Լրահոս
Օրվա լրահոսը

15 տարում ավելի քի՞չ են կառուցել, քան 7 տարում

Դեկտեմբեր 09,2003 00:00

15 տարում ավելի քի՞չ են կառուցել, քան 7 տարում Պաշտոնական աղբյուրները վերջերս հավաստել են, որ 1988 թ. երկրաշարժից հետո, «անցած 15 տարվա ընթացքում» անաձորում կառուցվել է 469 շենք՝ 5131 բնակարանով։ Նույն աղբյուրները նաեւ հավաստում են, որ «1988թ. երկրաշարժի հետեւանքով Վանաձորում անօթեւան մնաց 5415 ընտանիք, եւ, ըստ այդմ, ստացվում է, որ այնտեղ բնակարանաշինության խնդիր չկա, մանավանդ որ «հերթացուցակում մնացել է 225 ընտանիք»։ Հիշեցնենք, որ 1989թ. նախատեսված է եղել կառուցել 13 հազար բնակարան։ (Այդ մասին մանրամասն տեղեկատվություն կա 1989թ. կիրովականյան պաշտոնական մամուլում)։ Ենթադրելի է, որ այն ժամանակ այդ հաշվարկը արվել է քանդված եւ քանդման ենթակա բնակելիների, ինչպես նաեւ անօթեւան ընտանիքների քանակից ելնելով։ Եթե նախատեսված 13 հազարից կառուցվել է ընդամենը 5131 բնակարան, ինչպե՞ս է, որ հերթացուցակում ընդամենը 225 ընտանիք է մնացել։ Հարկ է նաեւ հիշատակել, որ 1995թ. պաշտոնական աղբյուրները վկայել են, թե մինչ այդ հանձնվել է 5340 բնակարան։ Եթե այդ թիվը համեմատենք այժմ հրամցվող պաշտոնական վիճակագրության հետ, կստացվի, որ մինչեւ 1995թ. (յոթ տարվա ընթացքում) հանձնված բնակարանների թիվն ավելի մեծ է, քան 15 տարվա ընթացքում հանձնվածները (չարաբաստիկ 5131)։ Հակված ենք կարծելու, թե թվային անհամաչափ, իրարամերժ տվյալները սկսվել են 1998թ., երբ Լոռու մարզպետարանի կողմից հապշտապ հրապարակված մի տեղեկագիր աշխարհով մեկ ազդարարեց, թե «Մինչեւ 1998թ. Վանաձորում կառուցվել եւ ամրացվել է 5281 բնակարան»։ Տեղեկագիր հրատարակողները գոնե մի փոքր հետ՝ անցյալի պաշտոնական թվերին չէին նայել։ Եթե իսկապես բնակարանների հերթացուցակում (երկրաշարժի հետեւանքով կորցրած բնակարանների) մնացել է 225 ընտանիք, ուրեմն շատ-շատերը հոգնել են սպասելուց ու արտագաղթել, շատերը՝ մահացել։ Միաժամանակ հարց է ծագում. մի՞թե աղետի հետեւանքները վերացնելուց հետո այլեւս բնակարանաշինության խնդիր չկա. հակառակ դեպքում՝ ինչպե՞ս են նոր ընտանիքներ ստեղծվելու։ Հավանաբար, 15 տարվա ընթացքում 1 ընտանիքը կարող էր աճել եւ տրոհվել մի քանի նորաստեղծ ընտանիքների։ Ի դեպ, շուրջ 80 բնակելի շենքեր Վանաձորում ենթակա են ամրացման եւ մինչեւ պետությունը կմտածի դրանք ամրացնելու մասին, տեղական «գործարարները» դրանց հիմքերը խարխլում, շինարարական ձեւափոխություններ են կատարում ըստ նպատակահարմարության՝ օգտվելով տվյալ տարածքի նկատմամբ վարձակալի կամ սեփականատիրոջ իրենց իրավունքից։ ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Վանաձոր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել