռ կայացնել: Մյուս ամբաստանյալների պաշտպաններն իրենց ճառերում դատարանին միջնորդեցին նկատի ունենալ իրենց պաշտպանյալների արարքում առկա մեղմացուցիչ հանգամանքները, ինչպիսիք էին, օրինակ՝ իրավապահ մարմիններին ինքնակամ ներկայանալը, հանցագործության բացահատմանն օժանդակելը, Արցախի ազատամարտին մասնակցած լինելն ու այլն: Ըստ այդմ, նրանք խնդրեցին մեղմ վարվել իրենց պաշտպանյալների հետ: Ամբաստանյալ Լյովա Հարությունյանի պաշտպան Վաղինակ Գեւորգյանն էլ իր պաշտպանյալի համար մեղադրողների պահանջած մեկ տարի ազատազրկումը շատ համարեց եւ միջնորդեց նրա մասով քրգործը կարճել, որովհետեւ նա Տ. Նաղդալյանին սպանելու պատվեր, իբր, երբեւէ չէր տվել, այլ՝ այդ մասին պարզապես իր մտորումներն էր փոխանցել հանցախմբին եւ երկու օր անց էլ հրաժարվել էր այդ մտքից: Մեղադրողների ճառից իր դժգոհությունը հայտնեց նաեւ ամբաստանյալ Ֆելիքս Առուստամյանը: Նա իր պաշտպանական ճառում ասաց, թե մեղադրողներն իր համար «շատ են ուզել», որ ինքը սպանությունից ինքնակամ հրաժարվել է, բայց եթե ուզում են՝ «կարան 13-էլ տան»: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել