Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅ ԿԱՆԱՅՔ ՊԱԿԱՍ ՉԵՆ ՄԵՐԻԼԻՆ ՄՈՆՐՈՅԻՑ

Նոյեմբեր 19,2003 00:00

ՀԱՅ ԿԱՆԱՅՔ ՊԱԿԱՍ ՉԵՆ ՄԵՐԻԼԻՆ ՄՈՆՐՈՅԻՑ Կարծում է դիզայներ-մոդելյոր Նաիրա Աբգարյանը «Հայաստանում կան նախադրյալներ նորաձեւության ոլորտում հաջողության հասնելու, հավասարի իրավունքով աշխարհի հետ երկխոսություն վարելու՝ մեր մոդելները ոչ միայն արտերկրում ցուցադրելու, այլեւ վաճառելու համար»,- վստահ է Նաիրան։ Նրա կարծիքով, հայ մոդելյորներին փոքր-ինչ պակասում է ռիթմը։ Վերջիններս դանդաղում են, իսկ նորաձեւությունը չի սիրում սպասել։ Շուտով Ն. Աբգարյանը կմեկնի Իտալիա՝ աշխարհահռչակ մոդելյոր Ռոբերտո Կավալլիի մոտ կատարելագործվելու։ Նա խոստանում է, որ, ի տարբերություն իր շատ գործընկերների, անպայման կվերադառնա Հայաստան։ Քանի որ հայ կանայք իրենց գեղեցկությամբ չեն զիջում այլազգիներին, ճաշակով՝ նույնպես, եւ իրավունք ունեն նորաոճ հագնվելու։ Հայ դիզայներ-մոդելյորին «հայտնաբերել» է իտալացի մաեստրո Պինոն։ Պինոյին շատ էին դուր եկել Ն. Աբգարյանի մոդելները, որոնցով անցյալ տարի Սոչիում կայացած ժամանակակից պարերի միջազգային մրցույթում բեմ են բարձրացել Երեւանի պարարվեստի ուսումնարանի ստեպ ստուդիայի պարողները։ «Ռ. Կավալլիի մոտ կատարելագործվելու առաջարկությունը ստացա մաեստրո Պինոյից, որը այդ մրցույթի ժյուրիի անդամ էր»,- տեղեկացրեց Ն. Աբգարյանը։ Նրան հարազատ է իտալացի Կավալլիի «ձեռագիրը», թեկուզ այն պատճառով, որ վերջինս հանդերձավորում է հիմնականում բեմի մարդկանց՝ արտիստներին, ինչով տարիներ շարունակ զբաղված է նաեւ ինքը՝ Նաիրան։ Տարիներ առաջ, Երեւանի գեղարվեստի ակադեմիան ավարտելուց հետո, մի խումբ համախոհների հետ որոշել էր զբաղվել արվեստի այդ ոլորտով (մոդելյորությամբ), սակայն պարզվել էր, որ «միայն էնտուզիազմով երկար շարունակել չես կարող»։ Չնայած դիզայներ-մոդելյորի աշխատանքը մասնագետների կողմից գնահատվել է «Հայաստանի համար շատ լավ է» գնահատականով, Ն. Աբգարյանը այդ ամենը քիչ է համարում։ «Ի՞նչ է նշանակում «Հայաստանի համար շատ լավ» արտահայտությունը։ Չէ՞ որ Հայաստանը կղզիացած չէ, ունի հարեւաններ, հայ կանայք էլ պիտի կարողանան պահպանել իրենց դեմքը, անհատականությունը։ Չեմ կարծում, թե յուրաքանչյուր հայ կին Մերիլին Մոնրոյի նման 3 րոպե հասարակության մեջ երեւալու համար կպատրաստվի 30 ժամ։ Բայց կարելի է, չէ՞, որ նա էլ բավարարված զգա իրեն, ինչի նախապայմանը դիզայնն է, ոճը»,- կարծում է Ն. Աբգարյանը։ Ըստ դիզայներ-մոդելյորի, երեւանյան «ֆիրմա» խանութներից շատերում մեծ մասամբ վաճառում են անցած տարիների մոդելներ կամ էլ պարզապես կեղծ են. «Փաստը, որ Ռ. Կավալլիի ամառային ջինսե տաբատները արտերկրում 6-7 հարյուր եվրո արժեն, իսկ մեզ մոտ՝ 50 դոլար, արդեն խոսուն է։ Ավելին, դրսում կեղծիքներից խուսափելու համար սերիական թողարկման արտադրանքի վրա փակցվում է հայտնի կուտյուրյեի անվամբ պիտակներ, նոր հանվում վաճառքի»։ Ն. Աբգարյանը գտնում է, որ հայ կինը պետք է կրի հայի ձեռքով պատրաստած հագուստը, քանի որ հայկական զարդանախշերով զգեստները չեն զիջում իտալական, ֆրանսիական մոդելներին։ Մոդելյոր-դիզայներին վրդովեցնում է հայաստանյան հեռուստա եւ ռադիոալիքներով վերջերս հնչող գովազդը, որն ավարտվում է «Փարիզն է հանդերձավորում աշխարհի կանանց» արտահայտությամբ։ «Լավ, անշուշտ, Փարիզը մնում է Փարիզ, իսկ ո՞ւր են մեր թասիբով տղամարդիկ։ Թող ներդրումներ կատարեն նորաձեւության ոլորտում, որպեսզի միայն Փարիզը չհանդերձավորի իրենց կանանց»,- կոչ է անում դիզայները։ Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել