Լրահոս
Օրվա լրահոսը

Կռվից հետո բռունցք չեն ճոճում

Նոյեմբեր 29,2003 00:00

Կռվից հետո բռունցք չեն ճոճում Վրացական փորձից հետեւություններ պիտի անեն երկուստեք Իշխանափոխությունը Վրաստանում որոշակի ակտիվություն է առաջացրել մեր ընդդիմության շարքերում՝ համենայնդեպս՝ հայտարարությունների եւ մեկնաբանությունների մակարդակով։ ԱԺ արտաքին հարաբերությունների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանի հետ զրույցում փորձեցինք հստակեցնել՝ ի վերջո, որոնք էին վրացական փորձի հետեւանքները Հայաստաի քաղաքական դաշտում։ Արմեն Ռուստամյանի կարծիքով, հայաստանյան ընդդիմության վերջին օրերի հայտարարությունները ապացուցում են, որ վրացական փորձն ազդել է. «Բայց այդ ազդեցությունը արհեստական է։ Այն խանդավառությունը, որ նկատվում է որոշ ընդդիմադիր գործիչների մոտ՝ անտեղի է։ Հիմա ամեն մեկը փորձում է իրեն հեռատես ստրատեգ երեւակայել եւ ասել, թե իբր ամեն ինչ ժամանակին շատ ճիշտ է նկատել, եւ ուրիշները սխալ են եղել, ուրիշներին են քննադատում։ Մեկը մյուսի վրա է փորձում բարդել այն ձախողումները, որ այդ պահին եղել են կամ հնարավոր է, որ լինեին։ Խորքային քննարկում չեն ուզում անել, չեն տեսնում այն օբյեկտիվ տարբերությունները, որ կային Վրաստանում եւ Հայաստանում եւ, փաստորեն, մտնում են զուտ քաղաքական շահարկումների փուլ։ Ու երբ փորձում են հայտարարել, թե իրենք կարող էին նույն բանն անել, պարզապես, մի դեպքում՝ ժողովուրդը հասունացած չէր, մյուս դեպքում՝ գործընկերն էր վատը, ապա սա, դժբախտաբար, խոսում է մեր մենթալիտետի մեջ առկա հիվանդության մասին։ Դրանով մենք հեռու չենք կարող գնալ։ Ի վերջո, պետք է սթափվել, կարողանալ զերծ մնալ նախապաշարումներից, շահարկումներից, քաղաքական նեղ կոնյունկտուրայից, ամբիցիաներից, նեղ անձնական շահերից եւ ռեալ գնահատել իրավիճակը թե՛ Հայաստանում եւ թե՛ ընդհանրապես տարածաշրջանում»։ Արմեն Ռուստամյանի կարծիքով, բոլորովին անտեղի է Հայաստանի ընդդիմության ակտիվացումը. «Անհասկանալի է իրենց խանդավառության նոր աստիճանը։ Կռվից հետո բռունցք չեն ճոճում»։ Ըստ ՀՅԴ ԳՄ ներկայացուցչի, «անբավարար է ընդդիմության քաղաքական եւ գաղափարական պոտենցիալը, որպեսզի դրանով իրենք կարողանային հանդես գալ որպես իրական այլընտրանք իշխանությանը։ Իսկ թե ինչու չեն ուզում սա խոստովանել, պարզ է՝ որովհետեւ դա իրենց ձեռնտու չէ։ Ավելի հեշտ է իրենց մեջ մեղավորներ գտնելը։ Բացի դրանից, ընդդիմությունը հասկանում է, որ հայաստանյան ընտրությունների մասին միջազգային դիտորդների կողմից չի եղել այնպիսի գնահատական, ըստ որի, ընտրությունների ժամանակ այնքան կեղծիքներ են տեղի ունեցել, որոնք կարող էին ազդել վերջնական արդյունքի վրա։ Դրանից բացի, նաեւ ժողովրդի ընկալումն է կարեւոր»։ Մեր հարցին՝ չէ՞ որ դեռ հիշվում են բազմահազարանոց հանրահավաքները, մի՞թե դա ժողովրդական ընդվզում չէր, արդյո՞ք ժողովուրդն ընկալում եւ ընդունում է այս իշխանությանը, Արմեն Ռուստամյանը «այո» պատասխանեց եւ հավելեց. «Ով ասաց, որ գործող նախագահը ընտրությունների ժամանակ որեւէ հենարան չի ունեցել։ Կարելի՞ է համեմատել Վրաստանի նախագահի կտրվածությունը ժողովրդից, որն արտահայտվում էր նրանով, որ վերջինս չէր կարողանում վերահսկել իրավիճակը։ Մի՞թե կարելի է նույն տրամաբանությամբ դատել մեր նախագահի մասին։ Ռոբերտ Քոչարյանը տիրապետում էր իրավիճակին, տնօրինում էր այդ իրավիճակը եւ, բացի դրանից, ուներ շատ լուրջ հենարան»։ Մեր հարցին՝ թե ո՞վ էր այդ հենարանը, պարոն Ռուստամյանը պատասխանեց հետեւյալ կերպ. «Իրեն սատարող բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք ապացուցեցին, որ լուրջ ընտրազանգված ունեն այս երկրում»։ Իսկ վրացական փորձից մի՞թե միայն ընդդիմությունը պիտի հետեւություններ անի, արդյո՞ք իշխանություններն այս դաշտում անելիք չունեն։ Պարզվում է՝ իշխանություններին եւս չէր խանգարի հետեւություններ անել։ «Այո, երկրում կան խնդիրներ, որոնք չեն լուծվում։ Եվ այդ խնդիրների լուծման ու դժգոհությունների առաջացման դինամիկան պետք է հասցնել դրականի»,- եզրափակեց Ա. Ռուստամյանը։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել