Լրահոս
Օրվա լրահոսը

«ՎԵՆԴԵՏՏԱՅԻ» ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆԽՎԵՑ

Դեկտեմբեր 02,2003 00:00

«ՎԵՆԴԵՏՏԱՅԻ» ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆԽՎԵՑ Երեկ ձերբակալվեց ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Գեւորգյանը։ «Առավոտի» տեղեկություններով նա ամիսներ շարունակ գտնվում էր իրավապահների ուշադրության կենտրոնում, լսվում էին նրա լարային եւ բջիջային հեռախոսները: Հեռախոսազանգերից մեկի ժամանակ էլ, ըստ մեր աղբյուրի, հայտնի էր դարձել, որ Ռ. Գեւորգյանը մտադրվել է պայթեցումներ իրականացնել: Շրջանառու լուրերից մեկն այն է, որ Ռ. Գեւորգյանը փորձել է պայթուցիկ սարք դնել ԱԺ ներկայիս պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ավտոմեքենայում, սակայն վերջինիս աչալուրջ թիկնապահների շնորհիվ դա նրան չի հաջողվել։ Մեկ այլ չճշտված պատմություն էլ կար. իբր Ռ.Գեւորգյանը 2 շաբաթ առաջ առեւանգել է Ս. Ալեքսանյանի հարազատներից մեկին։ Ըստ ՀՀ ոստիկանության տեղեկատվության վարչության երեկ մեզ տրամադրած տեղեկության՝ «նոյեմբերի 29-ին ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչության եւ Երեւան քաղաքի դատախազության աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում քրեական հետախուզության բաժին բերման է ենթարկվել 1954 թ. ծնված, նախկինում դատապարտված, «Ծաղիկ Ռուբո» մականվամբ Ռուբեն Բենիկի Գեւորգյանը։ Պարզվել է, որ վերջինս Երեւան քաղաքի մի շարք վայրերում մտադրվել էր պայթուններ կազմակերպել մեկ այլ քրգործով կալանավորված Գեւորգ Մանուկյանի եւ նրա հարազատների նկատմամբ։ Ոստիկանների պահանջով Ռ. Գեւորգյանը ներկայացրել է 3 հատ պայթեցնող սարքավորում, «Սիմենս-35» տեսակի ձեւափոխված բջջային հեռախոս»։ Ռ. Գեւորգյանը ձերբակալվել է սպանությունը կազմակերպելու մողադրանքով։ Գործը վարում է Երեւանի դատախազությունը։ Տեղեկացնենք, որ Գ. Մանուկյանի (նա ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի քրոջ որդին է) նկատմամբ հարուցված քրգործի դատաքննությունն այս օրերին ընթանում է Մալաթիա-Սեբաստիա համայնքների առաջին ատյանի դատարանում, Մանուկյանը մեղադրվում է Ռուբեն Գեւորգյանի եղբորորդու սպանության մեջ։ Ռ. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել