Լրահոս
Օրվա լրահոսը

«ԴՐՈ» ԳՈՐԾԻ ԷՋԵՐԻՑ

Նոյեմբեր 29,2003 00:00

«ԴՐՈ» ԳՈՐԾԻ ԷՋԵՐԻՑ «27»-ի գործի մասին ընդդիմությունը միշտ ասում է, թե այն կբացահայտվի իշխանափոխությունից հետո: Մինչդեռ մի շարք նախկինում հնչեղ քրգործերի ճակատագիրը պիտի որ ապացույց դառնար, որ փակված էջերն այլեւս չեն բացվում: Ամենաակնառու օրինակը «Դրո» խմբի գործն է: Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանության օրոք ընթացած այս գործի դատավարության ընթացքում քննվեց միայն կատարվածի քրեական կողմը՝ սպանությունները եւ այլն: Սակայն բաց մնաց գլխավոր հարցը, թե ով էր իրականում ղեկավարել «Դրո» խմբի դաշնակցական անդամներին: ՀՅԴ-ն ինքն էլ ներքին հետաքննություն անցկացրեց, որի հետեւանքով կուսակցությունից հեռացվեցին մի շարք անձինք: Այժմ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն այն ժամանակ դատարանում ցուցմունքներ էր տալիս, թե իրականում բացահայտված չեն «Դրո»-յի վարչության անդամները, եւ անթաքույց ակնարկներ էր անում, թե ովքեր են այդ մարդիկ: «Դրոյի» գործը քննող դատավորը՝ Էդուարդ Մանուկյանն այն ժամանակ մեզ ցույց տվեց մի հրաման, որում թվարկված էին Հրանտ Մարգարյանի ակնարկած անձինք, որոնք բացակայում էին Հայաստանից, իսկ հայտնվելու դեպքում՝ պիտի անպայման հարցաքննվեին: Իշխանափոխությունից հետո նրանցից ոմանք վերադարձան Հայաստան, սակայն որեւէ մեկն այլեւս չանհանգստացրեց նրանց: Այդ ցուցակի մեջ էր, ասենք, լիբանանահայ, Շուշիի գնդի նախկին հրամանատար, նախկին դաշնակցական Ժիրայր Սեֆիլյանը, որը մի անգամ մեր հարցին պատասխանեց, թե ժամանակը չի համարում «Դրո»-յի մասին խոսելը եւ պարզաբանելն այն հարցը, թե արդյոք ինքն իրո՞ք այդ խմբի վարչության անդամ էր: Մինչդեռ «Դրոյի» ղեկավար մարմնի մեջ նշվող մեկ այլ անդամ, որը ծածկանուն եւ կոդ ուներ՝ ՀՅԴ մամուլի տեղեկատու կենտրոնի նախկին ղեկավար, դարձյալ լիբանանահայ Վարդան Թաշճյանը չխուսափեց պատասխաններից: Հիշեցնենք, որ իշխանափոխությունից հետո նա վերադարձավ Ղարաբաղ: Սամվել Բաբայանի կողքին էր ու դատապարտվեց Արկադի Ղուկասյանի դեմ մահափորձի գործով, սակայն ազատ արձակվեց դատարանի դահլիճից: 2001-ի մարտից ի վեր դարձյալ բնակվում է Բեյրութում: Վերջերս մասնակցում էր Հայաստանի եւ Սփյուռքի լրատվամիջոցների 1-ին համաժողովին, քանի որ Վարդան Թաշճյանն այժմ խմբագիրն է Հայ Կաթողիկե պատրիարքարանի «Լուսամուտ» հեռուստածրագրի, որը արբանյակային կապով հեռարձակվում է նաեւ Հայաստանում: Արդեն 3-րդ տարին է՝ աշակերտական ամսաթերթ է հրատարակում Մեսրոպյան վարժարանում, ուր դասախոսում է: Բեյրութում հայերեն է դասավանդում արաբախոս հայերին: Մինչ այժմ էլ շարունակվում են քննարկումները, թե որքանո՞վ Սամվել Բաբայանն առնչություն ուներ ԼՂՀ նախագահի դեմ մահափորձին՝ արդյոք իրոք կազմակերպիչն էր, թե՞ միայն գիտեր նախապատրաստվող հանցագործության մասին ու չէր հայտնել: Ուստի Վարդան Թաշճյանի հետ զրուցեցինք նախ այդ գործի վերաբերյալ: «Ճանաչել եմ Սամվելին մի ժամանակահատված, որն այդքան էլ երկար չէր,- ասաց նա:-Ամեն դեպքում՝ իմ ստանձնած պարտականությունների ուղղությամբ ինչքան որ շփվել եմ ու ծանոթ եմ իր մտածելակերպին՝ ինձ անհավատալի էր թվում, որ Սամվելն այդ մեղադրանքով կդատապարտվի ու կբանտարկվի Ղարաբաղում»: Հիշեցրինք, որ իր անունը շոշափվում էր նաեւ «Դրո» գործի առնչությամբ, իբրեւ այդ խմբի ղեկավար մարմնի անդամ: Վարդան Թաշճյանն ի պատասխան միայն ասաց. «Թե ի՜նչ է «Դրոն», թե ի՜նչ է դրա վարչությունը՝ ես տեղյակ չեմ բացարձակապես: Այն ձեւով, ինչ խոսվում է «Դրոյի» մասին՝ սկսած դատարանից մինչեւ մամուլ՝ ընկալելի չէ, չի հասնում իմ հասկացողությանը»: Հարցրինք, թե մտերի՞մ էր «Դրո» գործի համար մահապատժի դատապարտված (այն փոխարինվեց ցմահ բանտարկությամբ) Արսեն Արծրունու հետ, եւ եթե այո՝ ինչպե՞ս է վերաբերվում այն լուրերին, թե նա համագործակցում էր գաղտնի ծառայությունների հետ: «Արսենի հետ ծանոթություն կար, կարելի է ասել նաեւ՝ մտերմություն: Դա գալիս էր հավանաբար նրանից, որ Լիբանանից էինք եկել: Այդ տարիներին քիչ էին այստեղ լիբանանահայերը,- պատասխանեց Վարդան Թաշճյանը:- Ինչ վերաբերում է հարցի երկրորդ մասին՝ շատ թեզեր կարող են հայտնվել: Ինձ թվում է՝ անիմաստ է ամեն մի ենթադրության մասին կարծիք հայտնելը»: Արսեն Արծրունին հեռացվեց Դաշնակցությունից՝ վերոհիշյալ հետաքննության հետեւանքով: Փորձեցինք պարզել Վարդան Թաշճյանի կուսակցական ներկայիս կարգավիճակը՝ իրեն նույնպե՞ս հեռացրել են. «Տեղյակ չեմ: Ես կուսակցության ակտիվ անդամ եմ եղել: Հիմա ակտիվություն չունեմ Դաշնակցության մեջ: Իսկ թե հեռացրել են կամ ինչ են արել՝ հարցրեք այն մարմիններին, որոնք ընդունում են այդ որոշումները»: Փորձեցինք նաեւ պարզել, թե ինչպես էր ժամանակին հեռացել Հայաստանից: Այդ տարիների խիստ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը ժամանակին հայտնել էր մեզ, որ եթե Ժիրայր Սեֆիլյանը քննությունից թաքնվել եւ հեռացել էր Հայաստանից Վազգեն Սարգսյանի միջամտությամբ, ապա Վարդան Թաշճյանին օգնել էր հեռանալ Սամվել Բաբայանը: «Ես չեմ թաքնվել ոչ մի անգամ,- ասաց պրն Թաշճյանը:- Այն ժամանակ զբաղվում էի «Հայլուրով»՝ ՀՅԴ մամլո տեղեկատու կենտրոնով: Հետո, երբ այդ գործը փակվեց՝ անելիք չունեի Հայաստանում: Ուստի սովորական ձեւով վերադարձա Լիբանան»: Վարդան Թաշճյանը նաեւ ասաց, թե ուրախ կլիներ, եթե այժմ Հայաստանում իր համար աշխատանք լիներ. «Սիրում եմ էս երկիրը, ինձ դուր է գալիս այստեղ ապրելը»: Ըստ ամենայնի՝ վստահ է, որ Հայաստանում իրեն այլեւս չեն անհանգստացնելու եւ չեն տալու անդուր հարցեր: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել