Լրահոս
Օրվա լրահոսը

ԻԼՀԱՄԸ ԲՈԼ-ԲՈԼ ԲՈՂՈՔԵՑ ԿՅԱՆՔԻՑ

Դեկտեմբեր 06,2003 00:00

ԻԼՀԱՄԸ ԲՈԼ-ԲՈԼ ԲՈՂՈՔԵՑ ԿՅԱՆՔԻՑ ՄԱԿ-ն ու ԵԱՀԿ-ն նրան ցավակցեցին ԵԱՀԿ-ում, ՄԱԿ-ում եւ միջազգային հեղինակավոր այլ կառույցներում ղարաբաղյան թեման շոշափելիս արտահայտությունների ընտրության հարցում սովորաբար չափազանց զգույշ են լինում: Համենայն դեպս, առնվազն վերջին տասը տարիների կտրվածքով դժվար է մտաբերել դեպքեր, երբ ՄԱԿ-ի ու առավել եւս՝ հակամարտության միջնորդ ինստիտուտի դեր ստանձնած ԵԱՀԿ-ի բարձրաստիճան պաշտոնյաները բացահայտորեն օգտագործել են «օկուպացված ադրբեջանական տարածքներ» արտահայտությունը: Ակնհայտ է, որ հայկական կողմը, միանգամայն օրինաչափորեն, նման փաստերը պետք է գնահատեր իբրեւ կողմնակալության դրսեւորում, ինչն անհամատեղելի է միջնորդի կերպարի հետ: «Օկուպացված ադրբեջանական տարածքներն իրոք անհանգստություն են առաջացնում, եւ անհրաժեշտություն կա խորը ուսումնասիրել, թե ինչ է այնտեղ կատարվում»: Այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպման ժամանակ Բաքվում հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, ՄԱԿ-ի թմրամիջոցների վերահսկողության եւ հանցավորության նախազգուշացման վարչության գործադիր տնօրեն Մարիա Կոստան: Բայց սա դեռ բոլորը չէ: Կոստան այս խիստ ուշագրավ հայտարարությունը կատարել է՝ արձագանքելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի այն մտահոգություններին, համաձայն որոնց «Լեռնային Ղարաբաղի չճանաչված հանրապետության տարածքով թմրանյութերի տարանցում է իրականացվում» եւ «հավանականություն կա, որ այնտեղ թմրանյութերի պլանտացիաներ, ինչպես նաեւ միջազգային ահաբեկիչների նախապատրաստման ճամբարներ կան»: Պաշտոնական Բաքվի այսօրինակ պնդումներն, իհարկե, ոչ մեկի համար նորություն չեն. վերջին տարիներին նման հարյուրավոր հայտարարություններ են եղել, սակայն միջազգային հանրությունը երբեւէ դրանց լուրջ չի վերաբերվել: Նորությունն այն է, որ այս անգամ ՄԱԿ-ը՝ հանձին իր գլխավոր քարտուղարի տեղակալի, անսպասելի եւ, ըստ էության, աննախադեպ հետաքրքրություն է հանդես բերել Իլհամ Ալիեւի հիշյալ «հայտնագործության» նկատմամբ: Ի մասնավորի, Մարիա Կոստան նաեւ նշել է. «օկուպացված տարածքներում բազմաթիվ քրեական միջադեպերի առկայությունը, այնտեղից թմրադեղերի փոխադրումը մտավախություն է առաջացնում մեզ մոտ: Կանխելու նպատակով այն բացասական դեպքերը, որ կարող են տեղ գտնել այդ տարածքներում, մենք կուզենայինք այնտեղ համապատասխան ստուգումների թույլտվություն ստանալ ոչ միայն Ադրբեջանից, այլեւ Հայաստանից»: Ինչ՞ պատահեց: Ինչու՞ ՄԱԿ-ում հանկարծ հավատացին Ադրբեջանի հերթական քարոզչական հնարքին եւ արդյո՞ք պատահական է, որ այս ամենը տեղի է ունենում Մինսկի խմբի համանախագահների՝ տարածաշրջան կատարած այցի օրերին: Սրանք հարցեր են, որոնք լուրջ խորհրդածության տեղիք են տալիս եւ որոնց պատասխանը, բնականաբար, այսօր Երեւանում գտնվող համանախագահները չեն տալու: Պարզ է մի բան. պաշտոնական Երեւանի դիվանագիտական հոգսերին այսուհետ ավելանալու է եւս մեկը՝ ապացուցել աշխարհին, որ Ղարաբաղում թմրատարանցում կամ միջազգային ահաբեկիչներ չկան: Պարզ է նաեւ, որ հայկական կողմը որոշակի գին պետք է վճարի՝ իրեն հավատալու դիմաց: ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ Հ.Գ. Երեկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռուդոլֆ Պերինայի (ԱՄՆ), Անրի Ժակոլենի (Ֆրանսիա) եւ Յուրի Մերզլյակովի (ՌԴ), ինչպես նաեւ Ռուսաստանի առաջին փոխարտգործնախարար Վյաչեսլավ Տրուբնիկովի հետ հանդիպման ընթացքում դժգոհություն է հայտնել նրանց գործունեության առնչությամբ: «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ապարդյուն գործունեությունն արդեն այդ կազմակերպության նկատմամբ անվստահություն է ստեղծել ադրբեջանական հասարակայնության շրջանում»: Սակայն, ավելացրել է Ադրբեջանի նախագահը, «մենք շարունակում ենք հուսալ, որ ի վերջո Մինսկի խմբի գործունեությունն իր արդյունքը կտա, քանի որ այդ կազմակերպությունը միակ կառույցն է, որն անմիջականորեն զբաղվում է ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ: Այսօր բոլորն աշխարհում խոսում են մարդու իրավունքները պաշտպանելու անհրաժեշտության մասին, սակայն, դժբախտաբար, բոլորն աչք են փակում Ադրբեջանի մեկ միլիոն քաղաքացիների վրա, որոնք փախստական են դարձել հայկական ագրեսիայի հետեւանքով»,- հայտարարել է Իլհամ Ալիեւը: Ադրբեջանի ղեկավարն ընդգծել է, որ ստեղծված իրավիճակը Հայաստանի ոչ կառուցողական դիրքորոշման հետեւանք է: Ի.Ալիեւը հույս է հայտնել, որ միջազգային հասարակայնությունն ազդեցություն կգործի Երեւանի նկատմամբ, ինչը թույլ կտա վերականգնել արդարությունն ու Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, եւ հայրենի օջախները վերադարձնել փախստականներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել