Լրահոս
Օրվա լրահոսը

«ՍԱՌԵՑՎԱԾ» ԿԻՄԸ՝ ՍԴ-ՈՒՄ

Նոյեմբեր 21,2003 00:00

«ՍԱՌԵՑՎԱԾ» ԿԻՄԸ՝ ՍԴ-ՈՒՄ Կիմ Բալայանի՝ ՍԴ անդամ դառնալու դեմ բերվում է հիմնականում 3 փաստարկ՝ մեկն անլուրջ է, երկուսը՝ լուրջ: Սկսենք անլուրջից՝ պրն Բալայանը ղարաբաղցի է: Փաստարկը միանշանակ մերժելի է: Արդեն առիթ ենք ունեցել զարմանալու, թե ինչպես են միեւնույն ավանդույթները, կրոնը, մշակույթը եւ լեզուն ունեցող մարդիկ հակադրվում իրար՝ տեղայնական սկզբունքով: Սակայն Կիմ Բալայանի կուսակցական լինելու պարագան իսկապես պետք է խանգարեր նրան՝ դատավոր դառնալ: ՍԴ մասին օրենքի 3-րդ հոդվածում գրված է. «Սահմանադրական դատարանի անդամը չի կարող լինել որեւէ կուսակցության անդամ կամ զբաղվել քաղաքականությամբ»: Փաստորեն, ՍԴ-ի անդամի պաշտոնին հավակնելիս, պրն Բալայանն ասում էր խորհրդարանին. «Դուք ինձ ընտրեք ՍԴ անդամ, եւ դրանից հետո ես կհրաժարվեմ իմ կուսակցականությունից»: Ինչպե՞ս կարելի է հանուն ինչ-որ պաշտոնի՝ հրաժարվել սեփական կուսակցական համոզմունքներից: Իսկ եթե ԱԺ-ն պրն Բալայանին չընտրեր, նա հանգիստ խղճով կշարունակե՞ր իր քաղաքական գործունեությունը: Իսկ բովանդակային առումով կուսակցականը՝ թեկուզ կասեցված, կախակայած, սառեցված կամ նույնիսկ անդամահատված, մնում է կուսակցական: Կոնկրետ Կիմ Բալայանը ժամանակին բոցաշունչ ելույթներ է ունեցել հանրահավաքներում, կոչեր է արել իշխանությունը տապալելու, բարձրացել է, այսպես ասած, բարիկադների վրա: Երկուսից մեկը՝ կամ նա ձեւեր էր թափում, կամ էլ հիմա նույնպես, դատավոր լինելով, պահպանում է իր քաղաքական համակրանքներն ու հակակրանքները: Ոչ մի պրոֆեսիոնալ իրավաբան չի համաձայնի «կասեցված» կուսակցական կարգավիճակով դատավոր աշխատել: Երկրորդ լուրջ փաստարկն այն է, որ 1996 թվականի սեպտեմբերի 25-ին նա հանցագործություն է կատարել. մասնակցելով Ազգային ժողովի վրա գրոհին, նա անօգնական է թողել արյան մեջ կորած ԱԺ փոխնախագահ Արա Սահակյանին: Պրն Բալայանը հիմա պնդում է, որ իր նկատմամբ արդարացման վճիռ կա՝ բայց զարմանալիորեն չի հիշում, թե երբ եւ որ դատարանն է այդ վճիռը կայացրել: Չնայած բացառված չէ, որ այս պահին որեւէ դատարանում հետին ամսաթվով նման արդարացման վճիռ է «թխվում»: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել