Լրահոս
Օրվա լրահոսը

Իրականացավ Ա. Խաչատրյանի երազանքը

Նոյեմբեր 22,2003 00:00

Իրականացավ Ա. Խաչատրյանի երազանքը Նոյեմբերի 23-30-ը «Արամ Խաչատրյան» համերգասրահում կանցկացվի Արամ Խաչատրյանի անվան դաշնակահարների միջազգային մրցույթ։ Կազմակերպիչներն են Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, «Արամ Խաչատրյան-100» հիմնադրամը եւ ՀՀ մշակույթի նախարարությունը։ Երեկ այս առիթով հրավիրված մամլո ասուլիսում կազմակերպիչները լրագրողներին խորհուրդ տվեցին ժյուրիի անդամներին ու մասնակիցներին մոտենալ միայն ընդմիջումների ժամանակ, որպեսզի «լրագրողների ավելորդ ակտիվությունը միջազգային այս մրցույթում մեզ անհարմար վիճակի մեջ չդնի»։ Երեւանի պետկոնսերվատորիայի ռեկտոր, մրցույթի կազմկոմիտեի նախագահ Սերգեյ Սարաջյանը տեղեկացրեց, որ մասնակցում է 27 դաշնակահար՝ ոչ միայն Հայաստանից, այլեւ Հունաստանից, Վրաստանից, ՌԴ-ից, ԱՄՆ-ից, Ուկրաինայից եւ Բելգիայից։ Հայաստանը ներկայացնում են 15 հոգի՝ կոնսերվատորիայի ուսանողներ եւ շրջանավարտներ։ Մրցույթի մասնակիցները պարտադիր պետք է կատարեն երկու ստեղծագործություն՝ Արամ Խաչատրյանի «Տոկատը» եւ Դաշնամուրային կոնցերտը։ Արամ Խաչատրյանի անվան դաշնակահարների մրցույթը կգնահատի հեղինակավոր ժյուրին, որի կազմում են Վլադիմիր Կրայնեւը (նախագահ, ՌԴ), Հեմիշ Միլնը (Մեծ Բրիտանիա), Յուկո Յամաոկան (Ճապոնիա), Իգոր Յավրյանը, Անահիտ Ներսիսյանը, Էդուարդ Թոփչյանը՝ Հայաստանից։ Լրագրողներին հետաքրքրում էր Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղ. ղեկ եւ գլխ. դիրիժոր Էդ. Թոփչյանի ներկայությունը ժյուրիի կազմում, ինչը Ս. Սարաջյանը հիմնավորեց այսպես. «Միշտ էլ նման մրցույթներում դաշնակահարներից բացի դիրիժորներ են եղել։ Պատճառն այն է, որ դաշնակահարներն ավելի խիստ են գնահատականներում, իսկ դիրիժորները լայն հայացքով են մոտենում դաշնակահարներին»։ Ս. Սարաջյանը տեղեկացրեց, որ Հայաստանում առաջին անգամ անցկացվող միջազգային մրցույթին ներկա կլինի նաեւ Արամ Խաչատրյանի որդին՝ Կարեն Խաչատրյանը, որից ֆաքս է ստացվել այն մասին, որ «վերջապես իրականացավ Արամ Խաչատրյանի երազանքը՝ իր անունով մրցույթի անցկացումը Հայաստանում»։ Պարոն Սարաջյանը հույս հայտնեց, որ մրցույթը ավանդական կդառնա, հաջորդ տարիներին էլ կանցկացվեն ջութակահարների, թավջութակահարների, կոմպոզիտորների ու դիրիժորների մրցույթներ։ Հարցին՝ թե որքանո՞վ օբյեկտիվ կլինի ժյուրիի գնահատականը եւ արդյոք հնարավոր կլինի՞ այն բողոքարկել, մրցույթի կազմկոմիտեի նախագահը պատասխանեց. «Ժյուրիի գնահատականը ենթակա չէ փոփոխման։ Բացի դրանից, միշտ էլ հնարավոր չէ ի սկզբանե երաշխավորել, որ չեն գտնվի այս կամ այն մրցույթի արդյունքներով չբավարարված մասնակիցներ»։ Ասուլիսին ներկա «Արամ Խաչատրյան-100» հիմնադրամի գործադիր տնօրեն Հրաչյա Խաչատրյանից (որը մինչեւ վերջերս մշակույթի նախարարի խորհրդականն էր) լրագրողները դժվարությամբ պարզեցին (Հ. Խաչատրյանը շարունակ խուսափում էր հարցին պատասխանելուց), որ մշակույթի նախարարությունը մրցույթի անցկացման համար տրամադրել է 46 մլն դրամ։ Մնացած անհրաժեշտ գումարը կազմակերպիչները հայթայթել են «ԱրմենՏելից», Կոնյակի գործարանից եւ այլ կազմակերպություններից։ Արդյունքում՝ առաջին մրցանակը ստացող դաշնակահարը կպարգեւատրվի 15000 դոլարին համարժեք դրամով, երկրորդ եւ երրորդ մրցանակակիրները համապատասխանաբար կստանան 10 եւ 5 հազար։ Նախատեսված է նաեւ երեք խրախուսական մրցանակ՝ 2000-ական դոլարին համարժեք դրամ։ Ի դեպ, համերգներով հետաքրքրվող երաժշտասերները կարող են տոմսերը ձեռք բերել սիմվոլիկ գումարով՝ 100-200 դրամով, իսկ գալա համերգի տոմսերը կարժենան մինչեւ 2000 դրամ։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2003
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930