Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՐԺԵԼ՝ ՎԿԱՅԱԿՈՉԵԼՈՎ ԺՈՂՈՎՐԴԻՆ

Դեկտեմբեր 06,2003 00:00

ՄԵՐԺԵԼ՝ ՎԿԱՅԱԿՈՉԵԼՈՎ ԺՈՂՈՎՐԴԻՆ Սա է, հավանաբար, Ղարաբաղյան խնդրի շուրջ բանակցությունները տապալելու ամենահեշտ ճանապարհը Ինչպես Քի Ուեսթից հետո՝ 2001-ի ապրիլին, այսօր էլ նույն Դաշնակցությունն է զբաղված ԼՂ հիմնախնդրի լուծման պատասխանատվությունից Ռոբերտ Քոչարյանին ապահովագրելու խնդրով: Եվ ոչ միայն նրան, այլեւ՝ ինքն իրեն, որովհետեւ հենց այս ուժերն են պատասխանատու 98-ի պալատական հեղաշրջումից հետո ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցություններում Հայաստանի դիրքերը հետեւողականորեն թուլացնելու, հիմնախնդիրը ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքից հայ-ադրբեջանական տարածքային վեճի հարթություն տեղափոխելու համար: Հիշեցնենք, որ Քի Ուեսթից առաջ էլ իշխանությունները մտածված կերպով որոշակի լրահոս թողեցին այն տարբերակի մասին, որը քննարկվելու էր ԱՄՆ-ում: Քաղաքական ուժերի մակարդակով տեղի ունեցած քննարկումները տեղափոխվեցին ԶԼՄ-ներ, խոսվեց հատկապես Մեղրիի տարբերակի մասին: Ընդ որում, այն ժամանակ այս հարցն այնքան լուրջ քննարկման առարկա էր դարձել, որ չսպասելով Ռ. Քոչարյանի վերադարձին, կրկին ՀՅԴ-ի նախաձեռնությամբ, 2001-ի ապրիլի 7-ին ԱԺ փակ դռների ետեւում տեղի ունեցան լսումներ ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ, որի ընթացքում որոշվել էր համատեղ հայտարարություն ընդունել, բայց հետո այդ մտադրությունից հրաժարվել էին՝ նպատակահարմար գտնելով սպասել բանակցությունների ավարտին: Սրան հետեւել էր «Երկրապահի», «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության հայտարարությունները, իսկ արդեն ապրիլի 13-ին Ռ. Քոչարյանն էր այցելել ԱԺ՝ խմբակցությունների նախագահներին հանդիպելու եւ Քի Ուեսթում տեղի ունեցած բանակցությունների վերաբերյալ տեղեկություններ տալու, ԼՂ հակամարտության կարգավորման առնչությամբ առանձին հարցեր քննարկելու համար։ Իսկ ապրիլի 28-ին ամպրոպի նման ժայթքել էր ՀՅԴ-ի գլխավորությամբ ԱԺ խումբ-խմբակցությունների արած հայտարարությունը՝ «ոչ մի թիզ հող՝ թշնամուն» մոտիվներով. «Մեզ համար Արցախյան հիմնախնդրի կարգավորման ընդունելի սկզբունքներն են՝ Հայաստանի հետ ԼՂ միավորումը կամ նրա անկախ կարգավիճակի միջազգային հաստատագրումը, ԼՂՀ անվտանգությունը երաշխավորող ՀՀ-ԼՂՀ ընդհանուր սահմանի ապահովումը։ Բանակցությունների ընթացքում Հայաստանի որեւէ տարածք խնդրո առարկա չի կարող դառնալ, իսկ կոմունիկացիոն հնարավոր որեւէ կապ չի կարող լինել Հայաստանի հողային ամբողջականության կամ ինքնիշխանության հաշվին»: Իսկ քաղաքական ուժերի եւ հասարակության մերժողական վերաբերմունքը հրամցվեց միջազգային հանրությանը՝ ապահովելով խնդրի լուծման ձգձգումը: Ահավասիկ այսօր, երբ տարածաշրջանի երկրներում ընտրություններն, ըստ էության, արդեն ետեւում են, միջազգային հանրությունը վերսկսել է զբաղվել Ղարաբաղի խնդրով: Հիմա Դաշնակցությունն ու Ռ. Քոչարյանը կրկին փորձեր են անում խորհրդարանական փակ նիստեր անցկացնել, լրահոս անել, հանրաքվե անցկացնել՝ ԼՂ կարգավորման խնդրում սեփական ձախողումները փաթաթելով ժողովրդի վզին, պարտադրելով կիսել այն անհաջողությունները, որոնք իշխանությունները հասել են հայդատական, պահանջատիրական քաղաքականության արդյունքում: 98-ից հետո Ադրբեջանն օգտվեց առիթից ու երկար ժամանակ հայ-ադրբեջանական տարածքային վեճի եւ «դեմ առ դեմ» հանդիպումների ոլորտ Հայաստանին ներքաշելուց, ագրեսոր ճանաչելուց հետո Ռ. Քոչարյանին պարզապես «քցեց»՝ Իլհամ Ալիեւի շուրթերով հայտարարելով, թե նրա հետ հանդիպումներն անպտուղ են եւ անհեռանկար: Այս ֆոնի վրա է, որ ՀՅԴ խմբակցության ղեկավար, ԱԺ պատգամավոր Հրայր Կարապետյանը հայտարարում է, թե «չի բացառվում, որ այս խնդրի լուծումը վերջնական տարբերակով դրվի հանրաքվեի», որովհետեւ, հասկանո՞ւմ եք՝ «առանց ժողովրդի կամքը հաշվի առնելու, որեւէ լուծում Հայաստանի կամ Լեռնային Ղարաբաղի իշխանությունները չեն կարող տալ»: Բայց նրա մեկ այլ հայտարարություն պարզապես ցնցող է. «Դաշնակցությունը կընդունի հանրաքվեով անցած տարբերակը՝ եթե անգամ դա փուլային կարգավորում լինի»: Մնում է հարցնել հարգարժան դաշնակցականներին, իսկ գուցե 98-ին մինչեւ հեղաշրջում անելն ու Լեւոն Տեր-Պետրոսյանին Ղարաբաղը ծախելու մեջ մեղադրե՞լն արժեր նրա առաջարկած «փուլային» տարբերակը դնել համաժողովրդական հանրաքվեի: Գուցե ժողովուրդն այդ տարբերակն այն ժամանակ կընդուներ եւ ոչ թե հիմա, երբ խոսքն արդեն ոչ միայն ԼՂ-ն կորցնելու, այլ՝ ՀՀ տարածքային ամբողջականության հարցն է բանակցությունների սեղանին: Թող որ իշխանություններն այդ ամենին դիվանագիտական ձեւակերպումներ են տալիս: Խնդրի էությունը դրանից իրականում չի փոխվում: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2003
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031