Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԸ ՍՊԱՌՎՈՒՄ Է

Նոյեմբեր 19,2003 00:00

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԸ ՍՊԱՌՎՈՒՄ Է Պնդում է «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը – Ավարտվեց Տիգրան Նաղդալյանի սպանության դատավարությունը եւ հայտարարվեց դատավճիռը: Ի՞նչ ակնկալիքներ Դուք ունեիք: – Ակնկալիքներ կարելի է ունենալ այն դեպքում, երբ երկրում գործում է արդարադատության կայացած ու անկախ համակարգ: Իսկ այդ դեպքում Արմեն Սարգսյանն ընդհանրապես չէր ձերբակալվի: Ոչ ես, ոչ մեր ընտանիքը դատարանից առանձնապես ակնկալիքներ չունեինք, ասածս ապացուցում են դատաքննության ընթացքում տեղի ունեցած բազմաթիվ խախտումները: Այդ խախտումների մասին բազմիցս խոսվել է: Մինչ դատաքննությունն էլ պարզ էր հրահանգը: Պարզ էր՝ Ռոբերտ Քոչարյանի ոսկերչական գործարանում ասածներից: Սա ակնհայտ հրահանգ էր, այդ ժամանակ դեռ ցուցմունքներ էլ չկային Արմեն Սարգսյանի դեմ: Արդարադատությունը մեր երկրում դարձել է իշխանությունների ձեռքի մահակը՝ ում պետք է պատժելու, ում պետք է՝ ահուսարսափի մեջ պահելու համար: Պատկերացրեք, որ եթե աղմկահարույց ու հասարակության ուշադրության կենտրոնում գտնվող գործերը նման մակարդակով են սարքվում եւ «իրականանում», ապա ինչ է կատարվում սովորական մահկանացուների գործերի հետ: – Հոկտեմբերի 27-ի եւ Տիգրան Նաղդալյանի սպանության գործով դատավարությունները ավարտվեցին գրեթե զուգահեռ: Ստացվեց այնպես, որ հասարակությանը տեղեկատվություն էր հաղորդվում երկու դատավարությունների մասին միաժամանակ: Ձեր կարծիքով սա պատահականությու՞ն է: – Պատահականություններ նման դեպքերում չեն լինում: Իշխանությունը կրկնակի խնդիր էր լուծում՝ ստեղծել 27-ի դատաքննության, իր կարծիքով, «համարժեք» գործ եւ հակակշիռ, հասարակության ուշադրությունը շեղել 27-ից, վերջնականապես վարկաբեկել, դարձյալ իր կարծիքով, Սարգսյանների ընտանիքը: Հիշու՞մ եք Վազգեն Սարգսյանի նկատմամբ սպանությունից հետո քրեական գործ հարուցելու փորձը… Արմեն Սարգսյանը պիտի դատապարտվեր, որովհետեւ նախ Վազգենի, ապա իմ եղբայրն էր: Երկու դատավարություններն էլ ղեկավարվում էին միեւնույն կենտրոնից. նախագահական նստավայրից: Երկրի նախագահը միշտ էլ դիտորդ է եղել՝ նա երկրի հետ գործ չունի եւ զբաղվում է դատավարություններ հնարելով ու «արդարադատություն» իրագործելով: Սարգսյաններ-Քոչարյան հարաբերություններում ի սկզբանե Քոչարյանը պարտված ու դատապարտված է: Դա է ապացուցում նաեւ Արմեն Սարգսյանի նկատմամբ կայացած դատավճիռը՝ Քոչարյանը փորձում է հաղթել: Հասարակությունը չի հավատում ոչ Արմենի մեղավորությանը, ոչ Քոչարյանի դատարանին: Հոկտեմբերի 27-ից հետո իշխանության ազդեցության տակ գտնվող լրատվամիջոցները նույնիսկ այն ժամանակ, երբ ես վարչապետ էի, փորձում էին վարկաբեկել զոհերի հիշատակը՝ կոնկրետ Վազգեն Սարգսյանի եւ Կարեն Դեմիրճյանի: Նույնիսկ հետմահու իշխանությունները չէին հանդուրժում Հայաստանի ազգային հերոսների հեղինակությունը: – Դուք բողոքարկելո՞ւ եք դատարանի վճիռը: Եթե այո, ի՞նչ սպասելիք ունեք: Քանի որ մեզանում վատ ավանդույթ է ձեւավորվել, քաղաքական աղմկահարույց գործերի վճիռները փոփոխվում են իրավիճակի փոփոխության հետեւանքով: – Ես հակված չեմ քաղաքական իրավիճակի փոփոխության հետեւանքով քաղաքական որոշումներ կայացնել՝ արդարացնել կամ դատապարտել: Այս տարբերակը ստվեր է գցում այն մարդկանց վրա, ովքեր քաղաքական իրավիճակի փոփոխության հիման վրա են ազատվում: Սա փաստորեն կոմպրոմատ է տվյալ մարդկանց վրա: Այնուամենայնիվ՝ նույնիսկ այս փուլում մենք պետք է բողոքարկենք՝ իմանալով, որ նույն դատական համակարգն է, որ հաջորդ երեք դատավորներին եւս հրահանգ է տրվելու գործը նույն կերպ շարունակել, մենք դիմելու ենք Հայաստանում գործող արդարադատության համակարգի բոլոր ատյաններին: Բազմաթիվ մարդիկ, իսկ իմ շփումները շատ լայն շրջանակ են ընդգրկում, այդ թվում նաեւ իշխանական թեւը ներկայացնող գործիչներ, ասում են, որ չեն հավատում Արմեն Սարգսյանի մեղավորությանը եւ չեն թաքցնում, որ ամեն ինչ քաղաքական ենթատեքստում է: Իհարկե, քաղաքական իրավիճակի փոփոխության պարագայում միայն հնարավոր կլինի բացահայտել հոկտեմբերի 27-ը՝ սա մենք ասել ենք «Հանրապետություն» կուսակցության առաջին իսկ հայտարարությամբ: Միայն իշխանափոխության հետեւանքով է հնարավոր ամբողջությամբ բացահայտել լրագրող Տիգրան Նաղդալյանի սպանության գործը: Ես որպես ՀՀ քաղաքացի շահագրգռված եմ, որ այս սպանությունը բացահայտվի ամբողջությամբ: Խնդիրը հանցագործությունը բացահայտելն է: Նախաքննության ու դատաքննության իմիտացիաներով երկիր չես պահի: Մարդը պիտի հավատա իր երկրին ու իր իշխանությանը: Դա կլինի մոտ ապագայում: Հարցազրույցը վարեց ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել