Լրահոս
Օրվա լրահոսը

«ՕՐԻՆԱԳԻԾ ՄԱՏՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»

Նոյեմբեր 21,2003 00:00

«ՕՐԻՆԱԳԻԾ ՄԱՏՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» Պատգամավորների մեծամասնությունը բավական լուրջ մտահոգություններ ունի «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքի նախագծի առնչությամբ: Այս եզրակացությանը հանգեցինք՝ երեկ օրենքի այդ նախագծի առնչությամբ զրուցելով խորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ: Օրենքի նախագծին կողմ էին միայն «Ազգային միաբանությունն» ու «Օրինաց երկիրը»: Առաջինի ներկայացուցիչ Գագիկ Կոստանդյանը նշեց, թե ամբողջությամբ վատ օրենք չէ: Եվ միայն այն դրույթին էր դեմ, ըստ որի՝ քրեակատարողական ծառայությանը թույլատրվում է դիտումներ, նամակագրության վերահսկողություն, հեռախոսային խոսակցությունների լսում եւ օպերատիվ-հետախուզական այլ միջոցառումներ իրականացնել միմիայն նախնական կալանքի վայրերում եւ ուղղիչ-աշխատանքային հիմնարկներում: «Օպերաշխատողը հետո պետք է ստացված նյութերը դնի թղթապանակը եւ այդպիսով սահմանափակվի՞, թե՞ համապատասխան ծառայություններին ուղարկի հետագա գործողությունների համար»,- հարցնում էր պրն Կոստանդյանը: Սակայն նրա այս մտահոգությունները փարատելի են, քանի որ ուժայինները տվյալներ են փոխանցում միմյանց: Մինչդեռ ավելի լուրջ է այն մտահոգությունը, թե օրենքը հակասահմանադրական է, քանի որ Սահմանադրության 20 հոդվածի համաձայն՝ քաղաքացիների հեռախոսային խոսակցությունների եւ նամակագրության գաղտնիության իրավունքը կարող է սահմանափակվել միայն դատարանի որոշմամբ: Իսկ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրինագծի 13 հոդվածի 8 եւ 9 մասերով, նաեւ 14-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսվում են դեպքեր, երբ հեռախոսային խոսակցությունների լսումը կամ նամակագրության վերահսկումը կարող է կատարվել առանց դատարանի որոշման: Գագիկ Կոստանդյանը կարծում է, թե քրեական հանցագործությունների պարագայում նման միջոցներն արդարացված են. «Պատկերացնո՞ւմ եք, եթե դատարան գնան եւ հայտնեն, թե սպանության կազմակերպիչների կամ խոշոր գողերի գործով այսինչ վայրում գաղտնալսումներ են անելու՝ քանի՞ հոգի կիմանան այդ մասին: Գաղտնիությունը չբացահայտելու համար կարելի էր լսումներից հետո՝ 24 կամ 48 ժամվա ընթացքում ներկայանալ դատարան»: «Օրինաց երկրի» փոխնախագահ Մհեր Շահգելդյանը նույնպես խնդիրը դիտարկեց օպերատիվ իրավիճակի տեսանկյունից. «Լինում են դեպքեր, երբ խոսքը վերաբերում է մարդու ֆիզիկական գոյության, անձնական անվտանգության նկատմամբ սպառնալիքներին կամ ահաբեկչական գործողությանը: Եվ համապատասխան մարմինները ստիպված են լինելու մինչեւ դատարան հասնելը՝ սկսել օպերատիվ-հետախուզական գործունեություն: Բայց սկսելուց անմիջապես հետո նրանք, մեր կարծիքով, պետք է զուգահեռ դիմեն դատարան՝ թույլտվություն ստանալու համար: Եվ եթե դատարանը որոշի, թե հիմքերը բավարար չեն եղել նման միջոցառումներ ձեռնարկելու համար՝ պիտի ոչնչացվեն բոլոր նյութերը»: Ստացվում է, որ Սահմանադրությունը պիտի պահպանվի «հետին թվով»: Կոալիցիայի մնացած ուժերը վերապահումներ ունեին այս նախագծի վերաբերյալ: ՀՅԴ խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանն առանձնացրեց սահմանադրական իրավունքներն առանց դատարանի որոշման սահմանափակելու վերաբերյալ դրույթները. «Հենց դրանց են վերաբերում մեր դիտողությունները, որոնց ընդունմամբ ենք պայմանավորելու մեր քվեարկությունը: Պիտի առաջարկենք, որ այս առումով պահպանվեն միջազգային չափանիշները: Անգամ ԱՄՆ-ում, որտեղ «սեպտեմբերի 11»-ից հետո ընթացավ հասկանալի գործընթաց՝ որեւէ փորձ չարվեց ոտնահարելու քաղաքացիների իրավունքները: Մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացի պետք է վստահ լինի, որ իր անձնական կյանքը պաշտպանված է օրենքով»: ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի հետ զրույցից դատելով՝ ընդհանրապես է հարցական, թե այս օրենքը կընդունվի՞ առաջին ընթերցմամբ: Մեր հարցին, թե չի՞ կարծում, որ այս նախաձեռնությամբ օրինականացվում են ուժայինների կամայականությունները՝ պատասխանեց. «Ճիշտն ասած, խմբակցությունում էլ կա այդ խնդիրը եւ մեծ մասն ընդդիմախոսում են: Ես խնդրել եմ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահին, որ համադրի տարբեր երկրների նմանատիպ օրենքները եւ մեկ անգամ եւս վերլուծենք, քննարկենք: Եվ եթե առկա մտահոգությունները չփարատվեն՝ կաշխատենք փոփոխել օրինագիծը»: Միջանկյալ նկատենք՝ քննարկումներից ակնհայտ դարձավ, որ հիշատակված հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Պետրոսյանը չի տիրապետում այս օրենքին, քանի որ իրականությանը չհամապատասխանող պնդումներ էր անում, թե 13-րդ հոդվածը չունի 8-րդ մաս, կամ՝ որ չի գտնում այն հոդվածները, ըստ որոնց՝ նամակագրությունը վերահսկելու համար պետք չէ դատարանի որոշում: «Համենայն դեպս՝ հակված չեմ, որ եթե նույնիսկ դատարանի որոշմամբ իրականացվեն գաղտնալսումներ՝ դառնան հետաքննության կամ դատաքննության նյութ,- ասաց Գալուստ Սահակյանը:- Համակարգչային տեխնոլոգիաներն այնքան են զարգացել, որ կարելի է սարքել ցանկացա՛ծ նման նյութ»: Օրինագիծը խիստ քննադատության է ենթարկում նաեւ «Արդարություն»-ը: Վերնագրում մեջբերված գնահատականը խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանինն է, որին հարցրինք, թե արդյոք անգամ վատ օրենքը գերադասելի՞ չէ օրենքի բացակայությունից: «Օրենքն իրոք շատ կարեւոր է: Օպերատիվ-հետախուզական գործունեությունը պետք է կարգավորել օրենքով, որ չլինի այսօրվա վիճակը: Բայց ամրագրված մոտեցումները բոլորովի՛ն համարժեք չեն եւ կան այնպիսի դրույթներ, որոնք կասկածելի են դարձնում այդ օրենքի կիրառումը»,- պատասխանեց պրն Դալլաքյանը: Ի դեպ, արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը նշել էր, թե հեռախոսային խոսակցություններն առանց դատարանի որոշման գաղտնալսելը հակասահմանադրական չէ. «Եթե 2 հոգի խոսում են հեռախոսով՝ մեկը կարող է հետագայում իրենց խոսակցության մասին ցուցմունք տալ դատարանում: Նա իրավունք ունի բացահայտել իր եւ այլ անձի խոսակցությունը: Դա միանգամայն օրինական է, որեւէ դատարանի սանկցիա այստեղ անհրաժեշտ չէ: Ուստի եւ՝ նույն անձը կարող է ձայնագրել, համաձայնություն տալ ձայնագրելու այդ խոսակցությունը՝ ներկայացնելով սա որպես ապացույց: Սահմանադրությունը պաշտպանում է այդ երկու անձանցից անկախ ձայնագրումը, միջամտությունը»: Մեր հարցին՝ հիմնավո՞ր փաստարկներ են սրանք արդյոք՝ Վիկտոր Դալլաքյանը պատասխանեց. «Սահմանադրության 20-րդ հոդվածը որեւէ բացառություն չի նախատեսել՝ հեռախոսային խոսակցությունների ձայնագրման եւ նամակագրության հետ կապված խնդիրները պետք է կանոնակարգվեն միա՛յն դատարանի որոշմամբ: Եվ եթե արդարադատության նախարարը նման մոտեցում ունի, ապա պետք է փոխել ՀՀ Սահմանադրությունը»: Հավելենք Գրիգոր Հարությունյանի տեսակետը. «Սա մի շղթա է: «Զանգվածային լրատվության մասին» եւ նման օրենքներով, որոնք հերթականորեն ներկայացվում են՝ հաստատվում է բռնապետություն: Եվ այս օրենքը դրա օղակներից մեկն է»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել