Լրահոս
Օրվա լրահոսը

Տիրացու անպետք մյուզիկանտ

Նոյեմբեր 19,2003 00:00

Տիրացու անպետք մյուզիկանտ Այդ կարծիքին է հնչակյան ատենապետ Ջորջ Հակոբյանը «Այս տիրացուն նաեւ ինձ հեռաձայնել եւ ասել է՝ հանկարծ Էջմիածին չգաք, որովհետեւ արյունահեղություն կլինի։ Իմ մեջքին գեներալ Մանվելն ու Հակոբ Հակոբյանն են կանգնած»,- Հնչակյան կուսակցության երեկ կայացած վարչության նիստում արտահայտվեց կուսակցության ատենապետ Ջորջ Հակոբյանը։ «Այս տիրացուն»՝ կուսակցության Էջմիածնի մասնաճյուղի նախկին ատենապետ եւ համատեղությամբ Շողակաթ եկեղեցու նույնպես նախկին սարկավագ՝ Կարապետ Պողոսյանն է, որը Ջ. Հակոբյանի խոսքով՝ «հերյուրանքներ է տարածում» իր մասին։ Հերյուրանքները դրսեւորվում էին «գանձագողության» մեղադրանքներով։ Իր հերթին Ջ. Հակոբյանը հիշեց, որ կուսակցությունը գանձ ուներ 1998 թվականին (մոտ 15 հազար դոլար), որը «Էռնեստ Սողոմոնյանն այս տիրացուի օգնությամբ հափշտակեց»։ Ի դեպ, վկայակոչված Հակոբ Հակոբյանը (ԱԺ պատգամավորը Էջմիածնի տարածքից), մեզ հետ զրույցում ասաց, որ ինքն՝ «այդ տղայի հետ (Կարապետ Պողոսյանի.- Ն. Գ.) ծանոթացել է նախընտրական հանդիպումների ժամանակ, բայց հետո ոչ մի կապ չի եղել։ Հիմա տեսնեմ՝ կարող է եւ չճանաչեմ»։ Ջորջ Հակոբյանը տեղեկացրեց նաեւ, որ այդ նույն տղան աչք է ունեցել իր հնչակյան «գահի» վրա։ Հանրապետությունից պրն Ջորջի բացակայելու ժամանակ «տիրացուն» հայտարարել է, թե՝ «Հակոբյանին հաշված օրեր են մնացել, ես եմ ատենապետ լինելու»։ Հնչակների առաջնորդը վստահ է, որ «գործիք դառնալով՝ այս մարդիկ ուզում են պառակտել կուսակցությունը։ Մեր լավ հարաբերություններն Արամ Կարապետյանի հետ եւ կուսակցության հզորացումը ոչ միայն իշխանական, այլ նաեւ մյուս քաղաքական շրջանակներին դուր չի գալիս»։ Սույն վարչության նիստում ՍԴՀԿ-ականները նաեւ իրենց շարքերը գրկաբաց ընդունեցին Հայաստանի կոմունիստների օրերս լուծարված միության (Իշխան Թովմասյանի ղեկավարած) անդամներին։ Կուսակցությունների գաղափարական տարբերությունների մասին մեր դիտարկմանը Ջ. Հակոբյանն այսպիսի պատասխան տվեց. «Կոմունիստներն ընդունեցին ազատ շուկայական հարաբերությունները, դա էլ սոցիալ-դեմոկրատական գաղափարախոսությունն է»։ Ն. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել