Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջան-Ղարաբաղը ամենաարդյունավետ ֆորմատն է»

Նոյեմբեր 22,2003 00:00

«Ադրբեջան-Ղարաբաղը ամենաարդյունավետ ֆորմատն է» ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը պատասխանում է «Առավոտի» հարցերին – Վերջին շրջանում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Արկադի Ղուկասյանը առավել հաճախ եւ վճռական հայտարարություններ է անում այն մասին, որ ԼՂՀ հակամարտության կարգավորման բանակցություններին անպայման պիտի մասնակցի Ղարաբաղը եւ որեւէ լուծում առանց Ղարաբաղի կամքի՝ անընդունելի է։ Ինչո՞վ եք բացատրում Ղարաբաղի այդ ակտիվացումը։ – Սա նորություն չի, միշտ էլ այդ հարցը եղել է, միշտ էլ Ղարաբաղը այդ բանն ասել է, մենք էլ ենք նույնն ասել։ Այնպես որ, որեւէ նոր բան չկա։ Մենք, իրոք, գտնում ենք, որ ուղիղ բանակցությունները՝ Ադրբեջան-ԼՂ, ամենաարդյունավետ ֆորմատն է։ – Ի՞նչ նոր առաջարկներ են սպասվում Մինսկի խմբի համանախագահներից։ – Կարծում եմ, նոր առաջարկներ չեն լինի, գրավոր առաջարկություն չի լինի, համանախագահները մտքեր կփոխանակեն նախագահների եւ Ղարաբաղի իշխանությունների հետ։ Միայն դրանից հետո, եթե զգան, որ կան ընդհանուր եզրեր, երեւի կփորձեն թղթի վրա որոշ բաներ դնել։ Համենայնդեպս, այս այցի ժամանակ (այցը սպասվում է դեկտեմբերին- Մ. Ե.) նոր առաջարկություն չի սպասվում։ – Այդ նոր մոտեցումների շրջանակը ձեզ համար մոտավորապես պա՞րզ է, դուք պատկերացնո՞ւմ եք, թե ինչ նորի մասին է լինելու խոսքը։ – Չէ, մենք մեր որոշ կանխագուշակումներն ունենք։ Համենայնդեպս, պետք է սպասել եւ լսել նրանց։ Նորից եմ կրկնում, ինչպես իրենք են պնդում, էական մեծ փոփոխություններ նախկինից չեն լինի, որոշ շեշտադրումների եւ մոտեցումների փոփոխություններ կարող են լինել։ – Ինչո՞վ եք բացատրում Ադրբեջանի կողմից հնչող ռազմաշունչ կոչերն ու հայտարարությունները։ Եթե ոչ վաղ անցյալում դրանք բացատրվում էին նախընտրական իրավիճակով, ապա այժմ այդ փուլը անցած է։ – Մենք բացասական վերաբերմունք ունենք այդ բոլորին, որովհետեւ դա հանրային կարծիք է ձեւավորում, որը հենց իրենց՝ իշխանությունների համար կարող է պարտադրող հանգամանք լինել։ Մեծ հաշվով, նման հայտարարությունները խոչընդոտում են բանակցություններին։ Հուսով ենք, որ նրանք կդադարեցնեն ու կկենտրոնանան գործընթացի վրա եւ ավելի կոնստրուկտիվ մոտեցում կցուցաբերեն։ – Դուք կարծում եք, որ Հայաստանում նախագահական եւ խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանի իշխանությունները բավարար ուժ կունենա՞ն մերժել համանախագահների այնպիսի առաջարկը, որը մեր սրտով չի լինի եւ չի բխի Հայաստանի շահերից, թե՞ ստիպված կլինեն ընդունել ցանկացած առաջարկ։ – Հայաստանը երբեք այդ ձեւով չի աշխատում։ Այն, ինչ հակասում է մեր շահերին, այն, ինչ անընդունելի է՝ անընդունելի է։ Եվ ես կարծում եմ, որ դրա շրջանակները բավական հստակ են բոլորի համար, նաեւ՝ համանախագահների եւ, հույս ունեմ, որ այն, ինչ կառաջարկվի՝ կլինի այդ շրջանակներում։ Հարցազրույցը՝ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԻ Եթե Ադրբեջան-ԼՂ ֆորմատն ամենաարդյունավետն է, ինչո՞ւ էին իշխանությունները 5 տարի աշխատում անարդյունավետ ֆորմատում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2003
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930