Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես շոուներ սարքելու խնդիր չունեմ»

Դեկտեմբեր 02,2003 00:00

«Ես շոուներ սարքելու խնդիր չունեմ» Շիրակի մարզպետ, ՀՅԴ անդամ Ռոմիկ Մանուկյանը չի ընդունում, որ իր եւ Գյումրիի քաղաքապետի կոնֆլիկտը անձնական կամ կուսակցական հիմք ունի: Ինչպես հայտնի է, Շիրակի մարզի դատախազությունում Գյումրիի 188 շենքի բացվածքի վաճառքի առիթով քրեական գործեր են հարուցվել քաղաքապետարանի մի շարք պաշտոնյաների դեմ։ Այս հարցի կապակցությամբ «Առավոտում» արդեն հրապարակվել են Գյումրիի քաղաքապետի պարզաբանումները: Երեկ «Առավոտին» պարզաբանումներ տվեց նաեւ Շիրակի մարզպետ Ռոմիկ Մանուկյանը: Նրա վստահեցմամբ, հիշյալ շենքի օրինական տերը մարզպետարանն է, քանի որ այն կառուցվել է ոչ թե համայնքի բյուջեով, այլ պետության աջակցությամբ: Իսկ նմանատիպ կառույցները, կառավարության որոշման համաձայն, տնօրինում է մարզպետարանը: Ռոմիկ Մանուկյանը պաշտոնը ստանձնելուց հետո հանձնարարել է այնտեղ տեղափոխել մարզպետարանի քաղաքաշինության եւ սոցիալական վարչությունները, սակայն պարզվել է, որ քաղաքապետարանը արդեն վաճառել է տարածքը: Հետո մարզպետը հարցի պարզաբանման համար դիմել է տնտեսական դատարան, որի ընթացքում քաղաքապետարանը ավագանու որոշմամբ հասցրել է վաճառել 2-րդ մասը եւս: Քանի որ Ռոմիկ Մանուկյանը ձեռքի տակ չի ունեցել դատարանի վճիռ, ուստիեւ գործը կասեցնելու համար դիմել է դատախազություն: «Եթե քաղաքապետն արդարացի է, չեմ հասկանում ինչո՞ւ է մտահոգվում: Եթե այդպես լիներ, դատախազությունը կուսումնասիրեր, հարցը կփակեր, մարզպետին էլ կպատասխաներ, թե, կներեք, ձեր տարածքը չէ»,- ասում է Ռոմիկ Մանուկյանը: Նրա հավաստմամբ, մարզպետարանը բացվածքը որեւէ անհատի վաճառելու մտադրություն ամենեւին էլ չի ունեցել, իսկ վարչություններն այնտեղ տեղափոխելու որոշումը կայացրել է նախկին մարզպետը: Մարզպետը վստահ է, Ռոմիկ Մանուկյանի պնդմամբ, եթե անգամ քրեական գործ հարուցելու հերթը իրենց հասնի (ինչում համոզված է Գյումրու քաղաքապետը), ինքը մտահոգվելու, հեռուստացույցերի առջեւ արդարանալու խնդիր չունի: Իսկ այն հարցին, թե արդյոք այս ամենը մարզպետ-քաղաքապետ անձնական թշնամանքի հետեւանք չէ՞, մարզպետը պատասխանեց, որ իրեն միշտ զարմացրել են նման մտքերը, եւ ցավալի է, որ դրանք անգամ «երեւաններին» են ներկայացրել: Կառավարության որոշումն իրականացնելը անձնական հարաբերությունների հարց չէ: «Ես ոչ բիզնեսմեն եմ, ոչ տարածքի կռիվ եմ մղում, ես ընդամենը պարտադրում եմ կառավարության որոշումն իրականացնել, այլ հարց է, որ որոշ մարդիկ այն որպես անձնական թշնամանք են ընդունում»,- վստահեցնում է Ռոմիկ Մանուկյանը: Մարզպետի բնորոշմամբ, եթե հարցը կուսակցական լիներ, կուսակցությունն այլ ձեւի պատասխաններ կտար: Իսկ ինչ վերաբերում է բնակարանների բաշխման գործընթացին, Ռոմիկ Մանուկյանի պնդմամբ, քաղաքապետարանը երկար ժամանակ ցուցակները իրենց չի տրամադրել եւ իրենք վերջնական ցուցակները ստացել են նախագահի՝ աջակցող հանձնաժողովի միջնորդությունից հետո: Ըստ մարզպետի, քաղաքապետարանի բաշխումների 15-20 տոկոսը կատարվել է ապօրինի, եղել են կրկնակի հատկացումներ, չներկայացողների անվան տակ 40-58 դուրս գրվածներ կան, հաշվառման կանգնած չեն, մահացածներ են: Մարզպետի հավաստմամբ, այս բոլոր տվյալները կան նախագահի՝ օժանդակող հանձնաժողովի մոտ: «Այնպես որ, ես շոուներ սարքելու խնդիր չունեմ, իսկ փոխարենը 119 համայնքապետեր ունեմ, որոնց հետ նորմալ աշխատում եմ. մեկին բացատրվում է օրենքի տառը, մյուսին՝ հասկացվում, երրորդին էլ՝ անվստահություն հայտնվում»,- ասում է մարզպետը: ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել