Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՃԱՌԵՐԻՆ ՀԱԿԱՌԱԿ

Նոյեմբեր 22,2003 00:00

ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՃԱՌԵՐԻՆ ՀԱԿԱՌԱԿ Կառավարությունը գտնում է, որ կարելի է օտար լեզու պարապել 30 հոգանոց դասարանում Կրթության եւ գիտության նախարար Սերգո Երիցյանը «Առավոտին» տված հարցազրույցում հավաստիացրեց, որ մինչեւ հունվար կրճատված ուսուցիչների թիվը կհասնի 4600-ի, որոնցից 3600-ը կրճատվել են մինչեւ այս տարվա սեպտեմբերի 1-ը, իսկ այժմ սպասվում է մոտ 1000 ուսուցիչների կրճատում: Ընդ որում բոլորը, օրենքի համաձայն, զգուշացվել են 2 ամիս առաջ: Մինչ օպտիմալացման ծրագրի ավարտը, այսինքն՝ մինչեւ 2005 թ., ըստ նախարարի, կունենանք ընդամենը 8-9 հազար կրճատված ուսուցիչ: Այսինքն՝ Ս. Երիցյանը կրկնում է մի քանի օր առաջ նախկին ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանի մեջբերած թվերը եւ հերքում է շրջանառվող այն լուրերը, որ այսօրվա դրությամբ արդեն կրճատված է 9000 ուսուցիչ: Վերջերս տեսակետներ են հնչել, որ Համաշխարհային բանկն ամենեւին էլ նման ռադիկալ կրճատումների պահանջ չի դրել եւ հավանություն չի տալիս Հայաստանում դպրոցների օպտիմալացման ծրագրի ընթացքին, որը նախատեսված է իր վարկային ծրագրով: Սերգո Երիցյանն ի պատասխան դրա նշեց, որ ՀԲ-ին դուր գալու կամ դուր չգալու խնդիր չկա. «Այն, ինչ տեղի է ունենում, քննարկումների արդյունքում ձեռքբերված բան է»: Մասնավորապես, վիճահարույց է օտար լեզուների ուսուցման դասարանների չկիսելու որոշումը: Չէ՞ որ օպտիմալացումը պետք է բարձրացնի, ոչ թե իջեցնի ուսուցման որակն ու ուսուցչի արտադրողականությունը: Այսուամենայնիվ, պրն Երիցյանը պնդում է. «Այս ծրագրի հետ կապված բոլոր սկզբունքների շուրջ է եղել քննարկումներ եւ՛ կառավարությունում, եւ՛ ՀԲ մասնագետների հետ: Եվ ՀԲ-ն համաձայն է առաջարկված բոլոր լուծումների հետ: Նախկինում օտար լեզուների դասարանների կիսումը կատարվում էր 25-ից ավելի աշակերտների դեպքում, հիմա՝ 31-ից սկսած: Քննարկումներում ասվել է, որ 25-ը ցածր թիվ է»: Այսինքն, ըստ պրն Երիցյանի, Համաշխարհային բանկը եւ կառավարությունը գտնում են, որ հնարավոր է օտար լեզու արդյունավետ պարապել 30 հոգանոց դասարանում: Բնական է, հետաքրքիր է այս հարցի շուրջ իմանալ ՀԲ-ի կարծիքը: Այդ կազմակերպության մամուլի կենտրոնից խոստացան, որ մասնագետների պարզաբանումները կտրամադրեն նոյեմբերի վերջին: Իսկ ինչ վերաբերում է կրճատված ուսուցիչների փոխհատուցման խնդրին, ապա պրն Երիցյանը նկարագրում է դրանց տարբեր ձեւերը, որ իրականացվելու են սոցապնախարարության միջոցով. միանվագ փոխհատուցում՝ 6 ամսվա աշխատավարձի չափով, հարակից մասնագիտությունների գծով վերամասնագիտացման աշխատանքներ, փոքր բիզնեսի հնարավորությունների տրամադրում, շահավետ պայմաններ՝ մասնավոր գործ սկսելու: ԿԳ նախարարը տեղեկացրեց նաեւ, որ կրճատված ուսուցիչների 27,3 տոկոսը կենսաթոշակային տարիքի է, 28 տոկոսը ոչ մանկավարժական կրթությամբ է, 6 տոկոսը համատեղող ուսուցիչներ էին: Սակայն դրանց կողքին կա ուսուցիչների 15 տոկոս, որ կրճատվել է, բառի բուն իմաստով, առանց որեւէ հիմնավորման. «մանկավարժական կրթություն ունեն, պարամետրերով համապատասխանում են, բայց այսպես թե այնպես կրճատվել են: 28 դեպք քննարկել ենք, վերականգնել ենք աշխատանքի»: Սակայն 28 դեպքը բավական հեռու է 3600-ի 15 տոկոսից: Նախարարին հարցրինք, թե նման դեպքերից խուսափելու համար արդյոք ճիշտ չէ՞ր լինի նախապես ատեստացիա անցկացնել. չէ՞ որ այսօր ուսուցչի ճակատագիրը մեծապես կախված է իր տնօրենից, իսկ այստեղ կամայականության տարրն անխուսափելի է: «Եթե ատեստացիա անցկացնեինք, սուբյեկտիվիզմը կարող էր ավելի էական լիներ: Իսկ ատեստացիան նաեւ մեծ ծախսերի հետ է կապված»: Պրն Երիցյանին հիշեցրինք նախընտրական շրջանում «Օրինաց երկրի» դիրքորոշումները կրթական համակարգի վերաբերյալ, եւ այն, թե որքան դեմ էին արտահայտվում ինքն ու իր կուսակիցները, մասնավորապես, օպտիմալացման ծրագրին: Նախարարն, ըստ էության, հաստատեց, որ դրանք եղել են զուտ պոպուլիստական կոչեր. «Իհարկե, քաղաքական գործիչը կարող է իր վերաբերմունքը արտահայտել: Ուրիշ է, երբ իրավիճակը փոխվում է եւ նա՛ է այն ուժը, որ պատասխանատվություն է ստանձնում. պաշտոնը ենթադրում է որոշակի պարտականություններ ու պարտավորություններ»: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել