Լրահոս
Օրվա լրահոսը

Չհամեմատվե՛ք

Դեկտեմբեր 06,2003 00:00

Չհամեմատվե՛ք Հրապարակել էինք, որ վարչապետը շահագործում է վարկային ծրագրի միջոցներով գնված «Landcruiser» ավտոմեքենա: Վարկային միջոցներով գնված մեքենա էր շահագործում նաեւ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարը, սակայն վերադարձրեց մեկ ամիս անց եւ գնեց 60-70 հազար դոլարանոց BMW: «Առավոտի» խնդրանքով մեկնաբանելով այս փաստերը՝ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ասաց. «Կարող եք հետաքրքրվել կառավարության աշխատակազմից՝ ե՛ւ իմ, ե՛ւ նախարարի մեքենաները գնված են բյուջեի միջոցներով»: Մեր հարցին՝ որքանո՞վ է ճիշտ, որ իր, նախարարների, մաքսային կոմիտեի պետի, Կենտրոնական բանկի նախագահի կամ Երեւանի քաղաքապետի համար մինչեւ 100 հազար դոլար արժողության մեքենաներ են ձեռք բերվում բյուջեի միջոցներով՝ այն դեպքում, երբ զոհված զինվորների ծնողներին միայն 1000-ական դրամ նպաստ է հատկացվում՝ վարչապետն ասաց. «Կառավարության որոշմամբ զիջեցինք մինչեւ 2002-ի դեկտեմբերի 1-ը էլեկտրաէներգիայի ամբողջ պարտքը, այսինքն՝ այդպես չէ, թե զոհվածների ծնողների նկատմամբ ուշադրություն չենք դարձնում եւ չենք լուծում նրանց խնդիրները: Չէի ցանկանա համեմատության մեջ դնել նախարարի գնած մեքենայի եւ թոշակառուի ակնկալած գումարները: Բացի այդ՝ ի՞նչ է, ցանկանում եք, որ նախարարները եւ մյուսները ման գային այնպիսի մեքենաներով, որոնք ժամանակ առ ժամանակ կանգնո՞ւմ են ճանապարհին: Իմ մեքենան բազմիցս կանգնել է մարզեր գնալու ճանապարհներին՝ անսարքության պատճառով: Դա այն մեքենան էր, որ դեռ Կրյուչկովն էր նվիրել Լեւոն Տեր-Պետրոսյանին: Ուղղակի այլեւս հնարավոր չէր շահագործել այն, ուստի անցած տարի գնեցինք այս մեքենան: Ընդամենը մեկ հանրապետության նախագահ, ԱԺ նախագահ եւ վարչապետ ունենք, 16 նախարարներ եւ պետությունը պարտավոր է նրանց աշխատանքի համար ստեղծել գոնե մի փոքր նորմալ պայմաններ: Դրանք ուղղակի անհամեմատելի են այլ երկրների նման պաշտոնյաների ստացածի եւ պայմանների հետ, այնպես, ինչպես անհամադրելի են նրանց եւ մեր քաղաքացիների ստացած աշխատավարձերը եւ թոշակները»: Նկատեցինք, որ պետությունը պարտավոր է կենսագործունեության նորմալ պայմաններ ապահովել իր բոլո՛ր քաղաքացիների, եւ ոչ միայն բարձրաստիճանների համար եւ վարչապետը համաձայնեց. «Այո՛: Բայց երբեք չի կարելի ընդամենը 16-20 հոգու համար զուտ աշխատանքային եւ ոչ շքեղության նշանակություն ունեցող մեքենաները հակադրել թոշակառուների կամ երկրում եղած աղքատների թվաքանակի կամ ստացած գումարի հետ»: Ա. Ի. Հ. Գ. Հիշեցնենք, որ ժամանակին վարչապետ Հրանտ Բագրատյանը ստիպված էր լինում ԱԺ-ին բացատրություն տալ, թե ինչ փողերով է ծխում «Մարլբորո»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2003
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031