Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՈՒՅՆ ԹՎԵՐԸ՝ ԳՈՒՄԱՐԱԾ ՊՈՊՈՒԼԻԶՄ

Նոյեմբեր 21,2003 00:00

ՆՈՒՅՆ ԹՎԵՐԸ՝ ԳՈՒՄԱՐԱԾ ՊՈՊՈՒԼԻԶՄ Դատելով 2004թ. բյուջեի նախագծից, մշակույթը եկող տարի թռիչքաձեւ չի զարգանա ՀՀ 2004թ. պետբյուջեի նախագիծը համարյա չի տարբերվում նախորդ տարվա բյուջեից, եթե չհաշվենք նրանում առկա հուզական-պոպուլիստական դրսեւորումները։ Օրինակ, կառավարությունը 2004թ. պետբյուջեի նախագծով խոստանում է այնպիսի քաղաքականություն վարել մշակույթի ոլորտում, որն ուղղված կլինի «մշակութային ժառանգության պահպանմանը, անհատի եւ հասարակության ստեղծագործական ներուժի դրսեւորմանը» եւ այլն։ Կամ՝ պետբյուջեի նախագծով նախատեսվում է «նպատակաուղղված ծրագրերի իրականացում, որը կնպաստի աղքատների ինքնամեկուսացման կանխմանը, մշակութային կյանքին նրանց մասնակցությանը եւ մշակութային ժառանգությանը աղքատների հաղորդակցվելու մատչելիության ապահովմանը»։ Թե ինչ է դա նշանակում՝ դժվար է ասել, բայց կարելի է ենթադրել, որ նպաստառուներին, միայնակ թոշակառուներին ու բազմազավակներին թոշակ-նպաստի, լոբի-ոսպի հետ միասին կտրվեն նաեւ օպերային թատրոնի տոմսեր։ Մշակույթի, տեղեկատվության եւ սպորտի բնագավառում ՀՀ 2004թ. պետբյուջեի նախագծով հատկացումները կազմում են 7479,2 մլն դրամ՝ նախորդ տարվա 6917,6-ի դիմաց։ Արդյունքում մշակույթի ոլորտի ոչ առեւտրային կազմակերպությունների աշխատողների աշխատավարձը կբարձրանա 17%-ով։ Կառավարությունը ուշացումով հիշել է նաեւ քայքայված գրադարանային համակարգի մասին ու 2004թ. նախատեսած միջոցներից 440,9 մլն դրամի չափով որոշել է ուղղել 16 գրադարանների վերականգնմանը, ՀՀ ազգային գրապալատին՝ սուբսիդիայի հատկացմանը։ Աշխատավարձի «աննախադեպ» բարձրացում է սպասվում գրադարանավարներին։ Բյուջեի նախագիծը հաստատվելու դեպքում նրանք 14161 դրամի փոխարեն կստանան մի ամբողջ 16569 դրամ։ Բախտը կժպտա նաեւ թանգարանների աշխատողներին՝ նրանց աշխատավարձը կաճի մինչեւ 16235 դրամ՝ նախորդ տարվա 13876-ի փոխարեն։ Բյուջեի նախագծով նախատեսված է 94,6 մլն դրամ էլ ուղղել «Տեղեկատվական-վերլուծական կենտրոն», «Ժողովրդական ստեղծագործության եւ արհեստագործության կենտրոն», «Երեւանի կենդանաբանական այգի» պետական ոչ առեւտրային կազմակերպությունների եւ «Արմենպրես» ՓԲԸ-ի կողմից տեղեկատվության պահպանման եւ արխիվացման գծով պետպատվերի իրականացմանը։ ՀՀ կառավարությունը որոշել է «թատերականացնել» 2004 թվականը. 1186,4 մլն դրամ կուղղվի թատերա-համերգային կազմակերպությունների սուբսիդիաների հատկացմանն ու մշակութային միջոցառումների իրականացմանը։ Թեեւ 2003թ. հայտարարված էր Խաչատրյանական եւ Նարեկացու «Մատյանի» 1000-ամյակի տարի, այդպես էլ աշխարհացունց միջոցառումների ականատես եւ ունկնդիր չեղանք։ Սակայն դա չի խանգարել, որ արվեստի գծով ծախսերը 2004թ. բյուջեի նախագծում պակասեն 130 մլն դրամի չափով, ինչը «հիմնավորված» է Ա. Խաչատրյանի 100-ամյակին եւ Գ. Նարեկացու «Մատյան ողբերգության» ստեղծագործության 1000-ամյակին նվիրված այս տարի անցկացված հոբելյանական միջոցառումներով։ 2004թ. պետբյուջեի նախագծով 3054,1 մլն դրամ կհատկացվի հեռուստահաղորդումներին։ Վերոնշյալ գումարը ուղղվելու է հեռուստաֆիլմերի արտադրության գծով պետպատվերի իրականացմանը, բնականաբար, Հանրային հեռուստաընկերության եւ ռադիոընկերության, Շիրակի հեռուստառադիոյի, Հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնի սուբսիդիավորմանը։ Ի դեպ, հեռուստահաղորդումների համար նախատեսված ծախսերը 2004թ. աճելու են 154,6 մլն դրամով (մասնավորապես, ՀՀ հաղորդումները արտասահմանում հեռարձակելու համար կծախսվի 56,9 մլն դրամ, իսկ Հայաստանի տարածքում բարձր որակ ապահովելու համար՝ 31,4 մլն դրամ)։ Աճել են ծախսերը նաեւ գրահրատարակչության ոլորտում։ Նախատեսված է 418,4 մլն դրամ։ Ենթադրում ենք, որ այդ գումարով հնարավոր կլինի եկող տարի «պետպատվերի տակ գցել» ավելի մեծ թվով ծանոթ-բարեկամների «գլուխգործոցների» տպագրությունը։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել